Բժիշկ Տիգրան Քամալյան. Մանկական դիմագծերով հերոս տղաներ էին - Mediamax.am

exclusive
4788 դիտում

Բժիշկ Տիգրան Քամալյան. Մանկական դիմագծերով հերոս տղաներ էին


Տիգրան Քամալյանը
Տիգրան Քամալյանը

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Տիգրան Քամալյանը
Տիգրան Քամալյանը

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից


Երեւանի գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը Արցախյան վերջին պատերազմի 3-րդ օրվանից արդեն մարտի դաշտի ճանապարհին էր։ Այսօր՝ պատերազմից գրեթե մեկ տարի անց նա կիսվում է հուշերով։

 

Հայտնեցի, որ պետք է գնամ Արցախ

 

Մտքերով պատերազմի դաշտում էի հենց առաջին րոպեներից, երբ իմացա, որ կրկին պատերազմ է սկսվել։ Ֆիզիկապես առաջնագծում հայտնվեցի հոկտեմբերի 1-ին։ Պատերազմի հենց սկզբից դիմեցի զինկոմիսարիատ եւ հայտնեցի, որ պետք է գնամ Արցախ, բայց քանի որ չգիտեմ՝ որտեղ ավելի շատ իմ կարիքը կլինի, դուք ուղարկեք ըստ անհրաժեշտության։ Երկու օր սպասողական վիճակ էր, չդիմացա, նորից գնացի զինկոմիսարիատ եւ պնդեցի, որ, եթե չուղարկեն, ինքնուրույն եմ գնալու։

Տիգրան Քամալյանը Տիգրան Քամալյանը

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Սեպտեմբերի 30-ին կանչեցին, մի ամբողջ օր կրկին սպասողական վիճակ էր, միայն գիշերը Երեւանից շարժվեցինք եւ հոկտեմբերի 1-ին ցերեկը հասանք Արցախի Մարտունու շրջան։ Մարտունու հոսպիտալը հենց այդ գիշեր, երբ մենք դեռ ճանապարհին էինք, ռմբակոծության տակ հայտնվելով՝ տարհանվել էր դեպի մոտակա Գիշի գյուղ եւ ծավալվել էր գյուղի դպրոցում։ Մինչեւ նոյեմբերի 3-ը մնացինք այդ գյուղում՝ առաջնագծին թույլատրելիից շատ ավելի մոտ, մշտական ռմբակոծության պայմաններում, իսկ նոյեմբերի սկզբին շրջափակումից խուսափելու համար կրկին տարհանվեցինք մի քանի գյուղ այն կողմ եւ տեղակայվեցինք Կղարծի գյուղի դպրոցում։

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Ընդամենը երեք օր հետո մեր հոսպիտալը թիրախային ռմբակոծության ենթարկվեց, մի կերպ դուրս գալով արկերի տակից՝ տեղափոխվեցինք Իվանյան, նոյեմբերի 7-ին ետ վերադարձա Երեւան մի քանի օրով՝ մինչեւ նոր ծավալման վայրը որոշվեր, սակայն երկու օր անց պատերազմն անսպասելի եւ բոլորին հայտնի կերպով ավարտվեց։

 

Եթե կրկին պատերազմ լինի...

 

Եթե կրկին պատերազմ լինի, կարծում եմ, նորից կգնամ, միգուցե ավելի շուտ, որպեսզի ավելի շատ եւ ավելի շուտ օգտակար լինեմ մեր զինվորներին։

 

Ռազմադաշտային վիրաբուժության կանոններով անոթաբանը, որպես շատ նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ, պետք է ավելի թիկունքում գտնվեր, որպեսզի ցուցաբերեր որակյալ բուժօգնություն, իսկ առաջնագծում պետք է ցուցաբերվեր միայն առաջին բուժօգնություն եւ տարհանում։ Սակայն մենք՝ քսանից ավել նեղ մասնագետներ, գտնվելով առաջնագծում, խախտելով բոլոր գրված եւ չգրված օրենքները, կատարել ենք հարյուրավոր մեծածավալ վիրահատություններ ու միջամտություններ, քանի որ հստակ գիտակցում էինք, որ միայն առաջին օգնությունով մեր զինվորների մեծ մասը տարհանման փուլին չէր հասնի։

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Վիրահատում էինք որտեղ պատահի. ծավալուն վիրահատությունները՝ վիրահատարաններում, ավելի փոքր ծավալի միջամտություններն ու վիրակապերը՝ միջանցքներում ու պատգարակների վրա։ Արդյունքում ունեցանք բազում փրկված կյանքեր, մեր վիրավորները հաջորդ փուլերոմ կրկնակի վիրահատությունների գրեթե չէին ենթարկվում, այլ ուղղակի տարհանվում էին դեպի Երեւան, ինչը ժամանակի եւ միջոցների նկատելի խնայողություն էր։ Ապագայում նման փորձը պետք է հաշվի առնել եւ փոփոխություններ կատարել ռազմադաշտային վիրաբուժության դասագրքերում։

 

Պատերազմը եւ ընկերները

 

Պատերազմը, իհարկե, տվեց ընկերներ։ Ընկերներ, ովքեր կիսեցին պատերազմի անպատմելի դաժանությունները՝ իրար օգնելով, միմյանց մասին հոգ տանելով, կիսելով մի կտոր հացն ու մի բաժակ ջուրը, հոգեբանական տառապանքն ու արցունքները։ Մարդիք, որոնք իրենց կյանքը վտանգելով, կանգնած էին Հայրենիքի փրկության, զինվորի կյանքի ու առողջության փրկության գործին, անկեղծ ու շիտակ էին իրենց քայլերում ու խոսքերում։ Մարտական ընկերներ, ովքեր պատերազմից հետո էլ շարունակում են ընկերություն անել նույնքան անկեղծ ու անձնազոհ, ինչպես մարտի դաշտում։

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Պատերազմը, ցավոք, նաեւ ընկերներ խլեց։ Հերոս տղերք, ում, ցավոք, ճանաչեցի շատ կարճ ժամանակով, բայց հասցրեցի սիրել ու հիանալ նրանցով։ Այսօր մեր կողքին չեն, սակայն միշտ մեր մտքերում ու սրտերում կմնան։

 

Պատերազմի դասերը

 

Եթե պատերազմից առաջ ինձ ասեին, որ մարդու արժեհամակարգը մի ամսում կարող է այս աստիճան փոխվել, առնվազն լուրջ չէի վերաբերվի։ Մարտի դաշտում նորովի ճանաչեցինք թե անմիջապես մեր կողքը գտնվող մարդկանց, թե թիկունքում գտնվող հարեւան, բարեկամ, ծանոթներին։ Մեկ անգամ եւս վերահաստատվեց այն հայտնի փաստը, որ նյութական արժեքները ոչինչ են, կարող ես մի օր արթնանալ եւ կյանքդ լրիվ այլ ընթացք ստանա, կարող ես մի քանի վայրկյան հետո դադարել գոյություն ունենալ, բայց պետք է այնպես անես, որ քեզ հիշեն ու հիշեն հարգանքով։ Պատերազմը բոլորիս սովորեցրեց կյանքին ավելի փիլիսոփայորեն նայել։

 

Պատերազմի դեմքը

 

Պատերազմի դեմքն ինձ համար, իհարկե, վիրավոր հայ զինվորն է, բազմաթիվ ու բազմատեսակ վնասվածքներով, հողոտ, արյունախառը դեմքով, խանձված մազերով, ցավից ատամները սեղմած, բայց իրեն մոռացած՝ վիրավոր ընկերներով ու հրամանատարներով հետաքրքրվող, նորից հետ դեպի դիրքեր գնալու համար կռիվ անող, մեր որպիսությամբ հետաքրքրվող եւ մեզ հուսադրող խոսքեր ասող մանկական դիմագծերով հերոս տղաները։  

 

Պատերազմի վերքերը

 

Պատերազմի սկզբում հիմնականում ականապայթունային բազմաբեկոր վնասվածքներ էին, մարմնի տարբեր հատվածների միաժամանակյա վնասվածքներով, հաճախ ուղեկցվում էին տարածուն այրվածքներով եւ բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներով, երբեմն՝ նաեւ ամպուտացված վերջույթներով։

 

Պատերազմի վերջում, երբ արդեն զորքերն ավելի էին մոտեցել իրար, սկսեցին հանդիպել նաեւ գնդակային վիրավորումներ։

 

Բոլորի համար պատերազմը նույնը չէր

 

Արցախ մեկնելուս օրվանից՝ սեպտեմբերի 30-ից, մինչեւ նոյեմբերի 7-ը ոչ մի անգամ Հայաստան չեմ վերադարձել։ Բնականաբար, տրամադրությունների տարբերություն այդ ընթացքում չէինք կարող գնահատել, սակայն վերադառնալուց հետո հասկացանք, որ բոլորի համար պատերազմը նույնը չէր, ոմանց համար պատերազմն ընդամենը լուրերի մակարդակով էր անցել։

Տիգրան Քամալյանը Տիգրան Քամալյանը

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Գնալիս, իհարկե, գիտակցում էի՝ ուր եմ գնում, բայց չէի մտածում, որ հետ չեմ գա, տանից դուրս եմ եկել գիշերը, երեխաներս քնած էին, նույնիսկ չարթնացրեցի, ինձ ճանապարհեց կինս։ Արցախում, իհարկե, շատ ավելի պարզ էր վտանգի աստիճանը, այո, հաճախ մտածում էինք, որ միգուցե հետ չգանք, երբեմն մտովի հրաժեշտ էինք տալիս տնեցիներին, երբեմն հեռախոսով խոսելիս մտածում էինք, որ կարող է վերջին անգամը լինել, սակայն Աստված այլ պլաններ ուներ մեր հաշվով։   

 

Պետք է ուժեղ լինենք

 

Պետք է ուժեղ լինենք։ Պետք է ուժեղ լինենք ոչ միայն բանակով ու զենքով, այլ տնտեսությամբ, դիվանագիտությամբ, գիտությամբ։ Մենք փոքր երկիր ենք եւ միայն մեծամտությամբ ոչնչի չենք կարող հասնել գլոբալիզացիայի ձգտող աշխարհում։ Իսկ ուժեղ լինելու համար փոփոխությունները պետք է սկսենք յուրաքանչյուրս մեր մտքերից ու մտածելակերպից,  պետք է վերաարժեւորենք մեր ապրածն ու մեր ցանկալի ապագան, պետք է այլ կերպ դաստիարակենք մեր երեխաներին, պետք է ամեն օր այլ փիլիսոփայությամբ գնանք աշխատանքի, նյութականից վեր դասենք ազգայինը։ Պետք է ամենքս մեր ոլորտներում ստեղծենք մի որեւէ արժեք, ինչն ավելի կուժեղացնի երկիրն ու պետականությունը, ամեն օր պետք է հիշենք, որ ուժն է ծնում իրավունք եւ ապրենք ու գործենք այդ փիլիսոփայությամբ: Ամենակարեւորը՝ պետք է լինենք միասնական, ինչը ամենաշատը չի հերիքում մեր օրերում։

Լուսանկարը` Տիգրան Քամալյանի անձնական արխիվից

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, աննկարագրելի զայրույթ է առաջացնում, թացն ու չորը, կարեւորն ու անկարեւորը, առաջնայինն ու երկրորդականը խառնվել են իրար։ Պատերազմն ավարտվել է միայն մարտի դաշտում, այն էլ շատ մեծ վերապահումներով, իսկ դիվանագիտական դաշտում դեռեւս շարունակվում է եւ շարունակվում է մեզ համար շատ աննպաստ պայմաններում։

 

Ինչպես կառուցենք երկիրը

 

Նախևառաջ, պետք է բարձրացնենք կրթության եւ գիտության մակարդակը՝ չափսոսալով ոչինչ։ Կրթությունը պետք է բարձր մակարդակի կազմակերպել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանյան հայտնի բուհերում, պետական մակարդակով նպաստել տարբեր ոլորտի գերհզոր մասնագետների պատրաստմանը եւ ի օգուտ հայրենիքի նրանց ունակությունների օգտագործմանը։ Այդ հզոր մասնագետների բանակն էլ հենց կհանդիսանա մեր երկրի, զինված ուժերի, տնտեսության, դիվանագիտության ու մնացած բոլոր ոլորտների հաղթանակների գրավականը։

 

Թեհմինե Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին