Սեպտեմբերի 13-14-ի արշավները. Վերելք Խուստուփ, 4 գագաթ Բովաքարի լեռներում - Mediamax.am

116 դիտում

Սեպտեմբերի 13-14-ի արշավները. Վերելք Խուստուփ, 4 գագաթ Բովաքարի լեռներում


Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Լուսանկարը` «4 գագաթ»

Լուսանկարը` My Hiking

Լուսանկարը` That Trail


Մեդիամաքսն առանձնացրել է սեպտեմբերի 13-14-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: 

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Սեպտեմբերի 13-14 (շաբաթ-կիրակի)

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Խուստուփ 

 

Սեպտեմբերի 13-14-ին ԱՐԻ-ն մեկնում է քայլելու Սյունյաց «արքայի» ալպյան փեշերին: Խուստուփը՝ ժայռոտ հսկան (3201մ), համարվում է սուրբ լեռ, որը դեռ հին ժամանակներից եղել է ուխտատեղի: Չմոռանանք նաեւ, որ այստեղ են ամփոփված մեծագույն հայերից մեկի՝ Նժդեհի մասունքները: Առաջին օրը վաղ առավոտյան ուղեւորվելու եք Սյունիք, որտեղ կայցելեք Քարահունջ եւ Տաթեւի վանական համալիր: Մշակութային այցերից հետո կուղեւորվեք Նավչայ վրանատեղի եւ երեկոն կշարունակեք խարույկի շուրջ: Երկրորդ օրը՝ արեւածագից առաջ, կսկսվի բուն վերելքը: Խուստուփի փեշերին արեւածագ դիմավորելն իրական հեքիաթ է: Երթուղու երկարությունը 12 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Սեպտեմբերի 13 (շաբաթ)

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Ուղտասար լեռ եւ ժայռապատկերներ 

 

Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է վերելք Ուղտասար լեռ (3528 մ): Այն Սյունիքի մարզում է՝ Սիսիան քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա։ Արշավի ընթացքում կտեսնեք նաեւ Ուղտասարի լանջերին հայտնաբերված հազարամյակների պատմություն ունեցող ժայռապատկերները եւ Ուղտասարի լիճը։ Երթուղու երկարությունը մոտ 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

Սեպտեմբերի 14 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Թեժլեռ 

 

Կիրակի օրն ակումբը հրավիրում է միանալ Թեժլեռի (3101 մ) վերելքին: Այն Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է եւ գտնվում է Կոտայք-Լոռի մարզերի սահմանագլխին՝ Մարգահովիտ գյուղից 7 կմ հյուսիս-արեւմուտք: Վերելքն իրականացնելու եք Լոռիի կողմից: Արշավը սկսվելու է Անտառաշեն գյուղից, ավարտվելու՝ Մարգահովիտում։

Լուսանկարը` ArmGeo

Ճանապարհին բացվելու են հիանալի տեսարաններ դեպի Փամբակի, Բազումի եւ Բովաքարի լեռներ: Վերելքը միջինից բարդ է, եւ ակումբը խորհուրդ է տալիս գրանցվել միայն արշավային փորձ ունեցողներին: Երթուղու երկարությունը 23 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Միափոր լեռ 

Սեպտեմբերի 14-ին ակումբն ուղեւորվում է Տավուշի մարզ՝ բարձրանալու Միափորի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Միափոր լեռը (2993 մ)։ Երթուղին սկսվելու է Ճամբարակ-Բերդ ճանապարհից։ Նախ կտեսնեք Տավուշի անտառներում թաքնված ու գեղեցկությամբ առանձնացող Շառաչ ջրվեժը, ապա կշարունակեք բարձրանալ Միափորի լեռնաշղթայի գլխավոր գագաթը։ Գագաթից բացվում են տպավորիչ տեսարաններ դեպի Տավուշի եւ Գեղարքունիքի լեռներ: Երթուղու երկարությունը մոտ 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

«Ճանապարհորդ» արշավախումբ. «Ծնունդարշավ» Տավուշում 

 

Կիրակի օրն ակումբը տոնում է 17-ամյակն ու հրավիրում մասնակցել «ծնունդարշավի»:

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Օրվա առաջին կեսին կսկսեք քայլել Հովք գյուղից՝ անտառային գեղեցիկ ճանապարհով շրջանցելով Ապակեքար լեռը: Այնուհետեւ հանգիստ կունենաք լեռան փեշերին գտնվող գողտրիկ անտառում, որտեղ էլ կամփոփեք անցած արշավային տարին: Նախատեսված են խաղեր, խարույկ, տոնական տորթ եւ գինի:  

 

Մանրամասները՝ հղումով

 

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ. Արշավ Շխմուրադի վանք 

 

Սեպտեմբերի 14-ին ակումբը երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Տավուշի մարզ՝ այցելելու Շխմուրադի վանք, որը Վարագաջուր գետի ձախ ափին է: Շխմուրադի վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում, այն եղել է Վարագաջուր գետի վերին եւ միջին հոսանքի գյուղերի բնակչության համար մշակութային եւ լուսավորության կենտրոն, նշանավոր ուխտատեղի։ 

Լուսանկարը` «4 գագաթ»

Շխմուրադի համալիրը քիչ ուսումնասիրված վանքերից է։ Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

My Hiking արշավական ակումբ. 4 գագաթ Բովաքարի լեռներում  

 

Այս կիրակի ակումբը փորձառու լեռնասերներին հրավիրում է մասնակցել վերելքի դեպի Բովաքարի լեռների չորս գագաթ՝ Խոռական (2258 մ), Ծակքար (2549 մ), Փոքր Բովաքար (2986 մ) եւ, իհարկե, Բովաքար լեռ (3016 մ):

Լուսանկարը` My Hiking

Լեռնաշղթան Լոռու եւ Տավուշի մարզերում է: Վերելքը սկսվելու է Մարգահովիտ գյուղից: Երթուղու երկարությունը 22 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1500 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

That Trail արշավական ակումբ. Կարմիր կատար եւ Աժդահակ 

 

Սեպտեմբերի 14-ին That Trail արշավական ակումբը, հրավիրում է վերելքի դեպի Կարմիր Կատար եւ Աժդահակ: Նախ ամենագնացներով մոտենալու եք Պայտասար լեռան ստորոտին, որտեղից կսկսվի քայլքը: 

Լուսանկարը` That Trail

Այցելելու եք նաեւ Վանքի լիճ՝ տեսնելու Գեղամա լեռների վիշապաքարերն ու ժայռապատկերները: Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին