Աղով ջուր՝ առանց աղի խոսքի. Երեւանի աղի լճի պատմությունները - Mediamax.am

exclusive
388 դիտում

Աղով ջուր՝ առանց աղի խոսքի. Երեւանի աղի լճի պատմությունները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովինար Եղիազարյանը
Ծովինար Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովինար Եղիազարյանը
Ծովինար Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանուկ Ղազարյանը
Մանուկ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Մազմանյանը
Հակոբ Մազմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոքր լիճը
Փոքր լիճը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի աղի լիճը՝ Գաջի գործարանի հարեւանությամբ, վաղուց արդեն սովորական լիճ չէ։ Այստեղ գալիս են թե՛ տարեցներ, թե՛ երիտասարդներ, բժիշկներ, գիտնականներ ու մի երկու փիլիսոփա՝ ցավերն օդին տալու, հին պատմություններ հիշելու կամ պարզապես ուրիշների բողոքներին ականջ դնելու։ Աղի ջրի բուժիչ հատկությունները լիճը դարձրել են ոչ թե պարզապես հանգստի գոտի, այլ մի վայր, որտեղ մարդիկ գալիս են թե՛ աղի ջրի հրաշքներին անձամբ հավատալու, թե՛ լուրերը փոխանակելու։ Այստեղ առողջանալը նույնքան կարեւոր է, որքան տարեցի համար խաչբառ լրացնելը։

 

Տասը տարի առաջ ծնողներս համոզված էին՝ սա բուժում է։ Հիմա ես եմ եկել։ Ոչ թե բուժվելու, այլ ավելի շուտ՝ ստուգելու՝ ո՞վ է դեռ հավատում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովինարը վաղուց արդեն վաթսուն անց է, բայց էներգիայով շարունակում է բոլորից առաջ լինել։ Հանգիստ նստած է լճի ափին, ժպտում է ամեն անգամ, երբ ճիշտ է հիշում, թե ով  ով է՝ երգչուհին, բժիշկը, հավաքարարը։ Հասցրել է բոլորի հետ բարեկամանալ։ Լիճը նրա համար պարզապես բուժում չէ, այլ՝ երկրորդ տուն, ուր գալիս ես, ցավերդ թողնում ջրում ու նոր լուրերով վերադառնում։

Ծովինար Եղիազարյանը Ծովինար Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդեն երրորդ տարին է, ինչ գալիս եմ։ Բժշկուհի ընկերուհիս պատմեց՝ ասում էր, որ այստեղ հոդացավերը թեթեւանում են, գրիժաններն՝ անցնում։ Հավատացի ու եկա՝ ոտքս բուժելու։ Սովետի տարիներին կանանց գործն էլ եմ արել, տղամարդկանց գործն էլ՝ առանց բողոքելու․ լռել եմ ու դիմացել։ Քայլում եմ՝ ցավերն էլի կան, բայց գիտեմ՝ այս լիճն ուժ է տալիս։ Ամեն անգամ, երբ գալիս եմ, քայլելը մի փոքր ավելի հեշտ է դառնում»,- պատմում է Ծովինար Եղիազարյանը։

 

Աղի ջուրը, բնականաբար, իր բուժիչ ազդեցությունն ունի, բայց էֆեկտը, թվում է, գալիս է ավելի խորքից՝ հողի տակ հնչող պատմություններից, զրույցներից, անտեսանելի հոսանքներից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած լճի անկարգ ենթակառուցվածքին՝ սա մի վայր է, որտեղ կյանքը մշտապես անցնում է իր բնական ռիթմով։ Մարդիկ տարբեր են, բայց նրանց բոլորի համար մեկ ընդհանուր զգացողություն կա՝ այստեղ իրենց նկատում են, հիշում։ 

 

Ծովինարի համար լճի տարածքը միայն բուժման վայր չէ, այլ, ինչպես ինքն է նշում, իրական «մարդասիրական դաշտ»։ «Այստեղ գալով՝ մարդիկ փոխվում են, շփվում, իրար օգնում ու ժպտում»,- նշում է նա։ Անգամ փոքրիկ անախորժությունները, ինչպիսիք են պայուսակի գողությունը, արագ ու հեշտ լուծում են գտնում. «Տղերքը վազեցին, բռնեցին»։ Ծովինարը հպարտությամբ հավելում է․ «Այստեղ նաեւ միմյանց աջակցում են»։

Ծովինար Եղիազարյանը Ծովինար Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զրույցին մի պահ միջամտում է մի տղամարդ։ Դեմքը հազիվ է նշմարվում լայնեզր գլխարկի տակից, բայց արեւից սպիտակած մազերը լույսի մեջ փայլում են։ Ձեռքերն իրար է շփում այնպես, ասես գրպանից մի լավ միտք է հանելու։ Հետո պարզվում է՝ Մանուկ Ղազարյանն է։ Արդեն կանգնած՝ երկու ձեռքով գծագրում է իր ասելիքը՝ ինքնաբուխ, առանց հարցին սպասելու։

Մանուկ Ղազարյանը Մանուկ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկզբում չէի մտնում, զզվում էի։ Էնքան հիվանդ մարդ էր գալիս, մտածում էի՝ ի՞նչ գործ ունեմ այդ ջրի մեջ։ Մի օր չդիմացա, հետաքրքիր էր, որոշեցի փորձել։ Հիմա գրեթե ամեն առավոտ գալիս, լողում եմ»,- անկեղծանում է Մանուկ պապին։

 

Խոսքի մեջ մի տեսակ հպարտություն կա՝ իր սեփական կամակորությունը հաղթահարելու, մարմինը հասկանալու ու ամենակարեւորը՝ ամեն առավոտ նույն տեղը գալու կայունության մեջ։ Մանուկն, ի վերջո, միակը չէ, ով աղի ջրին մի քիչ ուշ է հավատացել։ Բայց առաջիններից է, ով այդ մասին բարձրաձայն ծիծաղելով պատմում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած Ծովինարն ու Մանուկն արդեն 3-4 տարի լճի ափին են, այս տարածքի նորեկներն են համարվում։ Իսկ կան մարդիկ, որ գալիս են այստեղ դեռ 1980-ականներից։

 

Հակոբ Մազմանյանը Գյումրիից Երեւան էր տեղափոխվել եւ, շոգին չհարմարվելով, 1980-ականներին հայտնաբերեց այս լճի տարածքը, որը դարձավ նրա մշտական հանգրվանը։ Առավոտները սկսում էր այստեղ՝ 7-ից մինչեւ 11-ը, ձեռք բերելով ընկերներ, որոնց հետ արդեն ավելի քան 20 տարի կապված է։

Հակոբ Մազմանյանը Հակոբ Մազմանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատակով ասում է․ «Փող չունենք՝ ծով գնանք, դրա համար այստեղ ենք»։ Հետո կտրուկ լրջանում է՝ շեշտելով. «Այս տարիքում ամենակարեւորը մարդկային շփումն է»։

 

Հիշում է․ «Այն ժամանակ լիճը հակառակ կողմում էր, հետո թողեցին, չորացավ, եւ տարածքի տիրոջ հետ դժբախտություն պատահեց՝ որդին մահացավ։ Մտածեց՝ լճի պատճառով էր։ Բերեց տեխնիկա, փորեց տարածքը, որ ջուրը նորից գա»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ տարածքի հին այցելուների՝ այստեղ կարծես երկու աշխարհ գոյություն ունի։ Առավոտյան ժամերին գալիս են հանգիստ, բարեհամբույր մարդիկ, որոնք վայելում են բնությունը, խնամում տարածքը։ Իսկ օրվա երկրորդ կեսին սկսում են երեւալ այլ այցելուներ՝ բարձրաձայն, ալկոհոլ օգտագործող, տարածքն աղտոտող։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեկոյան ժամերին գալիս է մի խումբ՝ խմողներ։ Բարձր երաժշտություն են միացնում, աղմկում, կեղտոտում, իսկ առավոտյան մենք նորից սկսում ենք ամեն ինչ մաքրել»,- անկեղծանում է Հակոբը։

 

Տարածքում հստակ են աղի ջրի բուժիչ հատկությունների մասին խոսակցությունները։ Սակայն ցեխի վերաբերյալ կարծիքները բազմազան են, երբեմն՝ անգամ կասկածելի։

Փոքր լիճը Փոքր լիճը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նախկինում այստեղ մի տեսակի ցեխ կար՝ հողակավի նման, որն օգտակար էր մաշկի համար։ Իսկ հիմա մարդիկ եղեգները պոկում են, մեռած արմատների ցեխն են քսում՝ առանց պատկերացնելու, թե իրականում ինչ է դա։ Իսկ հոտն անտանելի է։ Փոքր լճի գույնն էլ է փոխվել, քանի որ ցեխոտված են մտնում ջուրը», - պատմում է Հակոբը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա շարունակում է պատմել լճի շուրջ հավաքված մարդկանց մասին, որոնց անունները ոչ ոք չի հիշում, բայց որոնց շնորհիվ ամեն առավոտ աղբն անհետանում է։ «Հասկանու՞մ ես, էստեղ գիտնականն ու հավաքարարը, խմողն ու բժիշկը՝ բոլորը միեւնույն ցեխի մեջ են։ Էս վայրը հավասարեցնում ա բոլորին», - ծիծաղում է Հակոբը։

 

Ամեն անկյուն մի պատմություն է՝ մեկը լողալով փաստաթղթերով լի պայուսակ է փրկել, մյուսը՝ կիսվել է վերջին ցավազրկող հաբով, մի ուրիշը ցույց է տվել չռիկի տեղը՝ ամենակարեւոր ինֆորմացիան նորեկների համար․ եթե տեղը ճիշտ չհաշվես, աղը մաշկդ վառում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղի լիճը մարդկանց խառնում է իրար, բայց ճիշտ ձեւով։ Էստեղ չկան ո՛չ գլխավոր, ո՛չ երկրորդական կերպարներ։ Այստեղ մարդիկ բուժվում են իրարով։ 

 

Եկել էի՝ հասկանալու, թե ո՞վ է դեռ հավատում։ Հիմա արդեն գիտեմ՝ ովքեր են։ Դեռ կան մարդիկ, որոնք հավատում են ոչ միայն աղի ջրին, այլեւ «դու ո՞նց ես» հարցի՝ երբեմն պարտադիր, բայց երբեմն էլ անսպասելի բուժիչ ուժին։ Ինչպես ասում էր Հակոբը, «էստեղ բոլորը նույն ցեխի մեջ են. եթե պիտի մաքրվես՝ մենակով չի ստացվի»։

 

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին