2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «250 կմ» ֆիլմը ցուցադրվել է Կրակովի 63-րդ միջազգային կինոփառատոնին:
Այն ընդգրկված է նաեւ հունիսի 12-ից 19-ը Երեւանում ընթացող «One Shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում:
Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Հասմիկ Մովսիսյանն է:
«250 կմ»-ի հիմքում արցախցի երեխաների՝ 11-ամյա Աշոտի եւ 14-ամյա Վահեի իրական պատմություններն են: Նրանք հրետակոծությունների տակ 250 կմ վարել են պատերազմի դաշտում գտնվող հայրերի մեքենաները՝ իրենց ու հարեւանների ընտանիքներին Արցախից հասցնելով Հայաստան:
Լուսանկարը` «250 կմ»
Ֆիլմի միջազգային պրեմիերայի, Արցախի ձայնը լսելի դարձնելու ու արդեն կես տարի շրջափակման մեջ գտնվող «250 կիլոմետրի» մասին Մեդիամաքսը զրուցել է Հասմիկի հետ, որը Նյու Յորքում աշխատում է նոր նախագծի վրա:
Ֆիլմի միջազգային ճանապարհը հեշտ չէ
Ի սկզբանե, «250 կմ»-ը նկարահանում էինք ոչ այնքան հայաստանյան, որքան՝ միջազգային լսարանի համար: Հայերը շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, որի մեջ, բնականաբար, ներառում եմ նաեւ Արցախը: Մեր խնդիրը, նպատակն ու ցանկությունն էր իրականությունը ցույց տալ աշխարհին, ֆիլմի միջոցով պատմել այս պատմությունը:
Լուսանկարը` Անձնական արխիվից
Լեհաստանը եվրոպական կինոյի կարեւորագույն կետերից է ու շատ երախտապարտ եմ, որ «250 կմ»-ի միջազգային պրեմիերան տեղի ունեցավ հենց Կրակովի կինոփառատոնում: Այս տարի այն անդրադարձել է շատ ցավալի թեմաների՝ սոցիալական խնդիրներ, պատերազմներ: Հավանաբար, հենց այս պատճառով ընդգրկվել է նաեւ մեր ֆիլմը: Սովորաբար, ոչ բոլոր փառատոններն են ցանկանում խոսել այսպիսի թեմաների մասին:
Հաճախ մարդկանց հետաքրքիր չէ՝ ի՞նչ Արցախ, ի՞նչ հակամարտություն, ի՞նչ պատերազմ: Բայց սա չի նշանակում, որ հանձնվել է պետք։ «Նեղանալու» փոխարեն մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք այս ուղղությամբ: Առ այսօր ֆիլմը ցուցադրել ենք Նյու Յորքում, Լոնդոնում, այն ներկայացված է եղել նաեւ Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի բաժնում, բայց սա ոչ թե հանդիսատեսի համար ցուցադրություն էր, այլ՝ ավելի մասնագիտական ու շատ կարեւոր:
Լուսանկարը` «250 կմ»
Դիմել ենք մի քանի այլ փառատոնի եւս, սպասում ենք արձագանքի: Կարծում եմ՝ Կրակովում ցուցադրվելուց հետո ֆիլմը միջազգային լսարանին հասցնելու ճանապարհը փոքր-ինչ կթեթեւանա:
Նյույորքյան ցուցադրությունից հետո մեր թիմին է միացել պրոդյուսեր Յուլիա Անդերսենը, ինչը շատ եմ կարեւորում: Հետագա նպատակներիցս մեկն է կարողանալ ոչ հայ պրոդյուսերներին հետաքրքրել հայկական կինոյով:
Գեղարվեստական/տեղեկատվական ֆիլմ
Ճանապարհ անցնելով «250 կմ»-ի հետ՝ հասկացա, որ արտերկրում շատ քիչ մարդ գիտի Արցախի գոյության, հակամարտության ու պատերազմի մասին: Միջազգային ցուցադրություններից հետո մարդիկ շատ հետաքրքրված էին, քանի որ նրանց համար սա բոլորովին նոր ինֆորմացիա էր: Նրանք զարմանում էին, հուզվում ու ֆիլմն իրենց համար ոչ միայն գեղարվեստական, այլեւ՝ տեղեկատվական արժեք ուներ: Սա հենց այն էր, ինչին ձգտում էի:
Շատ կարեւոր է՝ ինչպես ենք բարձրաձայնում մեր խնդիրների մասին: Չեմ կարող փոխանցել՝ որքան ակտիվ է Նյու Յորքում աշխատում ուկրաինական համայնքը, ինչ լսելիությամբ ու միջոցներով է խոսում իր երկրի խնդիրների մասին:
Կարծում եմ՝ ես իմ տեղում, իմ հնարավորությամբ, իմ ֆիլմերով պետք է Արցախի ձայնն ավելի լսելի դարձնեմ: Արվեստի միջոցով ներկայացված պատմությունները հաճախ ավելի հասկանալի, հասանելի ու տպավորիչ են լինում մարդու համար: Պետք է օգտագործել այս ճանապարհը եւս, հակառակ դեպքում՝ դու լինելու ես ուղղակի մեկն, ով ինչ-որ բան է գոռում ամբոխի մեջից եւ որեւէ մեկին դա հետաքրքիր չէ:
Լուսանկարը` «250 կմ»
Նշեցի, որ այս տարի Կրակովի կինոփառատոնը շատ խնդիրների է անդրադարձել: Այո՛, երբ ընդհանուր հայացք ես գցում, տեսնում ես՝ ինչքան ցավալի իրադարձություններ, պատերազմներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում: Դրանցից շատերի մասին էլ մենք չգիտենք: Թվում է՝ բնականոն է, ես ընդունել եմ, որ մենք միակը չենք, որ խնդիրներ ունենք: Բայց սա ոչ մի կերպ չի նշանակում, որ պետք է համակերպվենք, անցնենք առաջ ու «հանգիստ» ապրենք:
250 կիլոմետրանոց հույսը
250 կմ-ն այն հեռավորությունն է, որն անցել են արցախցի երեխաները՝ 11-ամյա Աշոտն ու 14-ամյա Վահեն, հրետակոծությունների, անօդաչուների վտանգի տակ վարել են հայրերի մեքենաներն ու իրենց հարազատներին ապահով վայր հասցրել: Թվում է՝ 250 կիլոմետր է՝ փրկության, հույսի, կյանքի. արդեն կես տարի դա էլ չկա: Ցավոք, ֆիլմը տարեցտարի առավել ակտուալ է դառնում (հուզվում է–հեղ.): Չեմ հասկանում՝ ինչպես կլուծվի այս հարցը ու չեմ կարողանում համակերպվել իրականության հետ:
Լուսանկարը` «250 կմ»
Նախատեսում եմ բոլոր միջազգային ցուցադրությունների ժամանակ ֆիլմը ներկայացնելիս խոսել նաեւ բլոկադայի մասին: Միշտ կապի մեջ եմ արցախցի դերասաններիս, գլխավոր դերակատար Վահեի հետ, որոնք հիմա Արցախում են:
Դերասանուհիներից շատերն արդեն երեխաներ են ունեցել, որոնք ծնվել են Արցախում: Ճանապարհն, այո՛, փակ է, բայց կյանքը կա ու շարունակվում է: Հույսս մարդիկ են, որոնք չեն հանձնվում: Չեմ հավատում քաղաքականությանը կամ դիվանագիտությանը, միայն մարդկանց, որոնք ամբողջ սրտով սիրում են Հայաստանի այս հրաշք հատվածը՝ Արցախն, ու չեն հանձնվելու:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: