Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի «Ազգային անվտանգության արխիվ» (National Security Archive) կազմակերպությունը գաղտնազերծել է ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումների եւ հեռախոսազրույցների ձայնագրությունների հերթական փաթեթը։
2002 թվականի հունիսի 27-ի առավոտյան երկու առաջնորդները հանդիպել են Կանանասկիսում (Կանադա) «Մեծ ութնյակի» (G8) գագաթնաժողովի ընթացքում եւ զրույցի զգալի մասը նվիրել են Իրանի ատոմային ծրագրին եւ չեչեն գրոհայինների ներկայությանը Վրաստանի տարածքում։
Սղագրությունը սկսվում է այսպես.
Նախագահ Բուշ՝ Հաջողություններ ունենք Իրանի հարցում։
Նախագահ Պուտին՝ Ես կարդացի ձեր նամակը եւ լավ հանդիպում անցկացրի։ Իրավացի եք, համաձայն եմ, որ հաջողություններ ունենք։ Ես որոշ տեղեկատվություն ուսումնասիրեցի։ Առանցքային հարցն է՝ թույլ չտալ, որ իրանցիները ատոմային ցիկլ ստեղծեն։ Դա նշանակում է տեխնոլոգիա եւ սարքավորումներ զենքի համար նախատեսված պլուտոնիումի համար։ Ես լրացուցիչ հանձնարարականներ եմ տվել իմ ատոմային էներգետիկայի նախարարին։ Նա կապեր ունի ձեր մասնագետների հետ։ Մշտական աշխատանքային խումբ կա, որի հետ նա կապ կպահպանի։ Նա մաքուր է, որեւէ առեւտրային գործունեության մեջ ներգրավված չէ։ Մենք կարող էինք ստեղծել եւս մեկ խումբ կենսաբանական զենքի համար։ Խնդրեք Քոնդիին (Քոնդոլիզա Ռայս՝ Մեդիամաքս) մտածել, թե ինչպես իրականում լուծել այս երկու խնդիրները։
Ինչ վերաբերում է օգտագործված վառելիքին, որոշ առաջընթաց կա։ Ես ասել եմ իրանցիներին, որ մենք որեւէ վառելիք չենք մատակարարի, քանի դեռ նրանք չեն համաձայնի, որ օգտագործված վառելիքը վերադառնա Ռուսաստան։ Մենք նրանց հետ արձանագրություն ենք ստորագրել։ Նրանք դիմադրում են ուղղումներ կատարելուն։
«Մեծ ութնյակի» երկրների ղեկավարները Կանանասկիսում 2002 թվականի հունիսի 27-ինԼուսանկարը` REUTERS
Նախագահ Բուշ՝ Դուք հասկանում եք նրանց բնույթը, նրանք սաուդցիներից ավելի վատ են։ Պետք է հետեւել նրանց։
Նախագահ Պուտին՝ Ինչ վերաբերում է Իրանին, ես շատ ծանր զգացողություններ ունեի Խաթամիի հետ հանդիպումից հետո։ Ասնարը (Իսպանիայի վաչպաետը՝ Մեդիամաքս) ինձ հետաքրքիր բան պատմեց Խամենեիի հետ իր հանդիպման մասին։ Նա ասաց, որ բարեւի փոխարեն նա պարզապես նայեց իրեն եւ ասաց՝ «Մենք ոչնչացնելու ենք Իսրայելը, դուք մեր թշնամիներից մեկն եք՞»։ Ասնարն ասաց, որ ցնցված էր։ Որքան սերտ աշխատենք միասին, այնքան լավ։
Հանդիպման ընթացքում Բուշն ու Պուտինը խոսում են նաեւ Վրաստանում «չեչենական խնդրի» մասին.
Նախագահ Բուշ՝ Վրաստան. գիտեմ՝ դուք չեք կարծում, որ վրացիները կարող են գործը գլուխ բերել։ Նրանք վախենում են համատեղ գործողությունների հեռանկարից։
Նախագահ Պուտին՝ Մենք չենք պնդելու։
Նախագահ Բուշ՝ Նրանք պետք է գնան եւ բռնեն մարդասպաններին։
Նախագահ Պուտին՝ Նրանք դա չեն անի ։
Նախագահ Բուշ՝ Թույլ տվեք ավելի ուժեղ սեղմեմ։ Եթե նրանք չբռնեն նրանց, մենք կարող ենք մտածել, թե ինչպես հասնել Ալ-Քաիդայի մարդասպաններին։ Մենք ուզում ենք, որ նրանք մեռած լինեն։ Իմ մտահոգությունը Վրաստանի վերաբերյալ ձեր նպատակի մասին չէ։ Մենք տեսնում ենք տարբեր զրույցներ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին այս տարածաշրջանից սպառնացող վտանգների մասին։ Մենք պարտավորություն ունենք օգնել ձեզ պայքարել դրանց դեմ։
Նախագահ Պուտին՝ Ամեն ինչ պետք է ստուգված եւ բացահայտ լինի։ Մենք նրանց տարածքում ոչ մի տեղաշարժ չենք անի։ Բայց եթե գործողությունները ահաբեկիչներին ստիպեն մեր տարածք անցնել, մենք չենք սպասելու։ Մենք հարվածելու ենք նրանց Վրաստանում։ Լեռները շատ բարձր են։ Եթե նրանք անցնեն լեռները, մենք նրանց չենք բռնի։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք այս իրավիճակից, բայց եթե տեսնենք, որ նրանք մեր ուղղությամբ են շարժվում, կհարվածենք։ Ես հրաման եմ արձակել։ Մենք զորք ենք տեղակայում սահմանը շրջափակելու համար։
Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը Կանանասկիսում 2002 թվականի հունիսի 27-ինԼուսանկարը` REUTERS
Նախագահ Բուշ՝ Մենք պետք է ծրագիր մշակենք։ Այնպիսին, որի մասին դուք գիտեք։ Մենք կմշակենք համատեղ։ Ծրագիր, որը կասի վրացիներին՝ ինչ անել։ Գուցե նրանք չեն կարողանա դա անել, բայց պետք է նրանց շանս տալ։
Նախագահ Պուտին՝ Նրանք չեն կռվի, նրանք ներգրավված են թմրանյութերի առեւտրի մեջ։
Նախագահ Բուշ՝ Եկեք բացահայտենք Շեւարդնադզեի բլեֆը։
Նախագահ Պուտին՝ Մեզ համար բավարար է համակարգված գործունեություն ունենալ, որպեսզի տեղյակ լինենք, թե նրանք ինչ են անելու։ Նախորդ անգամ մենք ուշ իմացանք դրա մասին։
Նախագահ Բուշ՝ Մենք պետք է միասին աշխատենք դրա վրա։ Սա շատ լավ հնարավորություն է։ Եթե վրացիները չեն կարողանա դա անել, մենք ուրիշ բան կփորձենք։
Նախագահ Պուտին՝ Մենք նրանց տարածք չենք գնա։

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: