Նրա ձեռագիրը հայկական թղթադրամների վրա է, փողոցներում՝ պաստառներին ու խանութների ճակատներին, նրա տառատեսակներով են բոլոր պետական պաշտոնական փաստաթղթերը, խոշոր հրատարակչությունների գրքերը։
Էդիկ Ղաբուզյանը մոտ 300 տառատեսակ է ստեղծել։ Գործից չհասկացողները կզարմանան՝ նույն տառի 300 տեսակ ինչի՞ է պետք։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Տառատեսակն այսօր օգտագործվում է ոչ միայն գրավոր խոսք փոխանցելու համար, այն նաեւ դիզայնի կարեւորագույն բաղադրիչ է։ Եթե ճիշտ տառատեսակ չընտրեցիք, լավ դիզայնի մասին խոսք լինել չի կարող։ Ցանկացած մեգապոլիս, ինչպես Մոսկվան, Բեռլինը, ունի իր տառատեսակը, նույնիսկ՝ Նյու Յորքի օդանավակայանը։ Բրենդային ընկերություններն ունեն իրենց տառատեսակները, եւ միայն դրանք են օգտագործում իրենց գովազդներում, տեխնիկական անձնագրերում։ Իսկ մենք շատ հեռու ենք այս ամենից, զրո»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Էդիկ Ղաբուզյանը մաթեմատիկոս է։ Թվերը տառերով փոխարինեց 1987-ին, երբ որպես Ավտոմատացման եւ կառավարման համակարգերի բաժնի վարիչ մեկնեց Կազան ու առաջին անգամ տեսավ անհատական համակարգիչ։ Հրաշք սարքը ծաղիկ էր տպում. եթե կարող է ծաղիկ տպել, ինչո՞ւ հայկական տառեր չտպի։
«Դրանից հետո հիվանդացա տառ ստեղծելու հիվանդությամբ ու հիմա ուրիշ ոչնչով չեմ կարողանում զբաղվել»։
Ասում է՝ այն ժամանակ պրոֆեսիոնալ տառաստեղծները համակարգչին չէին տիրապետում եւ նոր տեխնոլոգիաներով տառեր սարքել չէին կարող։ Ինքն ու մի խումբ նվիրյալներ անցան գործի ու առաջին տարիներին մեծ թվով «խոտան» արտադրեցին։ Հայկական տառեր էին ստեղծում՝ լատինականի համաչափությամբ, մինչեւ հասկացան՝ վատն են, դժվարընթեռնելի։
«Չի կարելի կիրիլյանի ու լատինականի համար մշակված համաչափությունները կուրորեն տեղափոխել հայկական։ Նրանց տառերը մեկը մյուսին նման չեն, իսկ հայերենում վերջույթների ու տառամարմնի հարաբերությունը շատ կարեւոր է»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր էլ քիչ չեն տառատեսակներով զբաղվող ոչ պրոֆեսիոնալները։ Էդիկ Ղաբուզյանն ասում է՝ հայկական թերթեր կան`տառերի կեսը հայերեն չեն։ Լատինական f-ը ք-ի փոխարեն են օգտագործում, r-ը՝ ր-ի, s-ը` տ-ի։ Նույն տառի տարբեր տեսակներ են օգտագործվում տարբեր հրատարակչությունների այբբենարաններում անգամ։
«Ես չեմ կարող ասել՝ եթե դասագրքի տառերը ձեզ դուր չեն գալիս, մի՛ կարդացեք, եթե իմ տառերով տպագրված «Անուշ» պոեմը ձեզ դուր չի գալիս, մի՛ կարդացեք։ Ես պարտավոր եմ մտածել ընթերցողի, նրան չընկճելու, աչքերը չհոգնեցնելու մասին»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Տառատեսակը ստեղծելուց առաջ պետք է իմանաս՝ ինչի համար է այն օգտագործվելու։ Էդիկ Ղաբուզյանն իր 30 տարվա փորձառությամբ գիտի՝ տառատեսակի ընտրությունը չափազանց կարեւոր է։ Այլ է գովազդի համար օգտագործվող տառատեսակը, այլ՝ դասագրքի, մանկական կամ պատմական գրքերի համար նախատեսվածները։
«Չեք կարող Տերյան ու Չարենց նույն տառատեսակով տպել։ Տերյանի ոգին փոխանցելու համար նուրբ տառեր են պետք, շքեղ ուրվագծերով, մաքուր, բարակ, Չարենցի դեպքում՝ եռանդուն տառեր։

Լուսանկարը` Մեդիամաքս
Անորակ, դժվարընթեռնելի տառատեսակներն ազդում են մարդու հոգեբանության վրա, ապատիա են առաջացնում, աչքի ու գլխի ցավ։ Պատահում է՝ մի շատ հետաքրքիր գիրք, որ երկար փնտրել եք, բացում եք, որ կարդաք, չեք կարողանում։ Չեք զգում՝ ինչից է, իրականում՝ տառատեսակը չի տրամադրում կարդալ։ Ենթագիտակցաբար ազդում է, բայց շատերը չեն զգում։ Միայն պրոֆեսիոնալ տառաստեղծներն ու դիզայներները գիտեն պատճառը»։
Ղաբուզյանն ասում է, որ արտերկրում տառաստեղծների աշխատանքը կարեւորվում է, պետական լուրջ քաղաքականություն է տարվում։ Չինաստանում, օրինակ, Երեւանի բնակչության չափ տառաստեղծ կա։ Հայաստանում այս աշխատանքով զբաղվող պրոֆեսիոնալներին մի ձեռքի մատների վրա կհաշվես։
«Մեր տառատեսակների շտեմարանը շատ սուղ է։ Մաշտոցից սկսած՝ առավելագույնը 1 000 տառատեսակ ունենք։ Մինչդեռ լատինական մի քանի հարյուր հազար տառատեսակ կա»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Դեռ մի քանի տարի առաջ հայկական տառատեսակների ստեղծմամբ զբաղվում էր Ազգային գրապալատը։ 2 տարի առաջ գրապալատը միացավ Ազգային գրադարանին։ Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժինը, որը ղեկավարում էր Էդիկ Ղաբուզյանը, փակվեց։ Հիմա պետական որեւէ ՊՈԱԿ տառաստեղծմամբ չի զբաղվում։
Տառատեսակ ստեղծելը հեշտ աշխատանք չէ։ Մասնագիտացած ընկերություններում մի տառատեսակի նախագծմանը մի քանի մարդ է մասնակցում։ Մեկը տառի տեսքն է նկարում, մյուսը՝ միջտառային հարաբերություններն է կարգավորում, երրորդը՝ կետաշտկմամբ զբաղվում... Այդ ամբողջ աշխատանքը Ղաբուզյանն ինքն է անում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նոր տառատեսակ ստեղծելու պատվերներ ստանում է արտերկրից, համագործակցում է հեղինակավոր մասնագիտացած ընկերությունների հետ։ Հայաստանի պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության պարտադիր կիրառման համար 2010 թվականին պետությունը Էդիկ Ղաբուզյանից գնեց GHEA Grapalat եւ GHEA Mariam տառատեսակները։ Այլ պատվերներ Հայաստանից չի ստացել. նոր տառատեսակ ստեղծելը թանկ է։ Լավագույն դեպքում գնում են արդեն գոյություն ունեցող 300 տեսակից, բայց հաճախ դրանք ուղղակի ձեռքից ձեռք են անցնում։ Վերահսկելը դժվար է, տառաստեղծի աշխատանքն օրենքով պաշտպանված չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Տառատեսակների հեղինակային իրավունքի հարցը բազմիցս բարձրացվել ու այդպես էլ մնացել է։ Տարիներ առաջ Մտավոր սեփականության գործակալությունում խոսեցի այդ մասին, պետի տեղակալն ասաց՝ Մաշտոցը տառերը ստեղծել է, դուք ի՞նչ եք անում, որ լիցենզիա եք ուզում։ Մի ոչ պետական ընկերություն էլ ասում է՝ տառերը սկավառակով բերեք, անուններ գրեք, հետո մի թուղթ է տալիս՝ լիցենզավորեցինք։ Էդպես ցանկացած մեկը կարող է իմ տառերը տանել, լիցենզավորել իր անունով»։
Անկախ պահանջից, շարունակում է նոր տառատեսակներ ստեղծել։ «Առանց տառ սարքելու չեմ կարող։ Ասում եմ, չէ՞, հիվանդացել եմ»։ «Արմենիա», «Տաթեւ», «Տիգրան», «Էրեբունի», «Կաթիլ», «Լոռի»... Օգտագործել է ընտանիքի անդամների, աշխարհագրական տասնյակ անուններ, ու հիմա նոր անուն գտնելը տառատեսակ ստեղծելու չափ բարդ է դարձել։ «Տառը ստեղծելու պահին մտքիդ սիրուն անուններ են գալիս, նայում ես՝ տառիդ հարմար, համահունչ չեն»։

Լուսանկարը` Մեդիամաքս
30 տարվա աշխատանքի մասին խոսելիս՝ բազմաթիվ հետաքրքիր կողմեր ու միայն մի թերություն է նշում։
«Գիրք կարդալ չեմ կարողանում։ Մի տող կարդում եմ, մի տառ եմ տեսնում ու սկսում մտածել դրա մասին։ Հետո հիշում եմ, որ պիտի գիրք կարդամ, մի քանի տող ընթերցում եմ, ու էլի նույնը։ Մինչեւ հասկացա՝ ինձնից գիրք կարդացող դուրս չի գա»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: