«Երգատեղ». Հայկականությունը պահելու եւ մշակույթը սահման հասցնելու հրամայականը - Mediamax.am

exclusive
3027 դիտում

«Երգատեղ». Հայկականությունը պահելու եւ մշակույթը սահման հասցնելու հրամայականը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն պատմել ենք «Էլլի նապաստակը» հեքիաթ-գրքի մասին, որը յուրատիպ ձեռնարկ է երեխաների հետ մահվան թեմայով խոսելու համար: 2020 թվականի պատերազմում ամուսնուն կորցնելուց հետո այդ ձեռնարկի հրատարակությունը Տիգրանուհի Հովհաննիսյանի միակ նախաձեռնությունը չէ: Շարունակելով կրել իր եւ Կարենի դստեր ապահով ապագայի պատասխանատվությունը՝ Տիգրանուհին ջանում է, որ Նանեի սերունդը կարողանա ապրել բոլորովին այլ իրականությունում: Այս նպատակի իրագործման քայլերից մեկն էլ դարձավ «Երգատեղ» ստուդիայի հիմնումը:

 

Տիգրանուհի Հովհաննիսյանը Մեդիամաքսին պատմել է «Երգատեղ»-ի՝ հայկական երաժշտության ոլորտը օտարամոլ ելեւէջներից մաքրելու առաքելության եւ ստուդիայում առաջարկվող երաժշտական զարգացման ծրագրերի մասին:

 

Երգչուհու ճանապարհը

 

Մասնագիտությամբ օպերային երգչուհի եմ: Երեւանի Կոնսերվատորիայում ուսմանս զուգահեռ՝ ընդունվել եմ Մայնի Ֆրանկֆուրտի բարձրագույն կոնսերվատորիան եւ ստացել մագիստրոսի կոչում՝ որպես օպերային երգչուհի։ Ուսումս ավարտելուց հետո իմ մասնագիտությամբ եւս 2,5 տարի աշխատել եմ Գերմանիայում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեծանում էի, արժեհամակարգս փոխվում էր, իսկ օտարությունն այլեւս օտար էր։ Վերադարձա Հայաստան, մի քանի համերգներ ունեցա այստեղ: Հետո ամուսնացա Կարենի հետ եւ սկսեցի մեծացնել բալիկիս: Մինչ պատերազմը չեմ աշխատել, թեեւ բեմ վերադառնալու փորձեր արել եմ, սակայն փոքրիկի հետ հնարավոր չէր լինում համատեղել։

 

Իրավիճակը շտկելու պատասխանատվությունը

 

Երգի ստուդիա հիմնելը երբեք չի եղել երազանք, մտահղացում՝ այո´, բայց երազանք՝ երբե´ք։ Ինձ դուր է գալիս բեմը, հանդիսատեսի հետ կոնտակտը, երաժշտությունը հնարավորինս գեղեցիկ կերպով փոխանցելը, միջնորդ լինելը երաժշտության եւ ունկնդրի միջեւ։ Պատերազմից հետո միակ բանը, որ երկար չէր վերականգնվում, երգելու ցանկությունն էր։ Մինչ օրս էլ լիարժեք չի վերականգնվել, բայց անվերջանալի, հիվանդագին մղում կար երաժշտական ոլորտում տիրող իրավիճակը շտկելու, փոխելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատկապես պատերազմից հետո, երբ հայրենիքի հետ կապված ամեն ինչ ինձ համար խոշորացույցի տակ առնվեց, սկսեցի անհանդուրժող գտնվել մեր հասարակության մեծ մասի երաժշտական թրքացած նախասիրությունների նկատմամբ: Հասկանում էի, որ երաժիշտ լինելով իրավունք չունեմ պարզապես բողոքելու էստրադայի վատ որակից, եթե ինքս լավը չեմ առաջարկում. չէ՞ որ վատը պիտի ձգտես լույսով ծածկել:

 

Երկար մտածելուց հետո հասա ակունքին, այն է՝ պետք է փորձեմ իրավիճակի վրա իմ համեստ ներգործությունն ունենալ հենց հիմքից՝ բողոքելու եւ ընկճվելու փոխարեն երեխաների հետ իմ սկզբունքայնությամբ կիսվելով: Միգուցե կարողանամ մի մասի վրա ներազդել, իրենք էլ կտարածեն այդ սկզբունքներն իրենց շրջապատում։

Լուսանկարը` Մեդիամաքս

0-ից կրթական հաստատություն կառուցելը բավականին լուրջ առաջադրանք է հատկապես այն պարագայում, երբ միայնակ եմ մեծացնում երեխայիս: Լինելով արվեստի մարդ՝ միշտ հեռու եմ եղել ֆինանսական հաշվարկներից, մենեջմենթից, իրավաբանությունից, վաճառքից, մինչդեռ հիմա ամեն բան փորձում եմ ինքնուրույն կառուցել։ Իհարկե, այդ հարցերում շատ օգնում են ընկերներս եւ հարազատներս:

 

«Հայկականությունը պահելու մեջ չկան փոխզիջումներ»

 

2021 թվականի դեկտեմբերին բացեցի «Երգատեղ» ստուդիան: Հիմնական շեշտադրությունը վոկալի դասավանդումն է, սակայն սովորեցնում ենք նաեւ սոլֆեջիո, դաշնամուր, դերասանի վարպետություն: Ծրագրեր կան թե´ փոքրիկների, թե´ մեծահասակների համար, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական:

 

Ստուդիայի առանձնահատկությունն իր սկզբունքայնությունն է. հայկականությունը պահելու մեջ չկան փոխզիջումներ։ Թեեւ ստուդիայի սաները ծանոթանում են տարբեր ազգերի երգերին եւ կատարում դրանք, սակայն առաջին հերթին պետք է տիրապետեն եւ ծանոթ լինեն հայկական երաժշտամտածողությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ինձ մոտ գալիս են վատ որակի երգի վրա աշխատելու, ես ասում եմ, որ նման երաժշտություն մեր ստուդիայից չի հնչելու: Սիրով պատրաստ եմ աշխատել տեխնիկայի վրա, բայց ոչ այդ երգով: Նաեւ փորձում եմ բացատրել հայկական մելիզմատիկան, խոսքի գրագետ հնչողությունը հայկական երաժշտությունում: Այս կերպ յուրաքանչյուրին փորձում են ներքաշել իմ աշխարհ:  

 

«Երգատեղ»-ում չափազանց կարեւորում եմ նաեւ որակյալ մասնագետների ներգրավվածությունը, քանի որ այստեղ աշխատող մարդիկ պետք է հայկական որակյալ երաժշտության կրողը լինեն, որպեսզի կարողանան ճիշտ փոխանցել այդ արժեքները:

 

«Երգատեղ»-ի ծրագրերը

 

Երաժշտությունը բացառիկ դերակատարություն ունի երեխաների էմոցիոնալ եւ մտավոր զարգացման հարցում: Մինչեւ 8 տարեկան երեխաներին ցանկալի է ուղղակի պահել երաժշտական միջավայրում եւ լցնել նրանց ներաշխարհը երաժշտության տարբեր ասպեկտներով: Երաժշտությամբ պրոֆեսիոնալ զբաղվել ցանկալի է այդ տարիքից հետո:

Լուսանկարը` Մեդիամաքս

3-7 տարեկան երեխաների ընդհանուր երաժշտական զարգացման համար «Երգատեղ»-ում ունենք հատուկ ծրագիր, որի շրջանակում խաղ-վարժանքների միջոցով զարգացնում ենք երեխաների ռիթմի զգացողությունը եւ լսողությունը: Զուգահեռաբար ծանոթացնում ենք նրանց հայկական երգին, երաժշտական տարբեր ուղղություններին, գործիքներին եւ այլն:

 

Շատ սիրված է նաեւ դերասանի վարպետության դասը, որը վարում է Գեւորգ Վարդանյանը: Այս առարկան հրաշալի ազդեցություն ունի մի շարք բարդույթների հաղթահարման, գեղեցիկ խոսքի եւ մտքի ճկունության զարգացման վրա: Դերասանի վարպետությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց բացահայտելու մարդուն: Նպատակ ունենք բացելու նաեւ ազգային երգուպարի խմբակ, և դա կանենք առաջին իսկ հնարավորության դեպքում:

 

Մշակույթը սահման հասցնելու հրամայականը

 

2021 թվականի հոկտեմբերից միացել եմ նաեւ «Մշակութամետ» նախաձեռնությանը: Այն ինձ գրավել է հենց մեկնարկային փուլից: Ընկերներս պատմում էին մի հայ տղայի մասին, որը ծնվել եւ մեծացել է Ուկրաինայում, այնուհետև ապրել ու մեծ հաջողությունների հասել Կամբոջայում: 2020 թվականի պատերազմի սկզբից թողել է ամեն բան ու եկել Հայաստան՝ մասնակցելու պատերազմին, իսկ մարտի դաշտից վերադառնալուց հետո սկսել է սահմանամերձ գյուղերի երեխաներին երաժշտություն դասավանդել՝ իր մի խումբ համախոհների հետ։

 

Այս մասին լսելուց հետո ես սկսեցի ամաչել իմ գոյության համար։ Մտածում էի, որ ես Հայաստանում ապրելով երբեք չեմ մտահոգվել իմ սահմանի մասին, իսկ Կամբոջայից եկած տղան մտահոգվում է։ Չէ՞ որ ամեն բան սահմանից է սկսվում, ու եթե մարդիկ այնտեղ հույսը կորցնեն, զբաղմունք չունենան, կյանք չունենան, վաղ թե ուշ կմտածեն իրենց տները լքելու մասին: Մինչդեռ եթե չկան սահմանում մարդի, չկա այլեւս սահման։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ իմ ուղղությունը Երասխն է, այնտեղի վոկալի ուսուցչուհին եմ: Հունիսին արդեն իմ սաները ելույթ կունենան «Մշակութամետ»-ի կիսամյակային հաշվետու համերգին: Շատ անակնկալներ են սպասվում, սիրով հրավիրում ենք:

 

Իմ երաժիշտ ընկերներից շատ հաճախ եմ լսում հիացմունքի խոսքեր

 

«Մշակութամետ»-ի կամավորների հասցեին։ Իրականում դա շատ ցավեցնում է, որովհետեւ մենք ունենք հենց իրենց կարիքը՝ ավելի շատ գյուղեր մշակույթ հասցնելու համար։ Մեր թիմը պարբերաբար համալրվում է, սակայն, միեւնույն է, քիչ է։ Ես չունեմ հանգստյան օր, ինչպես եւ շատերը պատերազմական օրերին առանց շունչ քաշելու օրուգիշեր աշխատում էին թե´ իրենց գործում հաջողություն գրանցելու համար, որը կծառայեցնեին Հայաստանին, թե´ որպես կամավոր օգնությունները կոորդինացնելով: Ի՞նչն է փոխվել հիմա, ինձ համար՝ ոչինչ։ Ընդամենը ժամանակավոր կրակոցներն են դադարել, եւ հենց հիմա է հրաշալի հնարավորություն՝ տասնամյակների սխալները ԱՐԱԳ շտկելու։ Անելիքները շատ են, իսկ մեզ մնացած ժամանակը՝ քիչ։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին