Soviet Taxi-ն եւ «քաղցր հուշերի աշխարհը» - Mediamax.am

exclusive
2608 դիտում

Soviet Taxi-ն եւ «քաղցր հուշերի աշխարհը»


Հայկ Բիանջյանը
Հայկ Բիանջյանը

Ժամանակները փոխվել են, մեքենաները՝ եւս, սակայն Երեւանի հեռավոր անկյուններից մեկում պահպանվում ու նոր կյանք են ստանում մեր պապերի ու ծնողների երիտասարդության փոխադրամիջոցները։

 

Մասնագիտությամբ լուսանկարիչ Հայկ Բիանջյանն ու իր ընկերները որոշել են ստեղծել «տարածաշրջանում առաջին իրական սովետական թանգարանը», իսկ մինչ այդ քաղաքում արդեն մի քանի ամիս շրջում են սնդիկով աշխատող սպիդոմետրերով մեքենաները։

 

Վերապրել նախկին կյանքը

 

Առաջին մեքենան խորհրդային ժամանակներում ապրած մի օդաչուի սպիտակ «Վոլգա»-ն էր, որը հիմա դեղին է։ Գնեցինք նրա որդու միջոցով, համացանցում  հայտարարություն կար։ Նմանատիպ մեքենաները արժենում են մինչեւ 3 000 դոլար, իսկ այս մեկը 1 200 դոլարով գնեցինք։

 

Չորս ընկերներով համախմբվել ենք ու ստեղծում ենք հինը պահպանելու կոլորիտային միջավայր։ Դետալների միջոցով մարդիկ վերապրում են իրենց, ինչպես նաեւ իրենց նախնիների կյանքը։

 

«Ադամանդե ձեռք» ֆիլմի հետքերով

 

«Ադամանդե ձեռք» ֆիլմին առանձնահատուկ հմայք էր տալիս կարմիր «Մոսկվիչ»-ը: Մեր հավաքածուն համալրեցինք նման մի «Մոսկվիչ»-ով ու փորձեցինք նրան հաղորդել այդ ֆիլմի մեքենայի տեսքը։

 

Սկզբում գնում էինք ամեն ինչ, հիմա նախընտրում ենք գտնել գործարանային պայմաններին մոտ մեքենաներ։

 

Մեքենաները գնելուց հետո բավականին ծախսատար գործընթաց ենք ունենում։ Ամեն պահեստամաս չէ, որ Հայաստանում գտնում ենք: Լինում է, որ Ռուսաստանից ենք բերում, ինչը ծախսը կրկնակի է դարձնում։ Հին մեքենաները, որքան էլ գրավիչ տեսք ունենան, միեւնույն է՝ հին են։ Երբ երկաթը սկսում է քայլքայվել, ժանգոտել, «նստել», անհրաժեշտ են հատուկ միջոցներ:

 

Հիմա բացառիկ մի ավտոմեքենա ենք վերանորոգում: Այն արտադրվել է «Երազ» գործարանում ու ընդամենը 20 կմ ճանապարհ է անցել: Վերանորոգումը պայմանավորված է խոնավ պայմաններում երկար ժամանակ մնալու հետ՝ երկաթե ծածկն ենք փոխում։

 

Դեղին «Վոլգաների» շարասյունը

 

Երբեմն սիրում ենք «թիթիզանալ» եւ մեր մեքենաներով դուրս գալ քաղաք՝ բոլորը մեզ են նայում, հիշում են անցած տարիները: Անգամ հարսանիքի պատվերներ ենք ստանում, երբ նորապսակները ուզում են տարբերվել ու դեղին «Վոլգաների» շարասյուն ունենալ։

 

Լինում են դեպքեր, երբ օդանավակայանից ենք դիմավորում մարդկանց, այդ ծառայությանն արժե 15 000 դրամ։ Իսկ քաղաքում մեկ ժամ շրջելը 10 000 դրամ արժե:

 

«Քաղցր հուշերի աշխարհ» թանգարանը

 

Այս պահին 6 վերականգնված ավտոմեքենա ունենք: Եւս 7 մեքենա գնել ենք, վերականգնման փուլում են։ 

 

Սկզբում այս ամենն իմ անձնական գումարներով էր արվում, բայց տարիների ընթացքում հասկացա, որ պետք է դիմեմ ճաշակով եւ հինը գնահատող մարդկանց: Այդպես մեզ միացավ Յուրան՝ Աֆրիկյանների ընտանիքի ժառանգներից։ Արդեն 4-րդ տարին է, ինչ աշխատում ենք այս նախագծերի վրա։ Ընդհանուր առմամբ, մոտ 250 000 դոլար ենք ծախսել։

 

Շատ գաղտնիքներ բացել չեմ կարող, միայն կասեմ, որ Հայաստանը միակն է լինելու հետխորհրդային երկրների շարքում, որտեղ կլինի իրական նոստալգիկ  թանգարան: Քաղցր հուշերի աշխարհ է լինելու։

 

Տեքստը ու լուսանկարները՝ Շուշանիկ Ասատրյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին