Ներկայացվել են ԵՄ վիզաների ազատականացման համար կատարված քայլերը - Mediamax.am

1181 դիտում

Ներկայացվել են ԵՄ վիզաների ազատականացման համար կատարված քայլերը


Լուսանկարը` worldtourismforum.net


Երեւան: Մեդիամաքս: Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչությունն այսօր ներկայացրել է ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքը։

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկն ազդարարվել է շուրջ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: 

 

Երկխոսության գործառնական փուլի մեկնարկը տրվել է 2024 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ու ՆԳ նախարար, Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի հանդիպմամբ:

ՆԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«2025 թվականի փետրվարի 10-14-ը եւ ապրիլի 7-11-ը Հայաստան են այցելել ԵՄ առաջին եւ երկրորդ փորձագիտական առաքելությունները։

 

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի համակարգմամբ եւ փորձագիտական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի տեղակալի համակարգմամբ։

 

ԵՄ փորձագիտական առաքելություններից հետո՝ առկա իրավիճակի եւ խնդիրների վերլուծությունների արդյունքում պատրաստվել են զեկույցներ, որոնց հիման վրա Եվրոպական հանձնաժողովը մշակել է Գործողությունների ծրագիրը, որը բանակցելի փաստաթուղթ չէ եւ ենթակա է լինելու կատարման։

 

Առաջին առաքելություն (2025 թվականի փետրվարի այց)

 

Քննարկվել են ԳԾ-ի I եւ II ուղղությունները՝

 

▪ փաստաթղթերի անվտանգություն,

 

▪ սահմանների կառավարում,

 

▪ միգրացիայի կառավարում,

 

▪ ապաստանի քաղաքականություն։

 

Հանդիպումներ են անցկացվել ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ են կատարվել ՀՀ սահմանակետեր՝ Բագրատաշեն, Այրում, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայան, ապաստան հայցողների գործող եւ Աբովյանի նորակառույց կացարան, ՄՔԾ կենտրոնի բաժանմունք եւ փաստաթղթերի տպագրության կենտրոն։

 

Երկրորդ առաքելություն (2025 թվականի ապրիլի այց)

 

Քննարկվել են Գործողությունների ծրագրի III եւ IV ուղղությունները՝

 

▪ կազմակերպված հանցավորություն,

 

▪ կոռուպցիոն ու ֆինանսական հանցագործություններ,

 

▪ քրեական գործերով դատական եւ իրավապահ մարմինների համագործակցություն, ներառյալ անձնական տվյալների պաշտպանություն,

 

▪ արտաքին հարաբերություններ եւ հիմնարար իրավունքներ։

 

Հանդիպումներ են անցկացվել ՆԳՆ միասնական զանգերի կենտրոնում, Պարեկային ծառայությունում, ՆԳՆ կրթահամալիրում եւ ՀՀ արդարադատության ակադեմիայում։

Հունիսին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների, Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի ու Հավասարության, պատրաստվածության եւ ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբի հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով փորձագիտական պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ՝ վիզաների ազատականացման գործընթացը առաջ մղելու նպատակով։

 

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությունը։

 

Ներկայում իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ամփոփված Գործողությունների ծրագրի համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների հետ, որը Հայաստանին պաշտոնապես կփոխանցվի 2025 թվականի աշնանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին