Վահագն Թումասյանը. Պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ - Mediamax.am

exclusive
10449 դիտում

Վահագն Թումասյանը. Պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ


Վահագն Թումասյանը
Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Վահագն Թումասյանը
Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Վահագն Թումասյանը
Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Վահագն Թումասյանը
Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


Հետախույզների ծառայության եւ կատարած սխրանքների մասին քիչ է խոսվում: Որոշ փաստեր գաղտնազերծվում եւ հանրայնացվում են նրանց ծառայության ավարտից տեւական ժամանակ անց: Այս առումով բացառություն չէ նաեւ փոխգնդապետ Վահագն Թումասյանը:

 

Նրա տարիների ծառայության մանրամասներից դրվագներ են միայն հայտնի, սակայն թե՛ նրա ծառայակից ընկերները, թե՛ դասախոսները, թե՛ պարզապես ծանոթները հիացմունքով եւ անմնացորդ վստահությամբ են խոսում Վահագնի մասին. Նա եզակի էր, շատ պատրաստված եւ ամբողջ էությամբ նվիրված Հայրենիքին: Վահագնը ապրում էր այնպես, ինչպես ծառայում էր՝ լիարժեք եւ անմնացորդ: Ծառայությունը նրա համար ամեն ինչից վեր էր, այդ պատճառով էլ նա ձգտում էր անընդհատ կատարելագործվել իր մասնագիտության մեջ` խորացնելով լեզուների իմացությունը: Հրաշալի պարում էր ազգային պարեր, դուդուկ նվագում եւ իր սիրելի ազգային-ազատագրական երգերը երգում: Նա ամուր էր նաեւ ֆիզիկապես, զբաղվում էր մի քանի մարտարվեստով:

 

Վահագն Թումասյանը մասնագիտությամբ պատմաբան էր, սակայն բանակում ծառայության անցնելուց հետո որոշում է զինվորական դառնալ: 2007թ. Վահագն Թումասյանը ծառայության է անցնում ՀՀ զինված ուժերում, նախ՝ որպես դիպուկահար, այնուհետեւ` հետախույզ: Վահագնը վերապատրաստվել է Հունաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում եւ վերադարձել պատվոգրերով:

Վահագն Թումասյանը Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

2020 թվականի հոկտեմբերի 20-ին թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Վահագնի հոր` թուրքագետ Արամ Թումասյանի խոսքերով, 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ որդին առաջինն է հայտնաբերել արաբ վարձկաններին եւ նրանցից առգրավել փաստաթղթերը: Իսկ Ջրականում, «Ուրալ»-ով ճեղքելով թշնամու շրջափակումը, փրկել է բազմաթիվ զիվորականների կյանքը:

 

Արամ Թումասյան` Վահագնի հայրը

 

«Տարիներ առաջ Ռազմական ինստիտուտում էի դասավանդում: Մայորներին եւ փոխգնդապետներին էի դաս տալիս: Նրանցից մեկը` Լեւոն Ավետիսյանը (Վահագնի հետ նույն օրն է զոհվել- հեղ.) ոտքի կանգնեց ու հարցրեց․«Դուք Թումասյան Վահագնի հա՞յրն եք»: Ասացի՝ այո, իմ տղան է: Պատմեց, որ Վահագնը զորամասում իրենց դասավանդում էր, երբ ծառայակիցներից մեկը ներս եկավ, ականջին բան ասաց ու դասն ընդհատվեց: Վահագնը բոլորիս ասել է, որ ազատ են ու սկսել է իրերը հավաքել: Հետո իմացան, որ գործողության էր մեկնում»:

 

Մարիամ Թումասյան՝ Վահագնի մայրը

 

«Մի օր աշխատանքից վերադարձա, տեսնեմ՝ մեքենան բակում կանգնած է: Մի քանի տղաներով դրսում կանգնած են: Բարեւեցին, հետո Վահագն ասաց՝ մամ, մեզ ի՞նչ ես տալիս ուտելու: Մտածեցի՝ էդ հզոր տղերքին ի՞նչ պիտի տամ, որ ուտեն: Գնացին ձու բերեցին, տան պահածոներից բացեցին ու էնպես սկսեցին ուտել, կարծես դաշտային պայմաններում լինեին: Ասացի՝ տղանե՛ր, սպասեք ափսե բերեմ, թե չէ բանկաների ու կաթսայի միջից էին ուտում: Հետո երբ գնացին, Վահագս լողացավ, դուրս եկավ, պայուսակի միջից հանեց, նայում եմ՝ օտար լեզվով թղթեր են, հետն էլ՝ «Ազերի թեյ», «Բաքու» ծամոն, գուլպաներ` ադրբեջաներեն գրվածքով: Ասացի Վահագ, էս ի՞նչ է… Հանգստացրեց, ասաց, մամ ջան, ամեն ինչ լավ է: Իր գործերից երբեք չէր խոսում: Հետո անցավ մի քանի օր, ընկերն եկավ: Ընկերներից էի երբեմն ինչ-որ բան իմանում: Հարցրեցի՝ բա ո՞ւր էիք գնացել, ասաց՝ «Բաքու հարսանիք էինք գնացել»: Դրանից հետո նախագահից պարգեւատրում ստացավ…»:

 

Արամ Թումասյան

 

«Բանակից զորացրվելուց հետո մոտ 2.5 տարի նրան չէին ընդունում հատուկ ծառայություններ: Անվտանգությունը չէր ընդունում: Իմ թուրքերենի իմացությունն օգնել էր ինձ ծառայության անցնել, եւ ես էնտեղ բոլորին ճանաչում էի: Հանդիպում ունեցա եւ հանդիմանեցի իրենց (դա գաղտնիք չէ, կարող եմ պատմել): Ես հայրենադարձ եմ` Թուրքիայից էի եկել` Ստամբուլից: Այդ հանգամանքը խանգարում էր: Վահագնին վերցրի հետս եւ մի մեքենայի մեջ անվտանգության աշխատակիցների հետ հանդիպում կայացավ: Ես նրանց կոշտ լեզվով ասելիքս ասացի: Ասացի՝ ի՞նչ է, սա՞ է ձեր վերաբերմունքը, գալիս ենք էստեղ, դառնում ենք երրորդ տեսակի հա՞յ: Իմ տղան Հայաստանում է ծնվել: Ասենք՝ լա՛վ, ընկեր ջան, ես էնտեղ եմ ծնվել եւ, ենթադրենք, ագենտ եմ, իմ տղա՞ն ինչ մեղք ունի: Ես հայրենասիրություն եմ իմ տղայի մեջ ներարկել, հիմա ուզում եք դա կոտրել իր մեջ: Մի ամիս չանցավ, ընդունեցին Վահագնին: Սկզբում դիպուկահար էր: Երկու տարի անցավ՝ ընտրեց հետախուզությունը: Ես չէի էլ իմանում, որ նա հատուկ գործողություններ էր կատարում մեր երկրի սահմաններից դուրս: Ես որդուս եւ՛ թուրքերեն, եւ՛ադրբեջաներեն եմ սովորեցրել: Վերջին շրջանում նա շատ բարդ քաղաքական տեքստեր էր թարգմանում...

Վահագն Թումասյանը Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Վերջին երեք տարին իր ծննդյան օրը երկու գառ էր մատաղ անում: Չէի հարցնում՝ ինչու հենց երկու: Ընկերներից էի իմանում, որ ամեն անգամ այն կողմ գնալուց՝ փորձանքից է պրծնում եւ խոստանում է մատաղ անել: Մեկը՝ իր համար, մյուսն էլ՝ փորձանքից պրծնելու համար: Այդ մատաղը տանում էր Աբովյանի ծերանոց»:

 

Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ Արեվելագիտության ֆակուլտետի դեկան

 

«ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետը եւ ՊՆ-ն համատեղ ծրագիր ունեն, այն հիմա էլ է շարունակվում: Այդ ծրագրով մեզ մոտ վերապատրաստվում էր նաեւ Վահագն Թումասյանը: Մինչ այդ իրեն հեռվից էի ճանաչում, այդ ծրագրի շրջանակներում առիթ ունեցա մի քանի ամիս շփվել եւ անձամբ ճանաչել: Ոչ միայն ինձ մոտ, այլեւ բոլոր այն դասախոսների, որոնք դասավանդում էին նրան, Վահագնը տպավորվել է որպես պատասխանատու եւ ընդգծված հայրենասեր զինվորական: Անկեղծ ասեմ, երբ Վահագնին տեսնում էինք, մեզ մի տեսակ վստահ էինք զգում: Հանգիստ էինք, որովհետեւ ունեինք ոչ միայն զինվորական առումով պատրաստված, այլեւ հայրենասեր սպա:

 

Ընդգծված հարգանք ուներ շրջապատի, դասախոսների եւ կարգ ու կանոնի նկատմամբ:

Վերապատրաստման ավարտին նա առաջինն էր ցուցաբերած արդյունքներով եւ ամենաբարձր ցուցանիշն ուներ: Լեզվական նրա գիտելիքներն ամենաբարձր մակարդակի վրա էին եւ համադրելի նրա ընդհանուր երկրագիտական գիտելիքների հետ: Նա հրաշալի գիտեր ուսումնասիրվող երկիրը: Իր դրական էներգետիկան փոխանցվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ իր հարգանքով լի հայացքով անցնում էր միջանցքով: Երբ ծրագիրն ամփոփում էինք, նշեցի, որ մենք հարուստ ենք, որ ունենք այդպիսի սպաներ: Նա անմնացորդ նվիրված էր Հայրենիքին ծառայելու գործին: Այդ գաղափարը գերակա էր իր մոտ, մնացածը` վտանգներ, սպառնալիքներ, ստորադասվում էին:

Վահագն Թումասյանը Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Սա դժվար վերականգնելի կորուստ է: Երբ պատմության ֆակուլտետում իր անունով լսարան բացվեց, ասացի, որ նույնիսկ իր մահից հետո նա շարունակելու է սերունդներին օրինակ ծառայել եւ նման կերպ ծառայել Հայրենիքին: Վստահ եմ, որ հաջորդ սերունդների հերոսները եւ նրանց ընդօրինակման առարկան լինելու են Վահագն Թումասյանը եւ 44-օրյա պատերազմի մյուս հերոսները»:

 

Մարիամ Թումասյան

 

«Ընկերներից մեկը պատմում էր, որ Վահագի հետ գործողության են գնացել: Գործողությունը մեկ ժամում ավարտել են, բայց թշնամին վրան է խփել հարեւանությամբ, եւ իրենք չեն կարողացել վերադառնալ: Ասում է՝ մնացինք այնքան, մինչեւ գնացին: Շատ խոնավ ու ցուրտ է եղել: Ինքն իր դանակով, ընկերն էլ՝ զենքով փոս են փորել ու մեջը մտել: Երկու օր փոսի մեջ են մնացել: Էդպես ծնկաչոք` թփերն էլ վրան քաշած մնացել են, մինչեւ դրանք թողնեն-հեռանան: Այդ խոնավությունից ծնկների ցավ ու գլխացավ սկսեց մոտը: Երկու տարի բուժվեց, բայց մինչեւ վերջ այդպես էլ չկազդուրվեց: Չնայած այդ ամենին՝ հումորի հրաշալի զգացում ուներ ու անընդհատ կատակում էր: Ոչ մի բան նրա հումորի վրա չէր ազդում»:

 

Էդիկ Մինասյան, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան

 

«Նա շատ պատրաստված էր եւ, կարծում եմ, նաեւ հեռանկարային՝ որպես գիտնական: Գիտական թեմա էինք ընտրել, որով ինքը պետք է զբաղվեր: Այն վերաբերում էր Ադրբեջանի հետախուզական գործունեությանը, անկախության շրջանի դիվերսիոն հարձակումներին, ինչպես նաեւ դիվանագիտական խնդիրերին:

Վահագն Թումասյանը Վահագն Թումասյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Երբ զորամասեր էինք գնում, նա մեզ ուղեկցում էր՝ որպես ՊՆ-ի կողմից մեզ կցված անձ եւ չափազանց հետաքրքիր դիտարկումներ էր անում ռազմական եւ հայրենասիրական թեմաներով: Նա կատարելապես տիրապետում էր Ադրբեջանի պատմությանը, լեզվին: Հրաշալի գիտեր նրանց սովորույթներն ու առանձնահատկությունները: Ուսումնասիրվող թեմայի շրջանակներում մի քանի հոդված էր պատրաստում, որոնք վերաբերում էին հայ-թուրքական, թուրք-ադրբեջանական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններին»:

 

Արամ Թումասյան

 

«Գնալու օրը եկավ, ինձ փաթաթվեց, հետո հետ եկավ, նորից փաթաթվեց, համբուրեց, հրաժեշտ տվեց ու գնաց: Երբեք ինձ նման կերպ հրաժեշտ չէր տվել»:

 

Աշխեն Սիմոնյան՝ Վահագն Թումասյանի ծառայակից

 

«Ես գնդապետ Վահագն Ասատրյանի բրիգադից եմ: Հոկտեմբերի 11-ի գիշերը փոխգնդապետ Թումասյանը եկավ մեզ մոտ: Ինքն ու գնդապետ Ասատրյանը պլաններ ունեին: Երկուսով խոսում էին այդ մասին: Նոր գործողություն էր նախապատրաստվում...

 

Հերոսապատում․ Վահագն Ասատրյան

Ես եւ Թումասյանը համալսարանում միասին ադրբեջաներեն ենք սովորել: Ոտքիս վնասվածքի պատճառով մի պահ չէի կարողանում դասի գնալ եւ բավականին հետ էի ընկել: Վահագը սկսեց ինձ հետ առանձին ադրբեջաներեն պարապել: Երբ հոկտեմբերի 11-ին հանդիպեցինք, հարցրեց՝ այն ամենը, ինչ սովորեցրել եմ, հիշո՞ւմ ես: Պատասխանեցի, որ հիշում եմ, հետո հարցրեց՝ ֆիզիկական վիճակդ ինչպե՞ս է: Ասացի, որ լավ է: Հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է հարցնում, ասաց, որ գործողության պիտի գնանք:  Սակայն հոկտեմբերի 12-ի առավոտյան Վահագն Ասատրյանը եւ Վահագն Թումասյանը գնացին մեկ այլ գործով եւ այլեւս չվերադարձան:

 

Մարիամ Թումասյան

 

«Գնալուց 2 օր առաջ խոսակցություն ունեցանք: Երեկոյան ընկերոջ հետ եկավ: Շատ հոգնած էր, աչքերը՝ կարմրած: Քարտեզները փռել էին սեղանին, նայում ու երկար ուսումնասիրում էին: Ես էլ չէի կարողանում քնել: Հաց դրեցի, կերան, գնացի քնելու, բայց միեւնույն է՝ չէի կարողանում քնել: Գիշերը ժամը 4-ն էր, ասացի՝ տղաներ, թեյ դնեմ, թարմացեք: Թեյը ձեռքիս մոտեցա դռանը: Դուռը ծածկած էր, բայց լսեցի, որ Վահագը հեռախոսով ընկերների հետ էր խոսում, ասում էր՝ ախպեր, դուք ջոկատ կազմած գաք, ես ձե՞զ տիրություն անեմ, թե՞ իմ գործն անեմ: Դուք զենք բռնել չգիտեք: Համացանցում հայկական բանակի հաշվեհամարը կա, բանակին ուղարկեք ձեր ինքնաթիռի տոմսի փողը` էստեղ մսաղաց է:

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Առաջին անգամ այդ բառը որդուցս լսեցի: Ձեռքերս թուլացավ, բաժակներն ընկան ձեռքիցս: Եկավ դուռը բացեց, ասաց՝ այ մա՛մ, ի՞նչ եղավ: Մոտեցա, ձեռքերից բռնեցի, չոքեցի, ասում եմ՝ Վահա՛գ, հանկարծ չգնաս: Ասաց՝ դու հասկանո՞ւմ ես՝ մենք Հայրենիք ենք կորցնում, ես չգնամ, ո՞վ գնա: Լարվածությունից պարանոցի երակները ցցվել էին, աչքերը վառվում էին: Միջանցքով գնաց եկավ, մի հատ բռունցքով խփեց բաղնիքի դռանը, դուռը կոտրվեց: Ես հոկտեմբերի 8-ի առավոտյան տանից դուրս եմ եկել, ինքը հորը հրաժեշտ է տվել ու գնացել… Նրա գնալուց ոնց որ մի դար անցած լինի: Որ ասում են՝ տարի է անցել, խելագարվում եմ ուղղակի»:

 

Արամ Թումասյան

 

«Եռաբլուր գնալուց ես ցավ չեմ զգում, չեմ վշտանում: Ես Վահագնի ներկայությունն էնտեղ չեմ զգում, ուղղակի կարոտում եմ: Գնում եմ, իր նկարը համբուրում, եթե լաց էլ եմ լինում, ապա միայն կարոտից»:

 

Մարիամ Թումասյան

 

«Մինչեւ կյանքիս վերջը պիտի սպասեմ ու կարոտեմ, մինչեւ գնամ հասնեմ իրեն: Շատ դաժան է այս ամենը: Սրանից այն կողմ աշխարհ չկա: Էնպիսի հզոր մարդ էր… Երբ մտածում եմ, խորանում եմ, թե ինքն ուր է, զգում եմ, որ չեմ դիմանա, կեսից ինձ ընդհատում եմ: Բայց Եռաբլուրում ինձ չեմ կարողանում տիրապետել, անվերջ կարոտը խեղդում է»:

 

Լենա Գեւորգյան

 

Լուսանկարները՝ Վահագն Թումասյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին