Վարչապետը պարգեւատրեց ”Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի աջակիցներին - Mediamax.am

5193 դիտում

Վարչապետը պարգեւատրեց ”Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի աջակիցներին


Բրիտանացի հայտնի երաժիշտ եւ պրոդյուսեր Թրեվոր Հորնը
Բրիտանացի հայտնի երաժիշտ եւ պրոդյուսեր Թրեվոր Հորնը

Լուսանկարը` http://www.solid-state-logic.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը "Ռոքն օգնում է Հայաստանին" նախագծին աջակցելու համար ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել բրիտանացի հայտնի երաժիշտ եւ պրոդյուսեր Թրեվոր Հորնին, ավստարալացի ռեժիսոր Բերնի Զելվիսին եւ լրագրող Քրիստինա Ռովատին:

Yes եւ Buggles խմբերի անդամ Թրեվոր Հորնը Լոնդոնի Sarm Studios-ի սեփականատերն է, որտեղ 2010թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Իէն Գիլանի ու Թոնի Այոմիի ստեղծած WhoCares խմբի ձայնագրությունը: WhoCares-ը ստեղծվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգման համար միջոցներ հավաքագրելու նպատակով: Թրեվոր Հորնը ստուդիան տրամադրել էր անվճար:

 

Բերնի Զելվիսը եւ Քրիստինա Ռովատ իրենց միջոցներով Սիդնեյից ուղեւորվել էին Լոնդոն, որ նկարահանան WhoCares-ի տեսահոլովակը, որը տեղ է գտել նախորդ շաբաթ թողարկված սկավառակի վրա: Նրանք իրենց կատարած աշխատանքի դիմաց որեւէ վարձատրություն չէին ստացել:

 

Պարգեւատրման խնդրանքով ՀՀ վարչապետին էր դիմել Մեդիամաքս-ը, որը ավստրալական Do Something կազմակերպության հետ համատեղ իրականացնում է “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագիծը:

Մեր ընտրանին