Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններում՝ Սանահինի եւ Քոբայրի վանական համալիրներում ու «Լոռի բերդ» միջնադարյան ամրոցում վերականգնման աշխատանքները շարունակվում են, իսկ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում արդեն ավարտվել են:
Մեդիամաքսը Հայաստանի մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ զրուցել է կատարված եւ շարունակվող աշխատանքների մասին:
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Օձունի եկեղեցու (5-րդ դար) վերականգնումը, մշակույթի փոխնախարարի բնորոշմամբ, պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակներից է: Համատեղ աշխատանքն Արեւ Սամուելյանը շատ բարձր է գնահատում ոչ միայն որպես փոխնախարար, այլեւ որպես ճարտարապետ եւ նախարարության գիտամեթոդական խորհրդի նախագահ:
«Նախագծերը, սովորաբար, նայվում են մեկ կամ երկու անգամ: Օձունի դեպքում առնվազն հինգ անգամ է նայվել: Մշտապես հարցեր եղել են, ինչը, սակայն, չի նշանակում, որ նախագիծը թերի է եղել, պարզապես հետարքրքությունն է մեծ: Մենք շատ լուրջ ենք մոտենում ոչ միայն պետական բյուջեից տրամադրվող գումարներով, այլեւ մեզ վստահած մասնավոր հատվածի հովանավորությամբ կատարվող վերականգնման աշխատանքներին: Այդ առումով նախագիծը շատ լուրջ ու խորքային է նայվել»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է պտտվող լուրերին, թե բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցվել էր, եւ նախագծով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ չեն կատարվել, Արեւ Սամուելյանի պնդմամբ, դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Ծրագիրը մոտ 300 մլն դրամ էր նախատեսում եւ այդքան գործ արվել է: Բարձր որակի աշխատանք է: Վերականգնումն անսպառ կարող է լինել, միշտ ծավալ կա: Բայց կարող եմ ասել, որ Օձունի եկեղեցուն որեւէ վտանգ չի սպառնում, այն ամրակայված է, կանգուն է: Այո, կան դեռեւս հարցեր, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք առաջնային չեն: Աշխատանքներ են մնացել խորհրդային տարիներին վերականգնման համար կազմալուծված սյունասրահում, որն, ի դեպ, նախագծով նախատեսված չէր»:
Արեւ Սամուելյանի փոխանցմամբ՝ այս պահին դեռ չլուծված է մնում եկեղեցուց 10 մետր հյուսիս գտնվող 5-6-րդ դարերի կոթողի հարցը:
«Դեղնականաչավուն ֆելզիտից սյուների պահպանության հարցում անհրաժեշտ գիտական հիմնավորումը դեռ չունենք: Պետք է հասկանանք՝ այն տեղո՞ւմ է պահպանվելու, թե՞ պատճենն է դրվելու եւ թանգարանացվելու է: Երբ լուծումը լինի, կխոսենք բարերարի հետ, նա միշտ պատրաստակամ ձեւով համագործակցել է». – ասել է նա:

Լուսանկարը` Մշակույթի նախարարություն
Արեւ Սամուելյանը հավելել է, որ պետությունն առաջնային խնդիրներին է լուծում տալիս. «Մենք չենք նայում՝ բարերարի կողմից կիսատ թողնվե՞ց, թե՝ ոչ: Եթե խնդիրը հրատապ լուծում է պահանջում, ֆիզիկական ոչնչացման կամ ամբողջականության աղճատման վտանգ է սպառնում, պետության կողմից միջոցներ հատկացվում են: Այսօր, ցավոք, կան բավական շատ հուշարձաններ, որոնք անհապաղ միջամտության կարիք ունեն»:
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում վերականգնման աշխատանքները սկսվել էին 2011թ.-ից: Եռակողմ պայմանագիր էր ստորագրվել ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջեւ: Ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում էր 269 մլն 300 հազար դրամ:
Սանահինի վանքային համալիր
Սանահինի վանքային համալիրում (10-րդ դար) ընթացող վերականգնման աշխատանքներին, ըստ փոխնախարարի, լրջորեն են մոտենում ու դեռ մի քանի տարվա աշխատանք կա:
«Աշխատանքներն իրականացվում են գիտամեթոդական խորհրդով անցած, հաստատված ու համաձայնեցված նախագծով: Ցավոք, նախորդ տարի մահացավ վերականգնող ճարտարապետը, այժմ աշխատանքները շարունակում է նրա որդին: Մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում նաեւ Հուշարձանների պահպանության գործակալությունը»,- ասում է Արեւ Սամուելյանը:

Լուսանկարը` Մշակույթի նախարարություն
Փոխնախարարը նշում է, որ վերջին օրերին աղմուկ է բարձրացել, թե Սանահինի համալիրում արձանագրություններով քարերը փոխարինվում են սրբատաշ քարերով: Ըստ նրա, սրբատաշ քարերը տեղադրվում են դատարկ տեղերում, եւ վերականգնողները չէին կարող նոր արձանագրություններով քարեր տեղադրել:
Սանահինի վանքային համալիրի աշխատանքները սկսվել են 2012թ.-ից: Իրականացվել են նախնական ուսումնասիրության, պեղման եւ նախագծերի մշակման աշխատանքներ: Ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 280 մլն դրամ: Ներդրումներն առ 2014թ. դեկտեմբերի 25-ը կազմել են 76 մլն 497 հազ. դրամ, մնացորդը 20 մլն 350 հազ. դրամ է: 2015 թ.-ին հատկացվել է 20 մլն դրամ:
Քոբայրավանք
Արեւ Սամուելյանի փոխանցմամբ՝ Քոբայրի վանական համալիրում (12-րդ դար) եւս ակտիվ աշխատանքներ են ընթանում: Նախորդ տարի ավարտվել են Զանգաշտարակի վերականգնման աշխատանքները: Ամրացվել են եւ ժամանակավոր ծածկ է դրվել մայր եկեղեցու որմնանկարների վրա: Սկսել են ամրակայել հարակից փոքրիկ եկեղեցու որմնանկարները:

Լուսանկարը` Մշակույթի նախարարություն
«Բարեկարգման աշխատանքներ են սկսվել նաեւ Սեղանատանը: Այստեղ հայ-իտալական ծրագիր իրականացվեց: Իտալիայի արտաքին գործերի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների միջեւ կնքված կրթամշակութային ծրագրով Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին նաեւ իտալացի մասնագետներ»:
Քոբայրի վանքային համալիրի աշխատանքները սկսվել են 2006թ.-ից. իրականացվել են նախնական ուսումնասիրության, պեղման եւ նախագծերի մշակման աշխատանքներ: Ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 294 մլն 314 հազ. դրամ: Ներդրումներն առ 2014թ. դեկտեմբերի 25-ը կազմել են 16 մլն 815 հազ. դրամ, մնացորդը՝ 277 մլն 498 հազ. դրամ: 2015 թ. հատկացվել է 18 մլն դրամ:
«Լոռի բերդ»
Հնագիտական մեծ կարեւորություն ունեցող հուշարձաններից «Լոռի բերդում» (10-րդ դար) տարիներ շարունակ պեղումներ ու վերականգնման աշխատանքներ են ընթանում: 2012-2013 թթ. կատարվել են հուշարձանի պեղման, նախագծման, ամրակայման եւ մասնակի վերականգնման աշխատանքներ:

Լուսանկարը` Մշակույթի նախարարություն
«Միջնադարյան այս ամրոցում աշխատանքները դեռ երկար տարիներ կշարունակվեն»,- ասում է Արեւ Սամուելյանը:
«Լոռի Բերդ» ամրոցում աշխատանքները սկսվել են 2011թ.-ից. իրականացվել են նախնական ուսումնասիրության, պեղման եւ նախագծերի մշակման աշխատանքներ: «Լոռի բերդի» պահպանության եւ ուսումնասիրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010 թ. ստեղծվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոց-թանգարանը:
Ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 126 մլն 932 հազ. դրամ: Ներդրումներն առ 2014թ. դեկտեմբերի 25-ը կազմել են 57 մլն 52 հազ. դրամ, մնացորդը՝ 6 մլն 988 հազ. դրամ: 2015 թ. հատկացվել է 16 մլն 500 հազ. դրամ:
Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: