Մի լուսանկարի պատմություն՝ խորհրդային «Պոպլավոկ»-ից աֆղանական բանտ - Mediamax.am

exclusive
17882 դիտում

Մի լուսանկարի պատմություն՝ խորհրդային «Պոպլավոկ»-ից աֆղանական բանտ


Լաուրա Մարգարյանը եւ Սեմ Սլոունը
Լաուրա Մարգարյանը եւ Սեմ Սլոունը

Լուսանկարը` Սեմ Սլոունի Flickr-ի էջ

Սեմ Սլոունը
Սեմ Սլոունը

Նկար էի որոնում համացանցում՝ մի հոդվածի համար եւ հանկարծ Flickr-ում գտա մի լուսանկար, որն անմիջապես գրավեց ուշադրությունս:

 

Լուսանկարն արվել է Երեւանի հայտնի «Պոպլավոկ» սրճարանում, իսկ կից գրությունն ասում էր.

 

«Լաուրա Մարգարյանը Սեմ Սլոունի հետ Երեւանում 1978 թվականին: Նա Հայաստանի աղջիկների շախմատի առաջնության հաղթող էր: Հաճախ եմ մտածում, որ պետք է փորձեի գրավեի այս աղջկա սիրտը եւ նրան տանեի Ամերիկա՝ Աֆղանստանի հեռուներում արկածներ ձեռնարկելու փոխարեն: Հաճախ մտածում եմ, որ դա կյանքի շրջադարձային կետն էր»:

 

Որոշեցի փորփրել համացանցը եւ տեղեկություններ գտնել Սեմ Սլոունի եւ Լաուրա Մարգարյանի մասին:

 

Հակասական Սեմը

 

Սեմ Սլոունն այժմ 74 տարեկան է, եւ նրա կյանքը լի է տարօրինակ եւ հակասական իրադարձություններով: Նա ավելի հայտնի է որպես շախմատիստ է եւ շախմատի տեսաբան, մի քանի գրքերի հեղինակ, սակայն կյանքում կարծես զբաղվել է ամեն ինչով:

Սեմ Սլոունը Սեմ Սլոունը

 

1960-ական թվականների վերջից նա առեւտրով է զբաղվում ԱՄՆ ֆոնդային շուկայում: 1975 թվականին ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների պետական հանձնաժողովը գործ է հարուցում Սլոունի դեմ՝ ետ կանչելով նրա ընկերության արտոնագիրը: 1978 թվականին ԱՄՆ Բարձրագույն դատարանում կայանում է Սլոունի գործի լսումը: Սլունը ինքնուրույն է պաշտպանվում եւ հաղթում է՝ բոլոր 9 դատավորները քվեարկում են նրա անմեղության օգտին: Սեմ Սլոունը դառնում է վերջին մեղադրյալը ԱՄՆ պատմության մեջ, որը չունենանելով իրավական կրթություն եւ չդիմելով պաշտպանների օգնությանը, ապացուցում է իր անմեղությունը:

 

166 ձայն

 

2002 թվականից ի վեր Սեմ Սլոունը ակտիվ մասնակցում է ԱՄՆ Լիբերտարիական կուսակցության Նյու Յորքի մասնաճյուղի գործունեությանը:

 

2013 թվականին նա՝ որպես անկախ թեկնածու, մասնակցում է Նյու Յորքի օրենսդիր մարմնի ընտրություններին, սակայն ստանում է ընդամենը 166 ձայն:

 

Սեքսուալ հեղափոխության առաջամարտիկը

 

1962-1967 թվականներին Սեմ Սլոունը սովորում է Կալիֆորնիայի Բերքլի համալսարանում (կրթությունն անավարտ է մնում): Համալսարանում նա Վիետնամի պատերազմի դեմ շարժման ակտիվիստներից մեկն էր, սակայն առավել հայտնի էր որպես «Սեքսուալ ազատության լիգայի» Բերքլիի մասնաճյուղի ղեկավարներից մեկը:

 

2015 թվականին Սեմ Սլոունը The Daily Californian թերթին պատմել էր, որ իր կազմակերպած «սեքսուալ լիբերալ հավաքներին» (թվով ավելի քան 40) մասնակցել է ավելի քան 1 000 մարդ:

 

Սեքսուալ ազատության լիգայի Բերքլիի մասնաճյուղն այնքան հայտնի էր դարձել, որ նրա մասին գրել էին Time եւ Playboy ամսագրերը:

 

Հայաստանից՝ Աֆղանստա՞ն

 

Սեմ Սլոունը պնդում է, որ եղել է 78 երկրներում: Ինձ չհաջողվեց որեւէ հիշատակություններ գտնել Խորհրդային Հայաստան եւ ԽՍՀՄ նրա այցելությունների մասին:

 

2004 թվականին New York Sun թերթը հոդված էր հրապարակել Սեմ Սլոունի մասին: Նա պատմել էր, որ 1978 թվականին Գերմանիայում գնել էր օգտագործված «Ֆոլքսվագեն» մեքենա, որով Եվրոպայից ճանապարհորդել էր դեպի Աֆղանստան՝ Թուրքիայի եւ Իրանի տարածքով:

 

Սլոունը պատմում է, որ 1978 թվականի հունիսի 3-ին իրեն ձերբակալեցին Աֆղանստանում՝ կասկածելով լրտեսության մեջ: Նա պնդում է, որ իրեն հաջողվել է փախուստի դիմել եւ հասնել Քաբուլում ԱՄՆ դեսպանություն, որտեղ էլ իրեն հայտնել էին Բարձրագույն դատարանում տարած հաղթանակի մասին:

 

Եթե Սլոունը Հայաստանում եղել է 1978 թվականին, ինչպես նա գրել է Լաուրա Մարգարյանի հետ լուսանկարին կից գրության մեջ, ապա վերոնշյալ պատմությունը բավական կասկածելի է թվում: Դժվար է պատկերացնել, որ 1978 թվականին ԱՄՆ քաղաքացին կարող էր իր ավտոմեքենայով Թուրքիայի տարածքից մուտք գործել Հայաստան, իսկ այնուհետեւ մեկնել Իրան:

 

Բանտարկյալը

 

Սեմ Սլոունը երեք անգամ ամուսնացած է եղել: Նրա երկրորդ կինը՝ Հոնզազուլը, Պակիստանից էր: Դստեր՝ Շամեմայի ծնվելուց քիչ ժամանակ անց նրանք ամուսնալուծվում են, եւ Սեմը մի քանի տարի պայքարում է դստեր խնամակալ դառնալու համար: 1991 թվականին նրան ձերբակալում են Շամեմային առեւանգելու մեղադրանքով եւ Սլունը 18 ամիս բանտարկված է մնում:

 

Բոբի Ֆիշերն՝ ընդդեմ աշխարհի

 

2011 թվականին էկրաններ դուրս եկավ «Բոբի Ֆիշերն՝ ընդդեմ աշխարհի» վավերագրական ֆիլմը, որը պատմում է շախմատի պատմության ամենահակասական կերպարներից մեկի մասին:

 

 

Սեմ Սլոունը երեք հարցազրույց է տվել այս ֆիլմի համար:

 

Մոհամադ Իսմայիլ Սլոունը

 

1970-ականների վերջին Սեմուել Սլոունը իսլամ է ընդունում եւ վերցնում է Մոհամադ Իսմայիլ Սլոուն անունը: Հենց այդ անվան տակ է նա 1981 թվականին Պակիստանում հրապարակում խովարերեն-անգլերեն բառարանը:

 

Ո՞վ է Լաուրան

 

Լաուրա Մարգարյանի մասին համացանցում տեղեկություններ գրեթե չկան:

 

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի վարկանշային այս էջում նշված է, որ Լաուրա Մարգարյանը ծնվել է 1961 թվականին, ինչը նշանակում է, որ 1978 թվականին, երբ արվել է լուսանկարը, նա 17 տարեկան էր: Էջում նշված է, որ Լաուրա Մարգարյանը ներկայացնում է Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիան:

Լաուրա Մարգարյանը եւ Սեմ Սլոունը Լաուրա Մարգարյանը եւ Սեմ Սլոունը

Լուսանկարը` Սեմ Սլոունի Flickr-ի էջ

Անպայման կփորձեմ կապ հաստատել տիկին Մարգարյանի հետ եւ հարցնել, թե արդյո՞ք հիշում է հանդիպումը Սեմ Սլոունի հետ 1978 թվականին: Բայց, անկախ ամեն ինչից, կարծում եմ, լավ է, որ Լաուրա Մարգարյանի հետ կյանքը կապելու  Սլոունի ցանկությունն անկատար է մնացել:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին