Ամուլսարում «աչքաչափով» որոշում չենք կայացնելու, ասել է վարչապետը - Mediamax.am

2099 դիտում

Ամուլսարում «աչքաչափով» որոշում չենք կայացնելու, ասել է վարչապետը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ կառավարությունը պետական բյուջեից $‌300 հազ. է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը՝ Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար:

«Փորձաքննությունը տալու է մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի են, թե կառավարելի չեն, ընդունելի են, թե ընդունելի չեն: Ընդ որում, դա քրեական գործի շրջանակներում է: Ես ասում եմ շատ պարզ, եթե կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային ավազանի եւ Սեւանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:

 

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խնդիրը ձգձգվել է նաեւ այն պատճառով, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ըստ էության, հրաժարվել է համագործակցել կառավարության հետ: 

 

«Եթե հիշում եք, ես գնացի Ջերմուկ, հավաքեցի բոլորին, առաջարկեցի միասին աշխատենք, որ գանք փաստերի վրա հիմնված եզրակացությունների: Իմ խնդիրն ի՞նչն է, որ ես չունեմ որեւէ հենք, որի վրա որոշում կայացնեմ, որովհետեւ կառավարությունն ընդունում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում կան բացեր, կան խոցեր: 

 

 

Ես հրավիրել եմ բնապահպանության նախարարին, հարց եմ տվել՝ հիմա այս ՇՄԱԳ-ը կա, Դուք անձամբ երաշխավորում ե՞ք, որ այն, ինչ այստեղ գրված է ճիշտ է, նա ասել է՝ ոչ, ես չեմ կարող երաշխավորել: Հետեւաբար, առաջացել է անհրաժեշտություն հրավիրել փորձաքննություն, որը կլինի մեր գործելու հիմքը: Ես չեմ ուզում, չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով որոշում կայացնել: Ինչ որ կլինի այդ եզրակացության մեջ, կառավարությունն այն կյանքի կկոչի»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին