Հերոսապատում․ Վահագն Ասատրյան - Mediamax.am

exclusive
14397 դիտում

Հերոսապատում․ Վահագն Ասատրյան



ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված եւ ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: Այդ ընտրության մեջ դեր ունեին սպարապետ Վազգեն Սարգսյանը եւ քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, որի ռազմական մկրտությամբ է սկսվել հերոսի ուղին: Նրա հորդորով է Վահագնի մայրը` տիկին Սիման համաձայնել որդու մասնագիտական ընտրության հետ:

 

Կադրային զինվորական Վահագն Ասատրյանը ավարտել է 5 ռազմական բուհ: Նրա զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից 1994 թվականին: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո սկսվել է Վահագնի  երկարամյա ծառայությունը Հայոց բանակում: Ստանձնելով բազմաթիվ պատասխանատու պաշտոններ տարբեր զորամասերում՝ նա իր ներդրումն է ունեցել բանակաշինության գործում: 2015-2017թթ. նա եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: Հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոսի բարձր կոչման:

 

Փայլուն զինվորականի, կադրային սպայի մարդկային, մասնագիտական որակների մասին են պատմում նրա զինակից ընկերները: Նրանք հրամանատար Վահագն Ասատրյանի հետ են եղել նրա կյանքի վերջին` հերոսական օրերին…

 

Փոխգնդապետ Անդրանիկ Մխիթարյան

 

Ես միշտ ասել եմ, եթե մեր հրամանատարը չզոհվեր, պատերազմի ելքն այլ կլիներ: Մռավի լեռնաշղթայի ամբողջ օպերացիայի ժամանակ 4-5 օր մշտապես դրսում էր: Տեղազննման աշխատանքներն անձամբ էր կատարում, անձամբ էր ընդունում նաեւ բոլոր որոշումները: Միանգամից կանխազգում էր հակառակորդի նոր մտահղացումը եւ այն խափանելու հմուտ ծրագիր էր մշակում: Յուրահատուկ վերաբերմունք ուներ իր մոր նկատմամբ. ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ անգամ պատասխանում էր երկու մարդու հեռախոսազանգի` մեր ընդհանուր վերադասի եւ մոր: Կարեւոր չէր՝ հրետակոծություն էր, ավիացիայի հարվածներ էին, միեւնույն է՝ պատասխանում էր: Դա շատ է տպավորվել իմ մեջ: Ասում էր. ‹‹Մամ ջան, լավ ենք` խփելով, ջարդելով առաջ ենք գնում…››:

 

Հադրութի մարտերից եմ ուզում խոսել: Հրամանատարի ջանքերի շնորհիվ մեծ ու ջախջախիչ հարված հասցվեց թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Նրանք 50-70 դի էին թողել մարտի դաշտում: Մեզ ինֆորմացիայի համար գերիներ էին պետք: Հրամանատարն անձամբ էր բոլոր դիակները ստուգում. ուզում էր համոզվել՝ նրանց մեջ կենդանի կա, թե ոչ: Այդ 70 հոգուց միայն երկուսն ունեին կապիտանի կոչում, մյուսները բոլորը մայոր, փոխգնդապետ եւ գնդապետ էին: Դա իրենց էլիտար ստորաբաժանումներից մեկն էր:

 

Հրամանատարը բոլոր որոշումներն անձամբ էր կայացնում եւ աշխատում էր ինքն էլ իրագործել դրանք: Ինքն ազգային հերոս էր մինչ այդ կոչումը ստանալը…

 

Գարիկ Գեւորգյան (վարորդ)

 

Այդ անգամ մեր տեղակայման վայրն Արեւշատ գյուղն էր: Առավոտյան 6-ին այնտեղից դուրս եկանք եւ ուղեւորվեցինք Հադրութ: Ճանապարհին էինք, լույսն էլ դեռ կարգին չէր բացվել, մեկ էլ անսպասելի ասաց՝ կանգնեցրու մեքենան։ Հարցրեցի՝ ի՞նչ է եղել (մեր հետեւից մեքենաների շարասյուն էր գալիս)։ Ասաց՝ կանգնի՛ր: Իջանք, տեսանք մեզանից ձախ հողին պառկած զինվոր է՝ ցեխոտ, կեղտոտ, ավտոմատն էլ ուսին: Սկզբում այնքան վախեցած էր, բան չէր ասում: Հրամանատարը միանգամից զգաց, որ զինվոր է: Նրան մեզ հետ Հադրութ տարանք: Հրամանատարի կարգադրությամբ նրան մաքրեցին, նոր հագուստ տվեցին, հետո բերեցին մեզ մոտ: Հրամանատարը հարցրեց՝ ո՞վ ես, որտեղի՞ց ես: Պատասխանեց, որ միակողմանի ծնողազուրկ է, հայրը շուտ է մահացել: Զինվորը պատմեց, որ հրետանավոր է Վայքի զորամասից: Ասաց, որ ընկերները բոլորը զոհվել են: Հրամանատարը հարցրեց՝ բա դու ո՞ւր էիր, ինչպես է, որ իրենց հետ չէիր: Պատասխանեց, որ գնացել էր արկերի հետեւից: Երբ հրամանատարն ասաց՝ կկազմակերպենք, կգնաս քո զորամաս, հուզվեց, չէր ուզում գնալ: Ասաց՝ ինձ մի ուղարկեք, ես իմ բոլոր ընկերներին կորցրել եմ, ո՞ւր գնամ: Ես վաղ հասակում հորս եմ կորցրել, եթե դուք չլինեիք, կամ գերի կընկնեի, կամ կսպանվեի, ուզում եմ ձեզ մոտ մնալ…

 

Փոխգնդապետ Վարդան Վարդանյան

 

Խանձաձոր գյուղում էինք, հիմա այն հակառակորդի ձեռքում է… Գյուղում հրամանատարական կետ էինք ձեւավորել, որպեսզի կարողանայինք խմբերի, գումարտակների միջեւ փոխհամագործակցություն ապահովել: Երբ երեկոյան հրամանատարն առաջադրանքից վերադարձավ` տեսավ, որ մեր զինծառայողներն իր անկողնում են քնած: Ուզում էինք արթնացնել նրանց, բայց հրամանատարը թույլ չտվեց, գետնին պառկեց ու քնեց… Այնքան իր սիրում իր ենթականերին, որ երբեք տարբերություն չէր դնում իր եւ նրանց միջեւ. մինչեւ չճշտեր՝ զինվորները հաց կերել են, թե չէ, ինքը հաց չէր ուտում…

 

Փոխգնդապետ Անդրանիկ Մխիթարյան

 

Յուրաքանչյուր գրոհի ժամանակ գոռում էր ռացիայով. ‹‹Սպեցնա՛զ, առա՛ջ…››: Այդ ձայնը ռացիայով լսում էին ոչ միայն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, այլեւ տարածքի բոլոր ստորաբաժանումները, եւ բոլորի մոտ ոգեւորություն էր առաջանում. ‹‹Ասատրյան Վահագնը այս տարածքում է, եւ մենք խնդիր չունենք››։ Բոլորն էդպես էին մտածում: Նույնիսկ Հադրութի պաշտպանության ժամանակ, երբ այնտեղ արդեն իրավիճակը մի քիչ լավ չէր, հատուկ նրան կանչեցին, որ մի պահ ներկա գտնվի, որպեսզի ամբողջ տարածքում տեսնեն, որ մենք այնտեղ ենք: Հադրութից մի 20 կմ հարավ էինք: Էնտեղի պաշտպանությունը թուլանում էր, եւ որպեսզի անձնակազմը տեսնի, որ մենք էնտեղ ենք, հրամանատարը մի պահ ժամանակ գտավ եւ գնաց հոգեբանական աջակցություն ցույց տալու` նրանց ոգին բարձրացնելու: Դրանից երկու օր անց գեներալ Արթուր Աղաբեկյանը բջջայինով զանգել էր եւ խնդրում էր․ «Վահագ, բարձրախոսը միացնեմ, խոսիր, սրանք չեն ուզում մնալ, հետ են գնում, ասա, որ դու կողքն ես, որ մի 5 կիլոմետր ես հեռու, որ հավատան ու մնան»:

 

Հեռախոսով թե ռացիայով՝ բոլորին էր ոգեւորում՝ եւ մոբի, եւ Երկրապահի, եւ կողքի ստորաբաժնումներին… Իր զոհվելուց մեկ օր հետո Հադրութն ընկավ, դա նաեւ դրա հետ եմ կապում: Իր մշակած մարտավարական որոշումները, քարտեզները պահում ենք. միշտ ասում էր՝ սրանք պատմություն են, լավ կպահեք… Հիմա պահած են։ Մի օր որ քարտեզին նայենք, այնքան հիշողություններ կարթնանան. իր բոլոր մտքերը, գործերը կհիշենք:

 

Սարգիս  Զ.

 

Հրամանատարի զոհվելուց մեկ օր առաջ նույն տեղում վիրավորներ էինք ունեցել: Մի քանի զոհ ունեինք, մի քանի հոգի էլ՝ վիրավոր: Երբ կապվեցինք, որպեսզի վիրավորներին տեղափոխեն, մեզ ասացին՝ մեքենա չկա, եւ Տողից հոսպիտալը տարհանում են: Ինքն այն մարդկանցից չէր, որ թողներ՝ իր վիրավորներն անտառում մահանային: Ասաց՝ կարո՞ղ ես տանել։ Ասացի՝ կարող եմ փորձել: Ասաց՝ նստի մեքենան, տար նրանց ու կենդանի հետ արի: Խառն էր իրավիճակը: Թշնամու կողմից խմբեր կային մեր կողմն անցած, մերոնք էլ մաքրում էին նրանց մեր տարածքից: Ես, մեր ընկերներից մեկը եւ երկու հոգի մոբից տեղավորվեցինք մեքենայի մեջ: Զենքերը թափքից դուրս հանել տվեցի, ասացի՝ որ կողմ գոռամ կրակեք` կկրակեք: Մի քիչ վախեցած էին, բայց գնացինք:  Անգամ ավիահարվածից փրկվեցինք, մի քանի վայրկյանի տարբերությամբ: Մերոնք հետո խփեցին այդ ինքնաթիռը, բայց արդեն հասցրել էր ահագին վնաս տալ: Տղերքին տեղ հասցրեցինք։ Մենք մեր զոհերին էլ չենք թողել… Քիչ դեպքեր, ահավոր իրավիճակներ է եղել, որ հնարավոր չի եղել տարհանել: Հրամանատարը ոչ մեկին չէր  թողնում, տարհանում էր բոլորին` վիրավոր, զոհ:

 

Թշնամին էլ լավ գիտեր իր մասին եւ հրամանատարին շատ լուրջ փնտրում էր: Մի անգամ իսրայելական կամիկաձե անօդաչուն մեզ շատ մոտեցավ: Մի պահ եղավ՝ կամիկաձեն համարյա մեր գլխի վրայով անցավ, բարեբախտաբար, մի 50 մետր այն կողմ ընկավ: Այդ դեպքից հետո մի օր նստած էինք խոտի վրա, եղինջը ձեռքը ծակեց, բարկացավ եղինջի վրա, կարծես կռիվ տար հետը. ‹‹Կամիկաձեն չի կարողանում ինձ խփի, դու պիտի՞ ծակես››։

 

Տեր Մանուկ քահանա Զեյնալյան, բրիգադի գնդերեց

 

Մեր առանձնազրույցների ժամանակ զգում էի, թե որքան հաշտ է Աստծո հետ ու որքան  շատ է ցանկանում հաշտ լինել մարդկանց հետ: Նույնիսկ այն մարդկանց, ովքեր իր հանդեպ սխալ են գործել: Նրա համար արդարությունից վեր էր միայն մարդասիրությունը: Ամեն օր աչքիս առաջ է այն պահը, երբ ծանր վիրավորում ստացած զինվորի կողքին հրամանատարը ծնկել էր ու մի տեսակ շոյելով ապտակում էր զինվորի դեմքին, որ չուշաթափվի, մինչեւ բժիշկը կհասնի: Այդ պահին դիմում էր ինձ. ‹‹Տեր հայր, խնդրում եմ, Հայր մեր աղոթքն ասա՛, աղոթենք, աղոթքով ուժեղանանք… Ես գիտեմ՝ աղոթքը կփրկի…››:

 

Փոխգնդապետ Վարդան Վարդանյան

 

Տղաները փասիան էին բռնել, հրամանատարը գրկել էր եւ երեխայի պես սիրում էր: Թույլ չէր տալիս վնասեն… Կենդանիներին շատ էր սիրում, ասում էր՝ պիտի հոգ տանենք մեր բնության մասին: Քարվաճառից մի դրվագ պատմեմ. ‹‹Յուրդ›› մարտական դիրքը գրավելուց առաջ 2-րդ բանակային կորպուսի ամբողջ հրամանատարական կազմն այնքան էր վստահում Վահագն Ասատրյանին, որ ամբողջ հրետանային դիվիզիոնը եւ ապահովման ստորաբաժանումներն ընդգրկել էին հրամանատարի ենթակայության տակ՝ որպես աջակցող ստորաբաժանում: Անձամբ գնդապետ Ասատրյանի ջանքերով ու ղեկավարման ունակությունների շնորհիվ հակառակորդի կողմից նախօրոք գրաված դիրքը` ‹‹շղթա 9-ը›› հետ ենք բերել եւ պահել, չնայած ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ:

 

Սարգիս  Զ.

 

Մի օր գեներալ Տիրան Խաչատրյանն էր եկել: Այդ պահը կարծես համընկավ։ Հանդիպեցին, կանգնած մի քիչ քննարկեցին, խոսեցին դեսից-դենից: Վահագնը հասկացրեց՝ նկարեմ իրենց, որ հուշ մնա այդ հանդիպումից: Հեռախոսը վերցրեցի ու սկսեցի նկարել: Գեներալը գլխի ընկավ, հարցրեց՝ նկարո՞ւմ ես։ Ասացի՝ հա: Թեւը գցեց Վահագնի ուսին, իր կողմը քաշեց ու ասաց՝ այ հիմա նկարի…

 

Ես մեզ պարտված չեմ համարում, մեր բրիգադն իր հնարավորություններից էլ առավել է կատարել, ինչ կարողացել, արել ենք… Հրամանատարն ամեն մի զոհն ահավոր էր տանում, չէր համակերպվում, անընդհատ ուզում էր վրեժ լուծել…

 

Փոխգնդապետ Անդրանիկ Մխիթարյան

 

Յուրաքանչյուր խնդիր տալուց ասում էր. ‹‹Մեր հաղթանակի բերկրանքն այս խնդրից է կախված. հենց այս խնդիրը կատարենք, հաղթելու ենք…››: Չնայած դժվարություններին՝ վստահ էր, որ պիտի հաղթենք: Մարտի ամենաթեժ պահերին էլ հումորներ են անում, որ անձնակազմի լարվածությունը հաներ, ու միշտ Մոնթեի խոսքերն էր մեջբերում: Ամեն մի քարով, թփով, տարածքով, մի թիզ հողով էր ապրում: Ամեն մի կորստից ցավ էր զգում, կապ չունի՝ ով էր ու որ զորամասից: Յուրաքանչյուր դիրքի կորուստ իր ընտանիքի անդամի կորստի պես էր տանում, ոնց որ իրենից մի մաս պոկվեր, այդպես ցավում էր…

 

Զինկոմիսարիատի աշխատակից Սիլվա Գեւորգյան

 

Ուսումնական զորամասերում ծառայության անցած ժամկետայիններն արձակուրդի գնալուց ներկայացել էին զինկոմիսարիատ` հաշվառում անցնելու: Հավաքվել ու հերթով մոտենում էին՝ որը մենակ, որը ծնողի հետ: Հանկարծ շարքում կանգնածներից մեկի բարձր ձայնն եմ լսում. ‹‹Մեր հրամանատարը մարդ ա, մարդ: Մենք խնդիր չունենք, եթե հարց է լինում, անմիջապես դիմում ենք իրեն. հրամանատարը մեր թիկունքին է` ‹‹մուժիկ›› է իսկական: Հետո հայրն է ավելացնում. ‹‹Մեր երեխեքի համար հայր է, ծնող››: Լսում եմ ու չեմ կարողանում չհարցնել, թե որ զորամասի հրամանատարի մասին է խոսքը: Հայրն ասում է. ‹‹Վահագն Ասատրյանն է հրամանատարը: Գիշերները հանգիստ ենք քնում, գիտենք՝ մեր երեխաները վստահելի ձեռքերում են››: Հետո ավելացնում է․ ‹‹Եթե ուզում ես հրամանատարի մասին կարծիք կազմել, պետք է նրա զինվորի դեմքին նայես, նրա տրամադրությանը: Առաջին իսկ օրվանից հրամանատարը մեր երեխաների մեջ վստահություն ու ոգի մտցրեց: Հիմա ուր էլ գնան, եթե Վահագնի նման դուխ տվող լինի` աշխարհ շուռ կտան: Էնտեղ իրենց մարդ են զգում, որովհետեւ հրամանատարը զինվորին հարգում, սիրում է ծնողի պես››:

 

Ուրախությունս չկարողացա թաքցնել ու ասացի, որ իմ հարազատն է` մեր Վահագն է… Հեռախոսը վերցրի ու անմիջապես զանգեցի մորը` տիկին Սիմային: Որդու մասին ասված ամեն ջերմ խոսք երջանկություն է…

 

Փոխգնդապետ Անդրանիկ Մխիթարյան

 

250 հոգանոց ստորաբաժանումը Ջրականում (Ջաբրայիլ) շրջափակման մեջ էր ընկել: Այնտեղից դեպի հարավ ընկնող հատվածում մեզ խնդիր էր առաջադրվել: Խնդրի կատարման համար դուրս եկանք գիշերը` մի բարձրաստիճան զինվորականի ուղեկցությամբ: Տեղ հասնելուն պես հրամանատարը պաշտպանության խնդիրներ առաջադրեց տեղի ստորաբաժանումներին եւ փորձեց փոխհամագործակցություն ստեղծել: Եղանակի եւ կապի բացակայության պատճառով ամեն ինչ չէ, որ ստացվեց: Առավոտյան պարզվեց, որ մենք հակառակորդի թիկունքում ենք գտնվում` մոտ 5-7 կմ խորությամբ: Մեր աջ ու ձախ կողմերում, ինչպես նաեւ թիկունքում հակառակորդի խոշոր ստորաբաժանումներ էին գտնվում: Դրանք հրաձգային, տանկային հրետանային ստորաբաժանումներ էին, որոնք հարմար պահի էին սպասում եւ լուսաբացին սկսեցին գրոհել մեր ստորաբաժանման ուղղությամբ:

 

Մենք չէինք հասցրել դիրքավորվել, սակայն ընդհանուր առմամբ 20 ժամ մարտ վարեց մեր ստորաբաժանումը: Ցավոք, ունեցանք 2 կորուստ եւ մի քանի վիրավոր: Հակառակորդին հասցնելով կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի մեծ կորուստ՝ կարողացանք հրամանատարի հմուտ ղեկավարությամբ դուրս գալ շրջափակումից: Մենք էլ ունեցանք ավտոտեխնիկայի մեծ կորուստներ: Հրամանատարի համար կարեւորն աձնակազմն էր, որին ամբողջությամբ կարողացավ դուրս բերել շրջափակումից: Նա արեց անհնարինը, որովհետեւ շրջափակման օղակի ճեղքումը բոլոր տեսանկյուններից անհնար էր: Ինքը` գտնվելով շրջափակման մեջ, հմուտ ղեկավարում էր իր ստորաբաժանումը. Աջից` ստորաբաժանումներից մեկը պաշտպանություն էր իրականացնում, ձախից մյուս ստորաբաժանումը փոքր խմբերով անակնկալ հարձակում էր իրականացնում եւ հակառակորդի թեւերում խուճապ տարածում: Մենք շրջափակման մեջ էինք, բայց հակառակորդի մոտ տպավորություն էինք ստեղծել, որ իրենք են շրջափակման մեջ: Դրա համար մի մասը մարտ էր վարում, մյուս մասը` հրամանատարի ցուցումով շրջանցում էր թեւերից եւ հարվածներ հասցնում թշնամուն: Հակառակորդը որոշ տեղեր խուճապի էր մատնվել եւ չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Մեր ստորաբաժանումը չուներ հրետանի, իսկ հակառակորդը գերազանցում էր թե ուժով, թե հրետանիով, թե օդուժով, թե մարդկային ռեսուրսով, հիմնական զրահատեխնիկայով, զրահափոխադրիչներով, տանկերով… Մենք ունեինք ձեռքի նռնականետեր եւ սովորական ավտոմատներ: Նման դեպքում անհնար էր այդ քանակությամբ անձնակազմ դուրս բերել, բայց մենք դուրս եկանք… Հակառակորդը մեր ոչնչացված տեխնիկան էր նկարել: Թշնամին շատ ծանր էր տանում, նեղված էր, որ ամբողջ տեխնիկայի մոտ ոչ մի զոհվածի կամ վիրավորի մարմին չկար:

 

Ասատրյանին ճանաչողները, իր հետ մարտի գնացածները բոլորը այն կարծիքին են, որ, եթե գնդապետ Ասատրյանը ողջ լիներ, պատերազմի ելքն այլ կլիներ:

 

Գարիկ Գեւորգյան

 

Նույնիսկ շրջափակման մեջ պարբերաբար կատակում էր: 20 մետր հեռավորության վրա արկ էր ընկել ու հրամանատարին թեթեւ վիրավորել: Անհրաժեշտ պարագաներ չունեինք` վերքը թաց անձեռոցիկով ու ալկոգելով էինք մշակում: Մշակելուց՝ բեկորի ծայրը երեւում էր, ասացի՝ թող հանեմ: Էլի կատակի տվեց. ‹‹Իմ ‹‹ասկոլկան›› թող մնա իմ մեջ, պետք չի, մի հանի…››:

 

Սարգիս  Զ.

 

Ջրականում շրջափակման մեջ էինք: Մենք չէինք մեղավորը: Չեմ կարող մանրամասնել` եղավ այն, ինչ եղավ: Մեկը ասաց՝ կամանդի՛ր, հեսա կփակեն մեզ: Նայեց, ասաց՝ դե լավ ա էլի, որ կողմի վրա ուզենք, կգրոհենք: Երբ սկսեցին մեծ ուժերով գրոհել, բոլորը նայում էին հրամանատարին: Միշտ է այդպես: Փառք Աստծո, նույնսիկ ամենակրիտիկական պահին ինքը հանգիստ էր: Նա մի քանի փուլերով մեզ դուրս բերեց շրջափակումից, արեց անհնարինը: Բոլորը զարմանում էին, թե ոնց կարելի է նման իրավիճակում հանգիստ լինել: Ինքը վստահ էր, որ հաղթելու ենք, ու հաղթած գնաց… Բայց չգնաց` մեզ հետ է, վստահ եղեք: Մենք պարտվեցինք, որովհետեւ ամբողջ աշխարհի դեմ մի փոքր պետություն էր կռվում: Զգալով, որ էական հաջողություններ չունեն ու չափից շատ են իրենց կորուստները, հսկայական ռեսուրսներ ներգրավեցրն, մի 1000 հոգի միայն Ջրականում կոտորվեցին: Խաբում են՝ իրենց ասած թվի միայն կեսը Ջրականում են կորցրել: Նրանք վերջում ‹‹վա-բանկ›› գնացին, ինչ ունեին, նետեցին մարտի մեջ:

 

Փոխգնդապետ Վարդան Վարդանյան

 

Շրջափակման օրը` հոկտեմբերի 5-ն իմ ծննդյան օրն էր: Հենց այդ օրն ընկանք շրջափակման մեջ: Փոխգնդապետ Մխիթարյանն ու Առաքելյանը ասացին՝ հրամանատա՛ր, այսօր փոխգնդպետ Վարդանյանի ծննդյան օրն է: Մեքենայի մեջ նստած էինք` անձրեւից թրջվել էինք, ուզում էինք մի փոքր տաքանալ: Հրամանատարը սկսեց գրպանները շոշափել` ինչ-որ բան էր փնտրում: Մի հատ ջեմով կոնֆետ գտավ ու ժպիտով ավելացրեց՝ միայն սա կարող եմ քեզ տալ, էստեղից դուրս կգանք, անպայման կնշենք: Ասացի՝ հրամանատա՛ր, էստեղից դուրս գանք, դա կլինի իմ ծննդյան լավագույն նվերը… Եվ դուրս եկանք, հրամանատարը մեզ դուրս բերեց…

 

Հակառակորդն իսկական որս էր կազմակերպել, հրամանատարն ամենակարեւոր թիրախն էր: Ռացիայով հակառակորդը կապ էր տվել իրենց հրետանավորներին, ավիացիային եւ հրամայել՝ որտեղ Վահագ ‹‹պազիվնոյ›› լսեք, բացահայտեք՝ որտեղից է կապի դուրս գալիս եւ անմիջապես առնվազն «Սմերչով» խփեք: «Սմերչով» խփեցին` չկարողացան, ստիպված ավիացիայով խփեցին:

 

Փոխգնդապետ Անդրանիկ Մխիթարյան

 

Իր մարտական խնդիրն ուրիշ ուղղությամբ էր։ Այն խնդիրը, որ նա կատարեց, պետք է մեկ այլ ստորաբաժանում աներ: Սակայն հրամանատարը որոշեց, որ ինքը պետք է բոլոր բարձունքները անցնի ու պաշտպանության անցած բոլոր ստորաբաժանումներին հատ-հատ խնդիրներ առաջադրի: Ուզում էր վերջնականապես կայուն պաշտպանություն ստեղծել, այդ պատճառով էլ անձամբ մեկնում էր ու խնդիրներ առաջադրում: Ցավոք, հակառակորդը բացահայտել էր հատուկ նշանակության բրիգադի հզոր հրամանատարի տեղը, որովհետեւ պատերազմի սկզբից իրեն էր փնտրում: Հրամանատարն էլ վախ չուներ… Նա վախ չուներ, որովհետեւ իրավունք չուներ վախենալու, որովհետեւ բոլոր ստորոբաժանումներն իրեն էին նայում: Միշտ առաջինն ինքն էր գնում: Որոշում էր կայացնում եւ առաջինը ինքն էր գնում, որ մյուսները համոզվեին, որ իր ընդունած որոշումը ճիշտ է:

 

Երբ զոհվեց, բոլորը հուսահատ էին, բայց հետագայում ամբողջ զորամասը մի կարգախոսով էր առաջնորդվում՝ բոլորս Վահագն ենք ու մեր գործը անում ենք իր պատիվը բարձր պահելու եւ կիսատ գործը շարունակելու համար:

 

Սարգիս  Զ.

 

Մահվան օրը՝ հոկտեմբերի 12-ին առավոտյան ինձ ուղարկեց հոսպիտալ: Ծռվել էի, չէի կարողանում շարժվել: Ասաց՝ գնա բուժվի, արի․ դու ինձ առողջ ես պետք: Գնալուց առաջ ասացի՝ ինչ կլինի, առանց ինձ տեղ մի գնացեք: Նայեց, բան չասաց, միայն քմծիծաղ տվեց, հետո ավելացրեց՝ գնա՛, գնա՛… Գալուց իմացա՝ հրամանատարը զոհվել է, Լյովը զոհվել է, Ավանյանը զոհվել է…

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Վահագն Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին