Դեմիրճյանը, Ալիեւը եւ Շեւարդնաձեն՝ Սարդարապատում - Mediamax.am

exclusive
33771 դիտում

Դեմիրճյանը, Ալիեւը եւ Շեւարդնաձեն՝ Սարդարապատում


Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը Սարդարապատում
Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը Սարդարապատում

Լուսանկարը` Մեդիամաքսի արխիվից

Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը Սարդարապատում
Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը Սարդարապատում

Լուսանկարը` Մեդիամաքսի արխիվից


Խորհրդային Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները՝ Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը, 1980-ականների սկզբին այցելել էին Սարդարապատի հուշահամալիր: Լուսանկարներն արվել են 1981-ին կամ 1982-ին՝ մինչեւ 1982-ի նոյեմբերը, երբ Հեյդար Ալիեւը ընտրվեց ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, նշանակվեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ եւ տեղափոխվեց Մոսկվա:

 

Շեւարդնաձեն եւ Ալիեւը գտնվում էին Հայաստանում՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի ռազմական խորհրդի նիստի կապակցությամբ, որի անդամներ էին հանդիսանում ի պաշտոնե (նիստերը հերթով տեղի էին ունենում երեք հանրապետությունների մայրաքաղաքներում)։ Դժվար է ասել, արդյո՞ք Դեմիրճյանին դժվար էր համոզել իր հյուրերին, հատկապես՝ Հեյդար Ալիեւին, այցելել Սարդարապատ: Ամեն դեպքում, Ադրբեջանի առաջնորդը դժվար թե խառը զգացողություններ չունենար՝ այցելելով այն վայրը, որը Թուրքիայի պարտության խորհրդանիշն է:

Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը Սարդարապատում Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը Սարդարապատում

Լուսանկարը` Մեդիամաքսի արխիվից

1999 թվականի հուլիսի 1-ին՝ հայ լրագրողներին Բաքվում ընդունելով (այն ժամանակ այդպիսի այցերը դեռ հնարավոր էին), Հեյդար Ալիեւը խոսել էր Կարեն Դեմիրճյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի հետ իր հարաբերությունների մասին.

 

«Ես սկսեցի աշխատել որպես Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1969 թվականին: Երեք տարի անց՝ 1972-ին Էդուարդ Ամվրոսիեւիչը Վրաստանում ընտրվեց Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, իսկ երկու տարի անց ՝ 1974-ին, Կարեն Սերոբովիչն ընտրվեց Հայաստանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար: Եվ պետք է ասեմ, որ մենք շատ լավ էինք համագործակցում: Օգնում էինք միմյանց:

 

Հիշում եմ իմ հանդիպումները Հայաստանում: Ինչ ոգեւորությամբ, ինչ հարգանքով էին ընդունում ինձ, եւ ոչ միայն պաշտոնյաները: Ես լինում էի կոլեկտիվներում, գործարաններում, ֆաբրիկաներում: Մի անգամ մեծ հավաքույթ էր կոշիկի գործարանի տարածքում, որտեղ ներկա էին եւ՛ Էդուարդ Շեւարդնաձեն, եւ՛ Կարեն Դեմիրճյանը եւ՛ ես: Մենք ելույթ ունեցանք, խոսեցինք անդրկովկասյան ժողովուրդների բարեկամության մասին: Քանի անգամ էր Կարեն Սերոբովիչը եղել  այստեղ՝ Ադրբեջանում: Ժողովուրդը նրան ընդունում էր մեծ հարգանքով, ուստի կյանքի այդ էջերը չպետք է մոռացության մատնվեն: Այն ժամանակ մենք շատ բան արեցինք: Դուք՝ երիտասարդները, պետք է իմանաք. մենք այն ժամանակ շատ բան արեցինք, որպեսզի մեր հանրապետությունները ձեռք բերեն գիտական, տնտեսական, մշակութային այն ներուժը, որն այժմ թույլ է տալիս նրանց ապրել անկախ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին