Հայրենադարձ Ավետիս. «Հայերի 10%-ն է իր վրա տանում ազգային բեռը» - Mediamax.am

exclusive
25858 դիտում

Հայրենադարձ Ավետիս. «Հայերի 10%-ն է իր վրա տանում ազգային բեռը»


Ավետիս Գասպարյանը
Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Գասպարյանը
Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Գասպարյանը
Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Գասպարյանը
Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Գասպարյանը
Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Գասպարյանը
Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավետիս Գասպարյանի արեւմտահայերեն թեթեւ ակցենտը հուշում է, որ Հայաստանում չի ծնվել, բայց խոսակցական բառերն էլ «մատնում» են, որ Երեւանում արդեն երկար ժամանակ է ապրում: Հալեպում ծնված եւ 12 տարի առաջ հայրենադարձված Ավետիսը դպրոցն ավարտելուց հետո նախ Բեյրութ էր մեկնել, ուզում էր կրթությունը շարունակել Հայկազյան համալսարանում, սակայն Լիբանանում պատերազմ սկսվեց, եւ նա կանգնեց ընտրության առաջ՝ մեկնել Կանադա եւ այնտեղ շարունակել ուսումը կամ տեղափոխվել Հայաստան, որտեղ դեռ 1999թ.-ից եղբայրն էր բնակվում:

 

«Հասկացանք, որ ընտանիքը Սիրիայում, ես Կանադայում, իսկ եղբայրս՝ Հայաստանում ապրելու տարբերակը մեզ համար չէ, որոշեցինք ընտանիքով, վերջապես, հայրենադարձվել»,- ասում է Ավետիսը, ով այժմ Հայաստանում Yandex.Taxi-ի Տարածաշրջանային ղեկավարն է:

 

Սփյուռքից եկած մարդը

 

Մինչ հայրենադարձվելն ապրում էի այն Հայաստանում, որը շարադրված էր, մեզ սովորեցրել էին, թե ինչ է Հայաստանը: Նկարներով, գրականությամբ ու երազանքով էինք յուրացնում մեր երկիրը: Երբ եկա այստեղ, հասկացա, որ սա ուրիշ՝ փաստացի Հայաստան է: Պատկանելիության նախապատվությունն այս 2 Հայաստաններից մեկին տալը ցավոտ մարտահրավեր էր։ Քիչ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ փաստացի Հայաստանն է իմ կյանքի շարունակությունը։ Սովորաբար, սփյուռքահայերի մոտ հակառակն է լինում:

 

Առաջին տպավորությունս, Զվարթնոց օդանավակայանում իջնելուց հետո, այն էր, որ բոլորը հայերեն են խոսում: Այդ տարիներին տխուր էր Երեւանը, մի քիչ մութ էր, մարդիկ շատ էին սեւ հագնում, իրենց չէին խնամում, մեքենաները, մեծամասամբ, խորհրդային արտադրության էին: Ես հանգիստ կյանքից եկա, կենցաղային դժվարություններն ինձ հետ բերեցի, դրա համար մի քիչ դժվար էր սկզբում: Նաեւ լեզվի խոչընդոտը կար: Արեւմտահայերենում շատ է օգտագործվում արաբերեն, թուրքերեն ու ֆրանսերեն բառեր, որոնք ժառանգվել են հայտնի պատմական տեղաշարժերից հետո, արեւելահայերենն, իր հերթին, հագեցած է ռուսերեն բառերով. այնպես որ՝ կոմունիկացիան բավական դժվար էր ստացվում սկզբում: Ցավում էի, որ մեր այդքան հարուստ լեզուն նույնքան աղավաղված էր Հայաստանում, որքան սփյուռքում:

Ավետիս Գասպարյանը Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ վերադառնում էինք օդանավակայանից, եղբորս հարցրեցի՝ ինչպիսի՞ տեղ է Հայաստանը: Ասաց՝ Հայաստանն աշխարհի ամենալավ ու ամենավատ տեղն է միաժամանակ: Կախված է այն բանից, թե ինչպես կապրես: Առ այսօր դա արդիական է: Բազմաթիվ մարդիկ, ովքեր եկան Հայաստան, չգիտեին՝ ինչ է Հայաստանը, նրանք, ովքեր համակերպվեցին, հասկացան, որ կարող են մշակույթի մեջ ներդրում ունենալ, ոչ թե մշակույթ փոխել, հասկացան, որ այն հայը, ում հետ խոսում են, իրենց եղբայրն է, ոչ թե մարդ, ով պոտենցիալ իրեն կարող է վնաս պատճառել, կարողացան ընտելանալ հայաստանյան առօրյային:

 

Նույնն էլ սիրիական պատերազմի ժամանակ էր: Նրանք, ովքեր եկան՝ ի սկզբանե Հայաստանը դիտարկելով որպես երկիր, որտեղ կիրացնեն իրենց անհաջողությունները՝ ակնկալելով միակողմանի աջակցություն, պարզ է, որ չհաջողեցին ու հեռացան:

 

Երբ առիթ եմ ունենում քննադատելու որեւէ երեւույթ՝ ազգս բաժանում եմ 90/10 հարաբերակցության: 90%-ն այն «ակամա» հայերն են, ովքեր հարկադրաբար են ծնվել հայ, իսկ այդ 10%-ն իր վրա է տանում ամբողջ ազգային բեռը՝ պատմություն, մշակույթ, քաղաքակրթություն, պետություն, պետականություն: Ահավոր բարդ է: Հայաստան գալիս ինտեգրվելու կամ հայ լինելու խնդիր չունեի, քանի որ մինչ մարդ ձեւավորվելս՝ դաստիարակվել եմ որպես հայ, ով անհայտ ապագայում ինչ-որ գործ ունի անելու իր երկրի համար, որը դեռ չի տեսել։

 

Ես երախտապարտ եմ այն մարդկանց, ովքեր որոշեցին ապրել այստեղ եւ ներդրում ունենալ որեւէ ձեւաչափով: Մենք աշխարհի, երեւի, ամենաունիվերսալ ազգն ենք, ամեն տեղ գոյություն ունենք, մեր մշակույթը տարածվում է մինչեւ Չինաստան, Հնդկաստան… Ոչ մի ազգ այդպիսի ճոխություն չունի: Որքան շատ բան բերենք Հայաստան դրսից, այդքան մեր երկիրը կծաղկի, կկատարելագործվի, մեկս մյուսի նկատմամբ կլինենք շատ ավելի բաց ու հանդուրժող: Որքան փակ էր Հայաստանը Խորհրդային միությունից անկախություն անցնելու ճանապարհին, այնքան հիմա է բացվում աշխարհին ու աշխարհն է ինտեգրվում իրեն:

 

«Հայլուր»-ի դեմքը՝ Սփյուռքի էկրաններին

 

Հայաստանում ընդունվեցի Ֆրանսիական համալսարան եւ ստացա տնտեսագետ, մարքեթոլոգի մասնագիտություն: Ֆրանսիական համալսարանը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի գործընկերն է, ինչի շնորհիվ մասնագիտական կարողություններս զարգացրեցի Ֆրանսիայում՝ Փարիզում:

 

Դեռ ուսանողական տարիներից աշխատանքային ուղիս սկսեցի Հանրային հեռուստաընկերությունում. «Հայլուր Սփյուռք» լրատվական ծառայությունում որպես մեկնաբան եւ խմբագիր էի աշխատում: Շատ լավ տիրապետում էի արեւմտահայերենին, իսկ այդ տարիներին Հայաստանում արեւմտահայերեն գերազանց խոսող ու կարգավիճակով սփյուռքահայ քիչ մարդիկ կար: Դալար Արաբյանի հետ վարում էինք արեւմտահայերեն լուրերը: Հենց այդ ժամանակ էլ իմ գերազանց արեւմտահայերենն աղավաղվեց: Հուշարարի (սուֆլյոր) վրա աշխատող իմ գործընկերները տեղի հայեր էին. ստիպված տեքստերը արեւելահայերեն ուղղագրությամբ էինք գրում, որպեսզի նրանք այդ արագության տակ տարբերակեն, թե ինչ է գրված էկրանին: Արդյունքում՝ սուֆլյորը ստացվում էր արեւմտա-արեւելահայերեն (ծիծաղում է,- հեղ.):

Ավետիս Գասպարյանը Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արբանյակային տիրույթում հեռարձակվող «Հայլուրում» աշխատելն առանձնահատուկ էր նրանով, որ նորությունները բոլորից առնվազն 37 վայրկյան շուտ էիր իմանում։ Երբ պավիլյոնում նստած ես ու առանձին ես տեսախցիկների հետ, ապակուց այն կողմ տեսնում ես հսկայական թիմ, որն աշխատում է, որպեսզի եթերդ հաջողված լինի, քեզ զգում ես անչափ պատասխանատու, հատկապես՝ երբ գիտես, որ այն ուղղությունը, որին նայում ես, պարզապես սարքավորում չէ, եւ դրանից այն կողմ հազարավոր մարդիկ նստած քեզանից հայրենիքի կարոտն են առնելու: Կարոտում եմ այդ օրերը.. 

 

Գլխավոր դրամատանը կերտված քաղաքացին

 

Փարիզից վերադառնալուց հետո, երբ դեռ մագիստրատուրայի ուսանող էի, աշխատանքի ընդունվեցի Կենտրոնական բանկում: Վստահաբար կասեմ, որ այն ՀՀ քաղաքացի եւ որակյալ մասնագետ կերտելու դարբնոց է: Եթե կարողանաս ԿԲ-ի դպրոցը ճիշտ ավարտել, ապա կյանքում քո ցանկալի ուղղությունն, անպայման, կգտնես: Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունում աշխատեցի 4 տարի: Գլխավոր դրամատունը պրոակտիվ քաղաքականություն է մշակում, որին հետեւում է երկրի ողջ ֆինանսատնտեսական համակարգը: Դա նույնպես մեծ պատասխանատվությամբ գործ էր, հատկապես՝ մեր ծառայության աշխատանքը բավական բարդ էր: Եթե Կենտրոնական բանկում կա 26 վարչություն, որոնցից ամեն մեկն իր մասնագիտական ուղղվածությունն ունի, մեր ծառայությունը աշխատում էր բոլոր վարչությունների հետ ու նրանց աշխատանքի արդյունքը մատուցում արտաքին հարթակի ամենատարբեր շերտերին (կառավարություն, առեւտրային բանկեր, ֆինանսական հաստատություններ, միջազգային կառույցներ, գործընկերներ եւ այլն) ու հետադարձ կապն ապահովում: 

 

Կենտրոնական բանկը եղավ այն առաջին հանգրվանը, որտեղ, մեծամասամբ, կարողացա իրացնել իմ մասնագիտական կարողությունները: Գործընկերներս ասում էին, որ ես անում էի այն ամենը, ինչ բոլորը հրաժարվում էին անել (ծիծաղում է,- հեղ.):

 

Կենտրոնական դրամատանը շատ լավ գործընկերներ եւ մենթորներ ունեմ, մարդիկ, ովքեր ինձ շատ բան սովորեցրին: Հսկայական գիտելիք ու փորձ եմ ձեռք բերել այդտեղ։ Պրոգրեսիան, սակայն, բերեց ինձ ինչ-որ կետի, որտեղ հասկացա, որ հանրային ոլորտում անելիքներս սահմանափակ են երբ դրանք համադրում եմ ակնկալիքներիս հետ։ Որոշեցի անցնել մասնավոր հատված։ Մտերիմներիս համար կոմֆորտային տարածքը լքելու քայլս ռիսկային ու ավանտյուրիստական էր։

Ավետիս Գասպարյանը Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդիկ հաճախ կառչած են մնում պետական կառույցներում աշխատանքից՝ դա համարելով ապահով եւ կայուն, բայց ինձ համար այդ մոտեցումն, առնվազն, անհասկանալի է: Մենք միշտ ածանցում ենք մեր կարողություններն այդ ապահովությանը, սահմանափակում մեզ: Եթե որպես ազգ, իսկապես, արժեւորենք մեր կարողությունները, հասկանանք, որ քաղաքակրթությունների կայացման գործում շատ խորը արմատներ ունենք, այդ ժամանակ կսկսենք մեզ գնահատել ընդհանուրի մեջ, եւ ապահովությունն այդտեղ ընդհանրապես գործ չունի անելու: Մենք կարողությունների ժողովուրդ ենք, այնպես որ՝ չպետք է կաշկանդենք մեզ հանուն թվացյալ ապահովության: 

 

Հարկ վճարելն ու հայրենասիրությունը

 

Կենտրոնական բանկից դուրս գալու դժվար որոշմանս զուգահեռ հանդիպեցի շվեյցարահայ ներդրողի, ու որոշեցինք Հայաստանում բիզնես-խորհրդատվական կազմակերպություն հիմնել, որի առաջնային նպատակն էր սպասարկել Ժնեւի շուկան՝ բիզնես ծառայությունների փոքր սպեկտրով: Արդյունքում B2B Consulting-ը կարողացավ ոչ միայն այդ ծառայությունների շարքը համալրել բազմաֆունկցիոնալ գործիքակազմով, այլեւ ներթափանցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լիբանանի, ու մի շարք այլ երկրների մրցունակ շուկաներ:

 

Ամեն ինչ սկսվեց զրոյից: Մի քանի ամիս անց արդեն շատ էինք, ու քրտնաջան ամենօրյա աշխատանքի շնորհիվ զարգանում էինք արագ։ Որեւէ միջոց չեմ խնայել նոր աշխատակիցներ ներգրավելու ու նոր նախագծեր իրագործելու համար։ Արդյունքում կարողացանք Հայաստանում ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, որը ծառայություններ էր մատուցում կոնկրետ շուկաներում, ինչը ենթադրում էր այնպիսի գիտելիքների եւ փորձի առկայություն, որն առնվազն նույնը կլիներ, ինչ այն շուկան, որտեղ ծառայություն էինք մատուցում:

 

Այս զարգացման տեմպի մեջ ինձ մոտ դանդաղ ու կայուն հիմքերով ձեւավորվեց հարկ վճարելու արվեստը: Ավելին ասեմ՝ եթե հայրենասիրությունը ինչ-որ տեղ կարելի է առարկայացնել, ապա ես հայրենասերներին կբաժանեմ երկու խմբի՝ հարկ չվճարողներ եւ վճարողներ: Երկրորդի դեպքում դու սկսում ես գիտակցել՝ ի՞նչ է նշանակում պետություն, պետականություն, հասկանում ես՝ ինչպե՞ս ես, որպես քաղաքացի, մաս կազմում մի հսկայական համակարգի: Մենք փոքր ազգ ենք, փոքր պետություն, եւ հասկանալն այդ կապը՝ հարկ վճարելուց մինչեւ այնտեղ, որտեղ արտաքին դիվանագիտությունն է, պաշտպանական համակարգը, կրթության եւ առողջապահության ոլորտը, պարտադիր է:

Ավետիս Գասպարյանը Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատերի մոտ այդ գիտակցումը բացակայում է, քանի որ կարճաժամկետ, անհատին սպասարկող շահը շատ ավելի գերադասելի է, քան ընդհանուրին սպասարկողը։ Այդ հոգեբանությունը, ինչ-որ առումով, ժառանգություն է Խորհրդային միությունից, երբ չկար պետականություն հասկացությունը, կար գերիշխանություն, որից ինչ-որ բան «պոկելը» համարվում էր հանրային բարիք: Մենք այսօր անկախ, ոտքերի վրա կանգնել փորձող պետություն ենք, եւ առաջին գործը, որ ցանկացած քաղաքացի պիտի անի մինչեւ պետությունից որեւէ բան պահանջելը, դա լիարժեք աշխատանքն է, դրա արդյունքում ստեղծված բարիքի սպառումը, զարգացումն ու մեծացումը։ Ու այս ամենի հիմքը դպրոցն է. չէ՞ որ պետությունը սկսում է դպրոցից:

 

Արագ ու անսպասելի միավորում Yandex.Taxi-ի հետ

 

Իմ ու Yandex.Taxi-ի իրար գտնելը շատ արագ ու անսպասելի էր: Ես հույս ունեմ, որ ամուսնությունս էլ կլինի այդպես անցավ ու փոխըմբռնումով (ծիծաղում է- հեղինակ): Ծառայությունը երկար ժամանակ չուներ Տարածաշրջանային տնօրեն, ու մեկ այլ բիզնես խորհրդատվական ընկերության գործընկեր իմ թեկնածությունն էր առաջարկել այդ պաշտոնին: Բյուրոկրատական գործընթացները շատ արագ անցան։ Ու երբ Երեւանում դեմ առ դեմ հանդիպեցի Yandex.Taxi-ի միջազգային զարգացման ղեկավարին, այդ ժամանակ հասկացա ծառայության իրական ներուժն ու զարգացման հեռանկարները։ 

 

Կարճ ժամանակում հասցրեցի ծանոթանալ տեղեկատվական ոլորտի այս hսկայի գործունեությանը։ Հմայված եմ արված լայնամասշտաբ աշխատանքով։ Մեր երկրում այն ավելի քան կայացած ծառայություն է՝ իր բոլոր խնդիրներով ու մարտահրավերներով հանդերձ: Ցավոք, Հայաստանում շատ քիչ մարդ գիտի, թե ով է միջազգային այս հսկայի հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նա ծնունդով երեւանցի Տիգրան Խուդավերդյանն է։ Այս տաղանդը հանրաճանաչ է Ռուսաստանում ու Եվրոպայում: Yandex.Taxi-ի միջազգային զարգացման դեսպանները՝ Մուշեղն ու Արամը, նույնպես հայեր են, որոնք իմ հիմնական մոտիվացիան են՝ հավատալու Yandex.Taxi-ի ապագային:

 

Այժմ մենք գոյություն ունենք 14 երկրի 600 քաղաքում, եւ ստեղծված համակարգի, թիմի, տեխնոլոգիաների, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ մեծ ընտանիքի շնորհիվ այս պահին իսկ ծառայությունը սփռվում է տարբեր երկրամասերում: Մենք հսկայական թիմ ենք, մեկս մյուսին թիկունք ենք, եւ այստեղ չկան կարծրատիպային, հիերարխիկ մենեջմենթի դասական ձեւեր: Մեզ մոտ ստարտափի հոգեբանություն է, ինչի շնորհիվ էլ ծառայությունը շատ արագ զարգանում, տարածվում է:

 

Yandex.Taxi ծառայության համար Հայաստանը առանցքային երկիր է, որի նկատմամբ կա ընդգծված վերաբերմունք ամբողջ թիմի կողմից։ Ուղեւորափոխադրումների ոլորտում շուկայի առաջատարը լինելը պատասխանատու եւ մարտահրավերներով լի գործ է։ Ե՛վ առաջարկի, ե՛ւ պահանջարկի շուկաներում ծառայությունը հետաքրքիր ու հանրությանը պիտանի պրոդուկտներով համալրելը շարունակական գործընթաց է, որի համար ոչինչ չենք խնայում։ Անելիքներ շատ ունենք, ունենք նաեւ աշխատելու մեծ պատրաստակամություն։

 

Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ Yandex ծրագրավորման դպրոցները Գյումրիում ու Վանաձորում, որտեղ պատանիները սովորում են ծրագրավորման հայտնի «Փիթոն» լեզուն։ Վերջերս այդ դպրոցի սաներից Ռուբենը արժանացավ ՏՏ պետական կրթական մրցանակին։

 

Ինչ վերաբերվում է Հայաստանյան ուղեւորափոխադրման շուկային՝ կարծում եմ, որ առաջիկա երկու տարում Հայաստանում այս շուկան ամբողջությամբ կդառնա օնլայն, եւ դա կլինի մեր հասարակության լավագույն ձեռքբերումներից մեկը՝ ոլորտը դարձնելով առավել քաղաքակիրթ, շահավետ ու թափանցիկ։

 

Հայկական ֆոլկ երաժշտություն՝ Կոմիտասով ոգեշնչված

 

Հիմա, թեեւ, ազատ ժամանակս քիչ է, այն փորձում եմ ծախսել ինձ համար սիրելի զբաղմունքների վրա: Ժամանակին բաս-կիթառ էի նվագում, հիմա՝ դասական. երաժշտությունն այդպես էլ հոբի մնաց:

Ավետիս Գասպարյանը Ավետիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2011թ.-ին՝ Fête de la Musique-ի (Համաշխարհային երաժշտության օր) շրջանակում Ֆրանսիական համալսարանում որոշեցինք ստեղծել երաժշտական խումբ: Ինչ արագությամբ որ ստեղծեցինք, նույն արագությամբ էլ փակվեց: «Ալպիական Մանուշակը» ֆրանսիական ու ֆոլկ-հայկական բլոկը կազմակերպելու առաքելություն ուներ: Խմբի ղեկավարն էի, տաղանդավոր տղաներ ու աղջիկներ գտանք, ովքեր անդամագրվեցին խմբին։ Միջոցառման ավարտից 3 ամիս հետո գլխավոր կիթառահարը մեկնեց Չինաստան, հարվածայինը՝ Գերմանիա, դաշնակահարն ու բաս-կիթառիստը՝ բանակ: Մնացինք ես, շեփոռահարն ու թավջութակահարը, ու այդպես էլ խումբը ցրվեց:

 

Բազմաբովանդակ օրվա թոհուբոհից հետո, երբեմն, վերցնում եմ կիթառս ու նրա մաշված լարերով փորձում ստեղծագործել: Մոտիվացիաս Կոմիտասն է, երաժշտական մտածելակերպս՝ եւս: Առհասարակ, կարծում եմ, հայ մտածելակերպն է Կոմիտասը:

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին