Մեկ պատերազմ եւ երկու ֆիլմ՝ վախ չճանաչելու ու քարը սիրելու մասին - Mediamax.am

2416 դիտում

Մեկ պատերազմ եւ երկու ֆիլմ՝ վախ չճանաչելու ու քարը սիրելու մասին


Լուսանկարը` դրվագ «250 կմ» ֆիլմի նկարահանումներից

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Մովսիսյանը
Հասմիկ Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Լուսանկարը` կադր «250 կմ» ֆիլմից

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Լուսանկարը` Արման Այվազյան

Արման Այվազյանը
Արման Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Արման Այվազյան

Լուսանկարը` Արման Այվազյան

Լուսանկարը` Արման Այվազյան

Լուսանկարը` Արման Այվազյան

Լուսանկարը` Արման Այվազյան


«2 պատմություն 1 պատերազմ» խորագրի ներքո նոյեմբերի 30-ին Երեւանի Կինոյի տանը ցուցադրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի իրադարձություններն արտացոլող երկու կարճամետրաժ ֆիլմեր՝ «250 կմ» եւ «Քարը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆիլմերի հեղինակները երիտասարդ ռեժիսորներ են, որոնք իրենց այս գործերը ներկայացրել են Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ВГИК)՝ որպես դիպլոմային աշխատանքներ:

 

250 կմ ...

 

Խաղարկային «250 կմ» ֆիլմի բեմադրող ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Հասմիկ Մովսիսյանն է: Ֆիլմը հիմնված է 14-ամյա Վահեի եւ 11-ամյա Աշոտի պատմությունների վրա: Երեխաներից յուրաքանչյուրը պատերազմի օրերին ռմբակոծությունից փրկել է իր ընտանիքին եւ ուրիշների՝ Արցախից Հայաստան վարելով դիրքերում գտնվող հայրերի մեքենաները: Ֆիլմի անունը հենց այն ճանապարհի չափն է, որ երեխաները հաղթահարել են պայթյունների ներքո:

 

«250 կմ» ֆիլմի կոմպոզիտորը Միքայել Ոսկանյանն է, պրոդյուսերներն են  Լուսինե Ոսկանյանը եւ Հասմիկ Մովսիսյանը։ Ֆիլմը արտադրել են «Նռանէ ֆիլմզ» եւ «Օբերտոն» ընկերությունները։

Հասմիկ Մովսիսյանը Հասմիկ Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ճակատագրի բերումով պատերազմի ժամանակ Հայաստանում էի: Բոլորի համար շատ ծանր ժամանակներ էին, հետ գնալ չէի ուզում, բայց պետք է վերադառնայի, որովհետեւ դեռ ուսանող էի: Այդ ժամանակ չէի հասկանում՝ ինչպես օգնել, ինչպես պայքարել: Արվեստի գործիչներս մեծ առաքելություն ունենք պայքարն արվեստով վարելու, ես էլ որոշեցի, որ ինձ ոգեշնչած պատմությունները Վահեի ու Աշոտի մասին պետք է անպայման ֆիլմ դառնան: Կարծում եմ, որ ստացվել է այնպես, ինչպես եղել է: «250 կմ» ֆիլմը ստեղծվել է անհատների ջանքերով, որոնք հավատացել ու վստահել են մեզ»,- պատմում է Հասմիկը:

 

Նրա խոսքով՝ ֆիլմի գլխավոր հերոսը ընտրությունը բարդ խնդիր էր, քանի որ տղաների արածը խիզախության բարձրագույն աստիճան է, եւ հերոսը պետք է այդ դերում համոզիչ լինի:

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

«ԱԹՍ-ների ձայներով, պայթյունների ներքո այդ ամբողջ վախը հաղթահարելով մեքենա վարես այդքան ճանապարհ ու հետդ էլ այդքան մարդ տանես: Դա սարսափելի դժվար է: Ինձ համար սկզբունքային էր նաեւ, որ երեխան Արցախից լինի. աչքերի մեջ մի հատուկ բան կա: Վահեին կամ Աշոտին դիմել չէի ուզում, որովհետեւ հասկանում էր՝ ինչքան դժվար կլինի նրանց համար կրկին վերադառնալ այդ ապրումներին: Հերոսին գտա, բայց նկարահանումներից 5 օր առաջ նրա մայրը թույլ չտվեց, որ Արցախից Երեւան գա, որովհետեւ ճանապարհները շարունակում էին վտանգավոր մնալ, 2021 թվականի մարտն էր: Այլընտրանք չունեի, որոշեցի Վահեի մայրիկի հետ խոսել, նա համաձայնեց ու ֆիլմի գլխավոր հերոսը դարձավ Վահեն»,-պատմում է Հասմիկը:

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Թեեւ ֆիլմը Արցախում չի նկարահանվել, հեղինակը կարողացել է արտացոլել իրականությունը: Բոլոր հերոսներն Արցախից են, նրանք էլ այդ նույն ճանապարհն են անցել՝ արթնացել են վաղ առավոտյան պայթյունների ձայներից, երեխաներին վերցրել ու դուրս եկել փողոց՝ սպասելով այն մեքենային, որն իրենց կփրկի թշնամու կրակից:

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Ինչպես ֆիլմում հստակ արտացոլված է, «Էրեխի համար տեղ կա՞» հարցի պատասխանը միշտ նույնն էր՝ «կա´, տեղ կա´»՝ անկախ մեքենայի չափից, որովհետեւ մեքենան կարող է եւ մեծ չլինել, եթե սիրտն է մեծ:

 

Ֆիլմի առաջնադիտումն Արցախից է սկսվել: Հասմիկի համար շատ կարեւոր էր հենց Արցախի հանդիսատեսի արձագանքը, որպեսզի հասկանար՝ ինչքանով է կարողացել ներկայացնել նրանց պատմությունը:

Լուսանկարը` կադր «250 կմ» ֆիլմից

«Երբ լույսերը վառվեցին, տեսա՝ բոլորի աչքերը կարմրած էին: Սկզբում ինձ մեղավոր էի զգում, որ ստիպել եմ նրանց նորից այդ ամենի միջով անցել, սակայն հետո բոլորս միմյանց շնորհակալ էինք. այո´, դա ցավեցնում է, բայց թույլ չի տալիս որ մոռանաս ու ուժ տալիս, որ չհանձնվես»,- ասում է նա:

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաեւ Նյու Յորքում՝ որպես AGBU Arts-ի ընտրած 6 լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմերից մեկը: Դրանից հետո հեղինակը նախատեսում է ունենալ փառատոնային լայն շրջագայություն:

 

«Իմ ցանկությունն է, որ ֆիլմն ապրի: Ֆիլմի հերոսը չի կանգնում, չի վախենում, պայքարելու է: Ֆիլմում հանձնվողներ չկան»,- հավելում է Հասմիկը:

Լուսանկարը` «250 կմ»/Ռոբերտ Պողոսյան

Ֆիլմի գլխավոր հերոս դարձած Վահեն շարունակում է համեստ մնալ, իր արարքի մասին խոսել չի ուզում: Ասում է, որ նկարահանումներն իրեն հեշտ տրվեցին, քանի որ ինքն իրեն էր խաղում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արհեստականություն չկար ֆիլմում, կար այն, ինչ կար»,-ասում է նա: Նկարահանման գործընթացը տղային շատ հետաքրքրել էր, ամենաշատը հավանել էր այն, թե ինչպես էին արհեստական պայթյուններ ստեղծում: Հարցնում եմ՝ լավ կլիներ չէ՞, որ պայթյունները միայն արհեստական լինեին: Ասում է՝ հա´, ու լուրջ դեմքը լիովին փոխվում է, Վահեն լայն ժպտում է:

 

Քար ...

 

Վավերագրական «Քար» ֆիլմի ռեժիսորը եւ օպերատորը Արման Այվազյանն է: Ֆիլմն արտադրել է «Բարս մեդիան»։

 

Երիտասարդ ռեժիսորի համար կարեւոր էր, որ ВГИК-ում իր հենց այս աշխատանքը ներկայացվի որպես ավարտական: «Այլ ֆիլմեր էլ ունեմ, որ այնտեղ եմ նկարել, սակայն ինձ համար պատիվ էր, որ ներկայացվողը պետք է լինի հայկական ֆիլմ»,- ասում է նա:

Արման Այվազյանը Արման Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմանի խոսքով՝ վավերագրական ֆիլմի գաղափար երբեք չի եղել: Ուղղակի մեր ցավոտ պարտությունից հետո մի խումբ կամավորներ որոշում են գնալ Բերձորի խաչքարերն ավիրումից փրկելու, Արմանն էլ միանում է նրանց, որ նկարահանի ընթացքը, իսկ հետո իրադարձություններն ու մարդիկ իրենք իրենց գալիս են, միաձուլվում ու Արմանի վիդեոխցիկում դառնում վավերագրություն:

Լուսանկարը` Արման Այվազյան

«Մինչեւ դեկտեմբերի 1-ը Բերձորից բոլորը պետք է դուրս գային: Ժամանակ շատ չկար: Հնագետների խմբի հետ էինք, հնագետներ Արման Նալբանդյանի, Համազասպ Աբրահամյանի հետ ծանոթացա, գիտակներ են: Գիտեին՝ որ խաչքարը որտեղ է: Դիրքերից իջնող տղերք էին մեզ հետ ՈՄԱ-ից, զենքով էին, որովհետեւ թեկուզ պատերազմը կանգնել էր, թշնամական դիվերսիոն խմբեր, միեւնույն է, կային տեղանքում: Նայում էի, թե ինչքան զգուշորեն են խաչքարերը հողից հանում, հանգիստ պառկեցնում, դնում սահնակի վրա ու զգույշ քաշում, որ հանկարծ գեթ մեկ խազ այդ քարի վրա չլինի: Իրենց տաք տեղերից կտրվելու ու նման վտանգավոր տեղանքում այդ ծանր աշխատանքը կատարելու համար կամք ու մեծ սեր է պետք դեպի հայրենիքը»,- ասում է Արմանը:

Լուսանկարը` Արման Այվազյան

Ֆիլմում տեսնում ենք այդ ամբողջ աշխատանքը, իսկ մինչ Բերձորի խաչքարերը փրկվում են, լուրերը գուժում են Շուշիի Սուրբ Ամենափրկչի պղծման մասին:

Ֆիլմի վերնագիրը՝ «Քարը» խաչքարից է սերում: Արմանն ասում է, որ քարը Հայաստանն է:

Լուսանկարը` Արման Այվազյան

«Քարերի երկիր է Հայաստանը: Խաչքարերը հիշատակել եմ նկատի ունենալով մեր բոլոր ժայռերը, սարերը, քարերը:

 

-Իսկ քարը ո՞նց են սիրում:

-Չգիտեմ, անբացատրելի է:

-Բայց սիրում ենք, չէ՞:

 

-Երբ իմանում ես, թե այդ տեղանքում ինչ է կատարվել հարյուրավոր տարիներ առաջ, քո նախնիներն ինչ են տվել այդ քարն ունենալու համար, տեսնում ես՝ խաչքարի վրա ինչ աշխատանք է արվել, ո՞նց կարող ես չսիրել ... Անբացատրելի բան էլ կա դրանում: Այդ քարը փրկելով դու քեզ ես փրկում, այդ քարում է քո ինքնությունը: Բայց երեւի սերն այդ քարի նկատմամբ շատ է պակասում, եթե չպակասեր, այսօրին չէինք լինի: Միայն ճանաչելով կարող ենք սիրել: Եվ ամենալուրջ բաները ճանաչում են զգալով: Երբ գալիս ես Քարվաճառ, ուղղակի կանգնում ես հողին, թվում է՝ Աստված այստեղ է կյանքն արարել: Էներգետիկ մի դաշտ կա այստեղ, ու Արցախի շատ վայրերում, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի: Շատ հայեր Արցախում չեն եղել, չեն ճանաչում այս հողը դրա համար էլ չեն հասկանում՝ ինչի համար պայքարել: Հողն արժանապատվության նման է: Հիմա ուրիշ գաղափար էլ կա՝ աշխարհի քաղաքացի, «սաղ կայֆ է», լավ է, բայց դա միայն պատասխանատվության պակասից է: Տղամարդը պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել այս ընտանիքի, այս հողի համար, եթե պատասխանատու չէ, ապա որպես տղամարդ կամաց-կամաց սկսում է մահանալ, ու մենք այդպես մահանում ենք»,- ասում է Արմանը:

Լուսանկարը` Արման Այվազյան

Ֆիլմում խաչքարերը տարհանելիս նշում են, որ իհարկե, հուշակոթողն իր տեղում է ամբողջական, բայց մենք ունենք Ջուղայի դառը փորձն ու էլի բազում այլ ապացույցներ, որ թշնամու բարեհոգությանը հուսալ չի կարելի: Դժվար չէ պատկերացնել, թե որքան արագ փոշի կդառնան հազարամյակներ ապրած խաչքարերը:

Լուսանկարը` Արման Այվազյան

Բայց միեւնույն ժամանակ խաչքարը, որն իր տեղում է՝ հողում մխրճված, բնությանը ձուլված, մի վայրում, որտեղ մարդիկ եկել ու հավատով ամրացել են, հայացքը դեպի երկինք ուղղել ու ծածուկ աղոթել, թեկուզ փոքր, բայց անկեղծ խնդրանքով: Սա նույնը չէ, ինչ այն խաչքարը, որ պիտի պահվի թանգարանում: Այն էլի կրում է իր վարպետի ձեռքով տրված արարման զորությունը, իր տեսած ու ապրած պայքարի դարերը, այն էլի կրում է մեզ՝ հայերիս, բայց առանց այդ հողի, որին ամուր հենված էր իր ամբողջ ծանրությամբ, խաչքարը մի տեսակ կիսատ է ...  ու մենք էլ ենք հիմա այդպես՝ մի տեսակ կիսատ:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին