Սուրեն Սարումյան. Պապի ու տատի հինգ կերպարանքները - Mediamax.am

2836 դիտում

Սուրեն Սարումյան. Պապի ու տատի հինգ կերպարանքները


Լուսանկարը`


Երբ երիտասարդ ու գեղեցիկ պապս, իր մոխրագույն ձին հեծած, եկավ տատիկիս կին առնելու, աշխարհում անվերջանալի թվացող խաղաղություն էր, տատիկիս ձեռքերը հարթ էին ու վարդագույն՝ ասես նորահաս կեռասի կեղևը, իսկ հրդեհներ ծնելու ունակ կայծերը փայլում էին նրա հպարտ ու անհնազանդ աչքերում:

 

Երբ աշխարհ եկան նրանց չորս զավակները, տատիկիս հպարտ աչքերի՝ սեր ու ջերմություն դարձած կայծերը հուրհրացին պապիս տան հյուրընկալ օջախում, իսկ պապիկիս ձեռքերի ջղերը պրկվեցին ճոպանների պես, որովհետև այդ ձեռքերով ու առատորեն թափվող քրտինքով պիտի վաստակեր իր զավակների արդար հացը: Թոնրի, անարատ կաթի, մեղրի ու դարչինի  բուրմունքով մեր մեծ պատշգամբը լցնող հացը:

 

Երբ աշխարհ եկանք մենք՝ պապիկիս ու տատիկիս թոռնիկները, նրա քնքշանքով լի աչքերի կայծերում սովորեցինք  կոնֆետների գունագեղ թղթերի փայլ, ծիրանի ու դեղձի արևահոտ չիրերի դեղինը ու մայրական սիրո անսահման տիեզերքը տեսել: Իսկ լուսաբացի հետ տնից գնացող և գյուղն օղակող լեռների վրա ծույլ-ծույլ շուլալվող մթության հետ վերադարձող պապս դարձավ հեքիաթային հսկա: Նրա շորերը սկսեցին բուրել անտառների ու ձորերի անհաղորդելի հոտով, նրա ձայնի ելևէջներում, նրա շորերի շրշյունի  մեջ սկսեցինք  լսել թավամազ արջերի ոտքերի տակ փշրվող խաշամի խշշոցը, ինչ-որ մթին թավուտում պարպված հրացանների ձայնն ու շնչակտոր շների հաչոցը:

 

Երբ գյուղն օղակող լեռների վրա սելավի ծանրությամբ ընկավ պատերազմը, տատիկիս աչքերի կայծերում տագնապ ու մագաղաթի պես մաքուր, մագաղաթի պես կնճիռներով պատված նրա ձեռքերի դողը նկատեցինք: Պապս դարձավ իր սիրած լեռների պես կոշտ ու  անհողդողդ և իր մոխրագույն ձիով թշնամու թիկունքում գտնվող ջոկատի մարտիկներին զենք ու զինամթերք հասցրեց:

 

Երբ իր սիրած լեռների գագաթների պես հպարտ, իր սիրած աղբյուրների ջրի պես մաքուր, իր սիրած երկրի մարդկանց պես արդար ու բարի պապս, մոխրագույն ձին հեծած, անէացավ  տարիների մշուշում, տատիկիս հպարտ աչքերում  հուրհրացող կայծերի փոխարեն  մոխիր ու անամոք մենություն տեսանք:

 

Հիմա, երբ աշխարհի ամենից բարի ու գեղեցիկ կինը՝ իմ Համեստ տատը հրաժարվում է թողնել գյուղի դատարկված տունը, կատարելով իր ամուսնու վերջին պատգամը, մենք՝ պապիկիս թոռները, գիտենք, որ երջանիկ կարող ենք լինել միայն մեր հայրենիքում, որտեղ  ամեն օր միմյանց են հանդիպում մեր  երեխաների զարմացած հայացքներն ու մեր պապերի պայծառ հիշատակը…

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին