Մեդիամաքսն առանձնացրել է հուլիսի 19-20-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Հուլիսի 19-20 (շաբաթ, կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Գիշերակացով արշավ Ռապի լճում
Այս հանգստյան օրերին ակումբն իրականացնելու է արշավ դեպի Արագածի բարձրալեռնային Ռապի լիճ։ Շաբաթ օրն առավոտյան Երեւանից ուղեւորվելու եք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղ, որտեղից Դաշտակիջուր գետի հովտով քայլելու եք Արագածի բարձրալեռնային գոտի։
Ճանապարհն անցնելու է ալպյան մարգագետիններով, իսկ բոլոր իրերը Ռապի լիճ տեղափոխվելու են ամենագնաց մեքենաներով։ Սա սառցադաշտային ծագման լիճ է, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի Հյուսիսային պատ: Հենց այս տեսարանով լինելու է վրանային ճամբարը: Առաջին օրվա երթուղու երկարությունը 11 կմ է: Հաջորդ օրը նախաճաշից հետո կլինի արշավ դեպի Մթնալիճ։ Այն Արագածի հյուսիսային գագաթի տակ է՝ 3446 մ բարձրության վրա: Երթուղու երկարությունը 16 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հուլիսի 19 (շաբաթ)
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Մայրամուտի արշավ Եղնասար լեռ
Շաբաթ օրն ակումբը մեկնում է Գեղարքունիքի մարզ՝ վայելելու Սեւանի մայրամուտը Արեգունի լեռնաշղթայի գագաթներից մեկից՝ Եղնասարից։ Ողջ արշավի ընթացքում բացվելու են հրաշալի տեսարաններ դեպի կապուտակ Սեւան:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Վերելքից հետո գագաթից վայելելու եք մայրամուտը: Քայլքը սկսվելու է Սեմյոնովկա տանող ճանապարհից եւ ավարտվելու նույն տեղում: Երթուղու երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 493 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Պարզ լճից Գոշավանք
Հուլիսի 19-ին ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ տեսնելու խիտ կանաչ «հագած» անտառները: Արշավը հարմար է նաեւ սկսնակ արշավականների համար: Երթուղին սկսվելու է Պարզ լճից եւ ավարտվելու Գոշավանքի մոտ: Արահետն անցնելու է անտառով, իսկ վերջում հայտնվելու եք Գոշ գյուղի վերեւում, որտեղից գյուղն, ասես, ափիդ մեջ լինի:

Լուսանկարը` 4 Peaks Alpine Club
Երթուղու երկարությունը 7,5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 200 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հուլիսի 20 (կիրակի)
Armenian Geographic արշավական ակումբ. Գիշերային վերելք Հարավային Արագած
Հուլիսի 20-ին (շաբաթ գիշերը, կիրակի առավոտյան) ակումբը հրավիրում է մասնակցել գիշերային վերելքի դեպի Արագածի հարավային գագաթ։ Նախատեսված է վաղ առավոտյան լինել գագաթին եւ դիմավորել արեւածագը։ Լեռան հարավային գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի մյուս գագաթներն ու խառնարանը։

Լուսանկարը` ArmGeo
Վերելքը սկսվելու է Քարի լճից՝ 3200 մ բարձրությունից: Երթուղու երկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ArmLand արշավական ակումբ. Արշավ Արփի լճի ավազանում
Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Շիրակի մարզ՝ Արփի Լիճ ազգային պարկ։ Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից մոտ 225-ը հանդիպում են Արփի լճում, այնպես որ տարածքը շատ հարմար է թռչնադիտարկումների համար:

Լուսանկարը` ArmLand
Սկզբում նախատեսվում է բարձրանալ Արփի լեռը (2206 մ)՝ քայլարշավի ընթացքում զմայլվելով Արփի լճի հեքիաթային գեղեցկությամբ, ինչից հետո նախատեսվում է հանգիստ լճի ափին: Երթուղու երկարությունը 10 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հատիս Տուր. Արշավ դեպի Թռչկանի ջրվեժ
Կիրակի օրը Հատիս Տուրն ուղեւորվում է Թռչկանի ջրվեժ։ Այն Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին է՝ Փամբակ գետի վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխանը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արեւելյան լանջերից՝ 2250 մ բարձրությունից, ունի 29 կմ երկարություն։ Թռչկանի ջրվեժը 2008 թ.-ից ընդգրկվել է Հայաստանի բնական հուշարձանների ցանում: Այն Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ամենաջրառատն է:

Լուսանկարը` Հատիս Տուր
Մինչեւ ջրվեժ հասնելու եք բեռնատարով, վերադարձը՝ ոտքով (ցանկացողները կարող են վերադառնալ բեռնատարով): Հետիոտն երթուղին՝ մոտ 12 կմ:
Մանրամասները՝ հղումով:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Աժդահակ
Հուլիսի 20-ին ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Աժդահակ լեռ (3597 մ): Աժդահակը խառնարանային լճակով հանգած հրաբուխ է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Սա Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է, իսկ Հայաստանի մասշտաբով 4-րդ ամենաբարձրը՝ Արագածից, Կապուտջուղից ու Սիսկատարից հետո: Պարզ եղանակին գագաթից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Սեւանա լիճը, Արարատը, Արագածը, Արա եւ Հատիս լեռները, Գեղամա լեռները: Գեղարդ գյուղից բեռնատարով մոտենալու եք Պայտասարի ստորոտին, որտեղից էլ սկսվելու է վերելքը: Երթուղու ընդհանուր երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ:
Մանրամասները՝ հղումով:
Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Մեղրաձորի, Հանքավանի ջրվեժներ եւ Մարմարիկի ջրամբար
Կիրակի օրն ակումբը քայլելու է դեպի Մեղրաձորի եւ Հանքավանի ջրվեժներ, Մարմարիկի ջրամբար եւ Թեժառույքի վանք:

Լուսանկարը` Գիտարշավ
Թեժառույքը 12-րդ դարի վերջին կառուցել է Հայոց եւ վրաց աթաբեկ Իվանե Զաքարյանը: Հաջորդիվ Մեղրաձոր գյուղից գեղեցիկ արահետով կքայլեք դեպի համանուն ջրվեժ, որտեղ կհանգստանաք՝ վայելելով հայկական գինի: Այնուհետեւ երթուղին կշարունակվի դեպի Մարմարիկ գետի հովտում գտնվող մեկ այլ լքված վանք՝ Արտավազավանք (7-13 դարեր): Հաջորդ կանգառը կլինի Մարմարիկի ջրամբարի մոտ: Արշավի վերջում կայցելեք նաեւ Հանջավանի ջրվեժ: Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 10 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: