Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 5-ից շաբաթը մեկ անգամ կիրականացվեն նոր չվերթներ Թել Ավիվ-Երեւան եւ Երեւան-Թել Ավիվ ուղղություններով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին հայտարարել են այսօր չվերթները իրականացվող իսրայելական «Արկիա» ավիաընկերության ներկայացուցիչները:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշել է, որ դա խթան կհանդիսանա Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար, եւ Հայաստանն Իսրայելից մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու ներուժ ունի:
«Արկիա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքսանդր Նուրոկը (Alexander Nurock) տեղեկացրել է, որ տոմսի երկկողմանի արժեքը կլինի 310 եվրոյից սկսած:
«Անցյալ տարի մենք հասկացանք, որ այս ուղղությունը արդյունավետ կլինի, եւ այս տարի սկսեցինք աշխատել չվերթներ բացելու ուղղությամբ: Գտնում ենք, որ դա կնպաստի նաեւ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների խորացմանը»,- ասել է Ալեքսանդր Նուրոկը:
Նա տեղեկացրել է, որ «Արկիա» ավիաընկերությանն արդեն 5 տարի իրականացնում է չվերթներ Թել Ավիվ-Թբիլիսի-Թել Ավիվ ուղղությամբ:
Ալեքսանդր Նուրոկն նաեւ նկատել է, որ այսուհետ Իսրայել մեկնող հայաստանցիների համար անհրաժեշտություն չի լինի մեկնել Թբիլիսի վիզա ստանալու համար: Անհրաժեշտ բոլոր գործընթացները հնարավոր կլինի կատարել ավիաընկերության ներկայացուցչության միջոցով:
«Արկիա»-ն Իսրայելի 2-րդ խոշորագույն ավիաընկերությունն է, տարեկան այն փոխադրում է ավելի քան 1,6 մլն ուղեւոր: Հայաստանում ընկերության ներկայացուցիչը “ԳԱՊԱ” ՍՊԸ-ն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: