Քննչական կոմիտեն արձագանքել է ELARD-ի մասին մեր հարցմանը - Mediamax.am

exclusive
3007 դիտում

Քննչական կոմիտեն արձագանքել է ELARD-ի մասին մեր հարցմանը


ELARD ընկերության աշխատակիցները
ELARD ընկերության աշխատակիցները

Լուսանկարը` ELARD


Փետրվարի 22-ին հրապարակել էինք Ամուլսարը, Քննչական կոմիտեն եւ ընտրված ELARD-ը. 7 դրվագ հոդվածը եւ ներկայացրել էինք, որ Ամուլսարի հանքի աուդիտ անցկացնելու համար ընտրված լիբանանյան Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը չի պատասխանել մեր հարցերին:

 

ELARD Lebanon ընկերության բնապահպանական հարցերով տնօրեն Ռիկարդո Խուրիի հետ պայմանավորվածություն ունեինք այն մասին, որ իրեն կուղարկենք հարցազրույցի գրավոր հարցերը, սակայն ավելի ուշ պարոն Խուրին գրեց, որ չի կարող տրամադրել պատասխանները՝ առանց Քննչական կոմիտեի համաձայնության:

 

Փետրվարի 22-ին նամակ ուղարկեցինք Քննչական կոմիտե՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.

 

1. Արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն որեւէ սահմանափակում է սահմանել ELARD ընկերության՝ հայաստանյան մամուլի հետ շփումների համար:

 

2. Եթե նման սահմանափակում գոյություն ունի, արդյո՞ք այն տարածվում է նաեւ այն հարցերի պատասխանների վրա, որոնք վերաբերում են ELARD ընկերության փորձառությանը եւ նախկինում իրականացված աշխատանքներին:

 

3. Արդյո՞ք ELARD-ն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննություններն իրականացնելիս հանդես է գալիս որպես անկախ ընկերություն: 

 

Փետրվարի 26-ին ստացել ենք Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կ. Հովհաննիսյանի պատասխանը որը, ներկայացնում ենք ստորեւ.

 

«Ի պատասխան Ձեր՝ 22․02․19թ․ հարցման՝ տեղեկացնում ենք, որ Elard ընկերությունը ներգրավվել է համալիր փորձաքննության իրականացմանը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող  քրեական գործի շրջանակներում, հետեւաբար՝ դրա վերաբերյալ մանրամասներն ու տեղեկությունը համարվում են նախաքննության տվյալ եւ հրապարակման ենթակա չեն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության։ Ուստի, հաշվի առնելով նախաքննության հանգամանքը, համալիր փորձաքննության հետ կապված ցանկացած հարցի պարզաբանում վերապահված է վարույթն իրականացնող մարմնին։

 

Ինչ վերաբերում է ELard ընկերության կողմից նախկինում իրականացված աշխատանքներին, ապա 2018թ․ նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հայտարարված նախաորակավորման ընթացակարգի շրջանակներում մրցույթին մասնակցելու համար սահմանված են եղել մի շարք  չափորոշիչներ, այդ թվում նաեւ՝ կատարված աշխատանքները եւ փորձաքննությունը։ Elard ընկերությունը բավարարել է նախաորակավորման փուլում  հայտարարված պահանջները։

 

ELard ընկերությունը ոլորտի հեղինակավոր, հավատարմագրված ընկերություն է, որը հայտարարված մրցույթի շրջանակներում ճանաչվել է հաղթող։ Քրեական գործի շրջանակներում իրականացված համալիր փորձաքննության արդյունքներով ընկերությունը տրամադրելու է համապատասխան եզրակացություն, որը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, գնահատվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից»։

 

Մեր կարծիքով, կոմիտեի պատասխանը եւ նկարագրած ընթացակարգը վկայում է այն մասին, որ Elard-ը փաստացի հանդես չի գալիս որպես անկախ ընկերություն (ընկերության անկախության անհրաժեշտության մասին  բազմիցս խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը), քանի որ.

 

-մամուլի հետ շփվելու հնարավորություն չունի եւ չի կարող տեղեկատվություն տրամադրել իր հետազոտության մեթոդաբանության մասին;

 

- մամուլը ընկերության փորձառության մասին կարող է տեղեկանալ միայն Քննչական կոմիտեից;

 

- Elard-ի եզրակացությունը փաստացի հրապարակվելու ոչ թե ընկերության, այլ Քննչական կոմիտեի կողմից:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին