4 տարի առաջ, երբ Արամը մտավ Մատենադարան, պատկերացում չուներ՝ ուր է գնում, ինչի համար։ Մայրիկն առաջարկել էր մասնակցել Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» ծրագրին, Արամը չէր մերժել. հետաքրքիր էր՝ ինչով է մանրանկարչությունն առանձնահատուկ։ Ու արդեն 4 տարի ձեռագրարվեստն ու մանրանկարչությունը Արամի առօրյայի կարեւոր մասն են դարձել։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Շատ հետաքրքիր է եւ սովորական նկարչությունից շատ է տարբերվում իր մանր դետալներով, իմաստով։ Մանրանկարչության համար համբերություն է պետք, որն ինձ մոտ չկար, բայց տարիների ընթացքում ձեւավորվեց, խորիմաստ միտք է պետք, եւ ամենակարեւորը՝ տրամադրություն։ Եթե մանրանկարչության գալիս ես անտրամադիր, անպայման ազդում է նկարի վրա, եւ հակառակը»,- իր փորձառությամբ կիսվում է 12-ամյա Արամը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Փոքրիկ ծաղկողներ» ծրագիրը, որ հետո ընդլայնվեց ու դարձավ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիա, «Մաշտոց» հիմնադրամի նախաձեռնությունն է։ Տնօրենն ասում է, որ կրթական, ճանաչողական ծրագրերով փորձում են Մատենադարանի հարստությունը հասանելի դարձնել երեխաներին ու պատանիներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր խնդիրը երեխաներին մանրանկարչություն կամ նկարչություն սովորեցնելը չէ, այլ առաջին հերթին ապահովել այն ճանաչողական դաշտը, որ ծանոթանան Մատենադարանում պահվող գրավոր ժառանգությանը, մեր ժողովրդի ստեղծած գանձերին։ Ապա նկարչության միջոցով օգնում ենք զարգացնել ստեղծագործական միտքը, միջնադարյան հեղինակների անունները դարձնել առօրեական, ոչ թե հեռավոր մի հիշողություն կամ դասագրքում կարդացած անուն, որպեսզի իրենք այդ արժեքների կրողը, լիիրավ ժառանգորդը լինել»,- ասում է «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամեն ինչ սկսվեց մեկանգամյա ծրագրից։ Մասնակից երեխաներին պատմեցին ձեռագրարվեստի մասին, հետաքրքիր նյութեր ցուցադրեցին, հետո դատարկ էջերով գրքույկներ ու ինքնասոսնձվող պատկերներ տրամադրեցին, որ ամեն մեկն իր ձեռագիր գիրքը ստեղծի։ Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ձեւավորվեց «Փոքրիկ ծաղկողների» առաջին խումբը։
«Բոլոր դպրոցականներն այցելում են Մատենադարան, գալիս են մեծ խմբով, կարճ ժամանակահատվածում շատ բան են տեսնում, սակայն փոքրիկ հիշողություններ են տանում։ Մեզ համար կարեւոր էր, որ իրենք կապվեն Մատենադարանի հետ եւ իրենց տեսածը խորը հետք թողնի։ Դրա համար պետք է, որ երեխաներն ինչ-որ բանի մասնակից լինեն»,-ասում է «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սենյակի պատին, որտեղ անցկացվում են դասերը, ստուդիայի աշակերտների առաջին մանրանկարներն են փակցված՝ պատկերագրության ավանդական կանոններով, գույներով, թեմաներով։ Մատենադարանի գիտաշխատողները նրանց ծանոթացրել են ձեռագրարվեստի, մանրանկարչության, վիմագրության, որմնանկարչության առանձնահատկություններին, գրչության դպրոցներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մանրանկարչությունն ունի իրեն բնորոշ տեխնիկան, դրան հարմարվելը երկար ժամանակ պահանջեց։ Բացի այդ, ինձ համար մի քիչ դժվար էր, որովհետեւ մանրանկարչությունը գրեթե ամեն ինչով տարբերվում է նկարչությունից, իսկ ես գեղանկարչության եմ գնում, եւ դա իր ազդեցությունը թողնում էր իմ մանրանկարների վրա։ Մատենադարանում դասերի գալուց հետո ձեռքս շատ է բացվել, թե՛ ձեռագիրս, թե՛ նկարելու ոճս շատ է փոխվել»,-ասում է Իննան։

Լուսանկարը` Մեդիամաքս
Փոքրիկ ծաղկողները 6-12 տարեկան են, պատանիների համար գործում է թվային մանրանկարչության խմբակը։ Ժամանակակից թվային գործիքների եւ համակարգչային ձեւավորման ծրագրերի միջոցով նկարում կամ թվայնացնում են ձեռքով արված նկարները։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջերս լույս տեսավ նրանց առաջին գիրք-ալբոմը՝ Ներսես Շնորհալու «Հանելուկները»։ Գիրքն ամբողջությամբ երկու խմբերի աշխատանքի արդյունքն է՝ նկարազարդումից մինչեւ տառատեսակի ընտրություն, կազմի ձեւավորում, էջադրում։ Փոքրիկ ծաղկողները պատկերել են հանելուկների պատասխանները, իսկ թվային մանրանկարչության խմբի ստեղծագործողները թվայնացրել դրանք։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սկզբում նախ սքանավորում ենք նկարները։ Բնօրինակին նայելով՝ համակարգչային տարբեր ծրագրերով նույնը նկարում ենք, այնպես, որ տարբերություն չլինի։ Հետո սկսում ենք գունավորել՝ հնարավորինս մոտ մանրանկարչության գույներին։ Սկզբում մանրանկարն ենք արել, հետո գրել ենք հանելուկն ու գլխատառը։ Դժվարությունը նրանում է, որ մեր նկարները չեն։ Եթե նույնիսկ սխալներ ենք տեսնում, պիտի կարողանանք զսպել մեզ, որ չուղղենք, ինչ-որ բան փոխելու իրավունք չունենք»,- ասում է 17-ամյա Լուսինեն, որը մանրանկարչուհի է դառնալու։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հանելուկները» տպարան ուղարկելուց անմիջապես հետ՝ ստուդիա հաճախող երեխաներն ու պատանիները սկսել են հրատարակության պատրաստել երկու նոր գիրք։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Թվային մանրանկարչության սաները հենց համակարգչով նկարելու ու ավարտուն տեսքի են հասցնելու Շիրակացու խրախճանական եւ համրողական կոչվող խնդիրների գիրքը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բացի այն, որ հետաքրքիր է լուծել այդ պարզ թվաբանական խնդիրները, դրանք նաեւ այնքան հետաքրքիր բովանդակություն ունեն, պատմում են 7-րդ դարի կենցաղի, ավանդույթների, պատմական իրադարձությունների, տեղանունների, անգամ՝ չափման միավորների ու Հայաստանում շրջանառվող դրամների տեսակների մասին։ Երկրորդ գիրքը կրկին Ներսես Շնորհալու ստեղծագործություններից է՝ խրատներ սովորողներին։ Օգտագործելով այբուբենի տառերը՝ խրատում է, թե ինչպես պետք է սովորել, ինչու պետք է սովորել, ինչքան կարեւոր է լսել ուսուցչին եւ ծնողին, հոգով ու սրտով հավատալ Աստծուն։ Ամեն տառը մի խրատ է։ Այդ գրքի վրա կաշխատեն մեր փոքրիկ ծաղկողները»,- ասում է Լիլիթ Վարդումյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հրատարակությունները նաեւ նպատակ ունեն հանրայնացնելու միջնադարյան հեղինակների ստեղծագործությունները։ Ներսես Շնորհալու խրատները, օրինակ, լույս են տեսել միայն «Մատենագիրք հայոց» մատենաշարում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ծաղկելու արվեստ» ստուդիան գործում է անվճար։ Անվճար տրամադրում են նաեւ բոլոր անհրաժեշտ նյութերը։ Ծրագիրն իրականացվում է «Հրայր եւ Աննա Հովնանյաններ» հիմնադրամի միջոցներով։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: