Մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին որոշեց մինչեւ Ավագ Հինգշաբթի սուրբ Պատարագի արարողություններն անցկացնել դռնփակ՝ առանց հավատացյալների մասնակցության: Ապրիլի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկացրեցին, որ դռնփակ են լինելու նաեւ Ավագ շաբաթվա արարողություններն ու Սուրբ Պատարագները: Հարության տոնից հետո հավատացյալները կարող են առանձնաբար գնալ եկեղեցի եւ ստանալ Հաղորդություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ՝ սփյուռքի թեմերի առաջնորդները գործելու են ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի: Մեդիամաքսը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Նվիրապետական Աթոռների ու սփյուռքի թեմերի ներկայացուցիչների հետ:
Անթիլիաս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր թեմերում մինչեւ ապրիլի վերջ Պատարագները կմատուցվեն դռնփակ: Սա Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսների որոշումն է:
Եկեղեցիներում բնականոն ընթացքով շարունակվում են բոլոր արարողությունները: Հավատացյալներն Անթիլիասի Մայր տաճարում տեղի ունեցող ծեսերին կարող են հետեւել կաթողիկոսության ֆեյսբուքի էջի՝ Cilicia TV-ի միջոցով:
Անթիլիասից հայտնեցին, որ կաթողիկոսարանը պահում է կապը հայ համայնքի հետ՝ մատուցելով հոգեւոր եւ սոցիալական ծառայություններ: Համայնքի կարիքավոր անդամներին պարբերաբար աջակցություն է տրամադրվում, վերջերս ավելի քան 200 ընտանիքի սննդամթերքով են ապահովել: Քանի որ այս օրերին հավատացյալները եկեղեցի, իսկ հոգեւորականները տներ այցելելու հնարավորություն չունեն, Վեհափառ հայրապետի տնօրինությամբ՝ Ծաղկազարդի տոնին Լիբանանի թեմի առաջնորդը շրջել եւ օրհնել է հայկական թաղամասերը:
Երուսաղեմ
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում տոները նշվում են հին տոմարով՝ Հայ Առաքելական մյուս եկեղեցիներից մեկ շաբաթ ուշ: Ինչպես են անցկացվելու Ավագ՝ «չարչարանաց» շաբաթվա արարողություններն ու ինչպես է նշելու Հարության տոնը, դեռ չգիտեն: Սուրբ քաղաքի ամենամեծ սրբավայրի՝ Սուրբ Հարության տաճարի դուռը փակ է, սակայն ներսում երեք՝ Հայ, Հույն եւ Կաթոլիկ համայնքները շարունակում են կատարել իրենց ամենօրյա արարողությունները:
Երուսաղեմում Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Հույն Ուղղափառ եկեղեցիների պետերը նամակով դիմել են Իսրայելի վարչապետին, որ թույլ տա երեք համայնքների պաշտոնական մուտքերի համար բացել Սուրբ Հարության տաճարի դուռը: Պատասխան, առայժմ, չեն ստացել:

«Ծաղկազարդի տոնին՝ ապրիլի 12-ին, մենք ունենք պաշտոնական մուտք Սուրբ Հարության տաճար: Այնտեղ հայոց Երկրորդ Գողգոթայում մատուցվում է Սուրբ Պատարագ, ապա Քրիստոսի Սուրբ Գերեզմանի շուրջ կատարվում է եռադարձ թափոր՝ արմավենու եւ ձիթենու ճյուղերով, որից հետո վանք վերադառնալու ճանապարհին՝ ոստիկանատան մոտից, դարձյալ թափորով ու շարականների երգեցողությամբ, արմավենու ճյուղերով գալիս ենք մայրավանք ու բարձրանում պատրիարքարան»,- Մեդիամաքսին ասել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից։

Իսկ այս ընթացքում շաբաթ եւ կիրակի Պատարագներ մատուցվում են մայրավանքում՝ Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում՝ 10 հոգին չգերազանցող միաբանների եւ 2-3 հավատացյալների մասնակցությամբ:
Պոլիս
Պոլսի Հայոց պատրիարքությունից տեղեկություն ստանալ չհաջողվեց: Ամենայն հավանականությամբ, Պոլսում եւս արարողություններն անցկացվելու են դռնփակ: Պատրիարքության ֆեյսբուքի էջում նշված է, որ բոլոր արարողությունները ուղիղ հեռարձակվելու են:
Գերմանիա
Հայոց եկեղեցու Գերմանիայի թեմը 3 եկեղեցի, 6 հոգեւորական ու 15 ծխական համայնք ունի: Արարողություններն անցկացվում են առանց ընդհատվելու եւ առանց հավատացյալների՝ 3-4 սարկավագների մասնակցությամբ:

Քյոլնի առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին աշխատանքային ժամերին միշտ բաց է: Շտուտգարտ եւ Հալե քաղաքների հայկական եկեղեցիներ հավատացյալները կարող են այցելել օրվա որոշ ժամերի:
«Կիրակի Պատարագի ավարտից՝ ժամը 2-ից հետո, եկեղեցին այցելուների համար բաց է լինելու: Կարող են առանձին-առանձին գալ, աղոթել, մոմ վառել, հոգեւորականի հետ շփվել՝ պահելով պետության կողմից սահմանված զգուշավորության բոլոր միջոցները: Ցանկացածին, որ կդիմի Հաղորդություն ստանալու խնդրանքով, հոգեւորականը չի մերժի»,-ասում է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:

Իսպանիա
Կորոնավիրուսով ամենաշատ վարակվածների թվով երկրորդ երկրում՝ Իսպանիայում, մինչեւ ապրիլի 26-ը արտակարգ դրություն է հայտարարված: Սա նշանակում է, որ մարդիկ տնից կարող են դուրս գալ միայն դեղատուն կամ սննդամթերքի խանութ գնալու նպատակով:
Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցին երկու հոգեւորական ունի: Տարիներ շարունակ Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանը Հարության տոնին նախորդող շրջանում եւ հաջորդ օրերին շրջում էր քաղաքներով՝ տեղի հայությանը մասնակից դարձնելով տոնին: Այս տարի նա այդ հնարավորությունը չունի:

«Նախորդ տարիներին Ավագ Շաբաթվա ամեն մի կարեւոր արարողություն տարբեր համայնքներում էի կազմակերպում, որպեսզի մարդիկ մասնակցեն դրանց: Ճրագալույցի Պատարագը հիմնականում մատուցում էի Բարսելոնայում, հաջորդ օրը՝ զատկական Պատարագը՝ Մադրիդում, երկուշաբթի փորձում էի մոտակա մեկ այլ համայնքում լինել: Այդպես գրեթե բոլոր համայնքները մասնակից էին լինում բոլոր մեծ տոներին:

Սակայն այս անգամ, դժբախտաբար, այդ հնարավորությունը չունեմ, որովհետեւ արտակարգ իրավիճակը թույլ չի տալիս տեղաշարժվել, Մադրիդից դուրս գալ չեմ կարող: Այս պարագայում Ավագ շաբաթվա կարեւոր իրադարձությունների բացատրությունը, շնորհավորական ուղերձներս պետք է լինեն ֆեյսբուքի միջոցով»,- ասում է Շնորհք աբեղան:

Իսպանիայում հայ համայնքը հիմնականում ձեւավորվել է 1990-ականներին: Հայկական եկեղեցի երկրում չկա: Պատարագները մատուցում են կաթոլիկ եկեղեցիներում՝ վճարելով ժամի համար: Սուրբ Հարությանը տոնի Պատարագը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենալու Մադրիդի եկեղեցում, բայց առանց հավատացյալների:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: