Մեդիամաքսը հերթական անգամ փորձել է տեղեկատվություն ստանալ Ամուլսարի հանքի աուդիտ անցկացնելու համար ընտրված լիբանանյան Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության մասին եւ հերթական անգամ փորձը չի պսակվել հաջողությամբ:
Փետրվարի 22-ին հրապարակել էինք Ամուլսարը, Քննչական կոմիտեն եւ ընտրված ELARD-ը. 7 դրվագ հոդվածը եւ ներկայացրել էինք, որ ընտրված լիբանանյան Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը, չնայած նախնական պայմանավորվածությանը, հրաժարվել էր պատասխանել մեր հարցերին` պատճառաբանելով, որ բոլոր հարցումները պետք է ուղղել Քննչական կոմիտեին:
Ի թիվս այլ հարցերի, ELARD Lebanon ընկերության բնապահպանական հարցերով տնօրեն Ռիկարդո Խուրիին ուղղել էինք այս հարցը.
- Արդյո՞ք ունեք նման ուսումնասիրությունների փորձ: Եթե կարելի է, պատմեք համադրելի նախագծերի մասին, որոնք իրականացրել եք վերջին տարիներին:
Ս.թ. փետրվարի 22-ին հարցում էինք ուղարկել Քննչական կոմիտե՝ խնդրելով պատասխանել, մասնավորապես, այս հարցին.
- Արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն որեւէ սահմանափակում է սահմանել ELARD ընկերության՝ հայաստանյան մամուլի հետ շփումների համար: Եթե նման սահմանափակում գոյություն ունի, արդյո՞ք այն տարածվում է նաեւ այն հարցերի պատասխանների վրա, որոնք վերաբերում են ELARD ընկերության փորձառությանը եւ նախկինում իրականացված աշխատանքներին:
Փետրվարի 26-ին ստացել էինք Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կ. Հովհաննիսյանի պատասխանը, որում, մասնավորապես, ասված էր.
«Ինչ վերաբերում է ELard ընկերության կողմից նախկինում իրականացված աշխատանքներին, ապա 2018թ․ նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հայտարարված նախաորակավորման ընթացակարգի շրջանակներում մրցույթին մասնակցելու համար սահմանված են եղել մի շարք չափորոշիչներ, այդ թվում նաեւ՝ կատարված աշխատանքները եւ փորձաքննությունը։ Elard ընկերությունը բավարարել է նախաորակավորման փուլում հայտարարված պահանջները։
ELard ընկերությունը ոլորտի հեղինակավոր, հավատարմագրված ընկերություն է, որը հայտարարված մրցույթի շրջանակներում ճանաչվել է հաղթող»։
Պարոն Հովհաննիսյանի պատասխանը ստանալուց հետո եւս մեկ անգամ ծանոթացանք Քննչական կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությանը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է, որ նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցը պետք է ներկայացնի
վերջին 2 տարվա ընթացքում նման պահանջների հետ համադրելի բնույթի եւ բարդության առնվազն (10) նախագծերի ցանկ (ներառյալ հաճախորդների անունները / կապի մանրամասները):
Ս.թ. մարտի 23-ին նոր հարցում ուղարկեցինք Քննչական կոմիտե.
Քանի որ Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը հայտնել է, որ չի կարող պատասխանել մեր հարցերին, մեր հարցերն ուղղում ենք Ձեզ՝ ակնկալելով հնարավորինս սեղմ ժամկետում ստանալ պատասխանները:
1. 2018թ. աշնանը Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված մրցույթի պահանջներում, մասնավորապես, ասված էր, որ Ամուլսարի ծրագրի համալիր փորձաքննություն անցկացնելու հավակնող ընկերությունը պետք է ներկայացնի «վերջին 2 տարվա ընթացքում նման պահանջների հետ համադրելի բնույթի եւ բարդության առնվազն (10) նախագծերի ցանկ»: Խնդրում ենք ներկայացնել այդ 10 նախագծերի ցանկը, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ հաղթող ընկերության փորձառությանը:
Լուսանկարը` Քննչական կոմիտե
2. 2019թ. փետրվարի 21-ի ՀՀ կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, մասնավորապես, ասել էր. «Նման գործընթացները սովորաբար տեւում են 6-ից 8 ամիս: Բնապահպանության նախարարության գործընկերների հետ այդ գործընթացները հնարավորինս արագացրել ենք: Նախապատրաստական գործընթացը հաղթահարել ենք չորս ամսվա ընթացքում, իսկ փորձաքննության եզրակացությունը ELARD ընկերությունը պատրաստվում է ներկայացնել 12-ից 16 շաբաթների ընթացքում: Սակայն, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ընկերությունը կներկայացնի ընթացիկ հաշվետվություն: Իսկ նախնական արդյունքները ընկերության կողմից կներկայացվեն սույն թվականի մայիս ամսին»:
Հաշվի առնելով, որ անցել է ավելի քան 1 ամիս, խնդրում ենք տեղեկացնել, թե արդյո՞ք ELARD ընկերությունը այս ընթացքում ներկայացրել է ընթացիկ հաշվետվություններ: Եթե ներկայացրել է, ապա ինչո՞ւ դրանց մասին տեղեկություն չի հաղորդվել:
3. Խնդրում ենք մեզ տրամադրել ընթացիկ հաշվետվությունները:
Ս.թ. մարտի 29-ին ստացել ենք Քննչական կոմիտեի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ի պատասխան Ձեր՝ 25.03.2019թ. հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից պահանջվող նյութերը կցված են քրեական գործին եւ հանդիսանում են նախաքննական գաղտնիք:
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման եւ հետշահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերի գնահատման եւ կարեւորագույն այլ հարցերի պարզաբանման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը մեկնարկել է:
Փորձաքննության կազմակերպման, դրա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար հրապարակվել է ՀՀ ՔԿ պաշտոնական կայքում: Համալիր փորձաքննության հետագա ընթացքի, արդյունքների մասին հրապարակման ենթակա տեղեկատվությունը եւս կհրապարակվի ՀՀ ՔԿ պաշտոնական կայքում»:
Կա երկու տարբերակ: Կամ Քննչական կոմիտեն անտեսել է մեր առաջին հարցը՝ վերջին 2 տարվա ընթացքում ELARD-ի իրականացրած առնվազն 10 նախագծերի մասով, կամ էլ այդ տեղեկությունը եւս համարում է նախաքննական գատնիք, ինչը կարող է միայն տարակուսանք առաջացնել:
Նախորդ հրապարակման մեջ գրել էի, որ ELARD-ը փաստացի հանդես չի գալիս որպես անկախ ընկերություն (ընկերության անկախության անհրաժեշտության մասին բազմիցս խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը):
Մարտի 28-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, վարչապետն ասել էր, որ կառավարությունը պետական բյուջեից $ 300 հազ. է հատկացրել «միջազգային հեղինակավոր ընկերությանը»՝ Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար:
Այս առիթով կարող եմ պնդել, որ որեւէ իսկապես միջազգային հեղինակավոր ընկերություն չի թաքցնում նախկինում կատարած աշխատանքը, այլ, հակառակը, հպարտանում է դրանով:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: