Սարյանը «Հայաստան է նկարում», բայց այս անգամ նկարել է հայերին, մարդկանց, դեմքեր։ 60 դիմանկար՝ հանուն հիշողության։
Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) հունիսի 10-ին բացվել է «Մարտիրոս Սարյան. ծանոթ եւ անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը։
ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյան. «Երբ լսում ենք Մարտիրոս Սարյանի անունը, բոլորիս աչքի առաջ գալիս է հայոց բնաշխարհը, բնապատկերը՝ տաք, ջերմ ու վառ գույներով։ Եվ Սարյանը մի առիթով ասել էր՝ «Ինչ էլ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»: Այս ցուցադրության շրջանակում մենք հնարավորություն ունենք տեսնելու Սարյանի Հայաստանը նշանավոր հայերի դեմքերով»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրության նախապատրաստական աշխատանքների մեկնարկից ի վեր ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն էր․ «Ինչպես է այս ահռելի հավաքածուն հայտնվել ԳԱԹ-ում»։ Սարյանը Գրականության եւ արվեստի թանգարանի ստեղծման ակունքներում է եղել եւ այս աշխատանքները ստեղծել է հենց թանգարանի համար։
Երբ նկարիչը հիմնադրում է թանգարան
1922 թվականն էր։ Մարտիրոս Սարյանը նստած էր իր աշխատասենյակում ու ոչ թե նկարում էր, այլ նամակ էր գրում Երվանդ Շահազիզին՝ բանասեր, պատմաբան ու թանգարանի ապագա տնօրեն։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Պետական թանգարանը կազմակերպված է, իր յոթ բաժիններով, վերադարձիր հայրենիք եւ ստանձնիր ղեկավարումը», - գրում էր Սարյանը։
Այս նամակը՝ ցուցադրված մուտքի ձախ կողմում, ներկայացնում է մի փաստ, որի մասին շատերը մինչ այս ցուցադրությունը չգիտեին. Մարտիրոս Սարյանը պարզապես հյուր նկարիչ չէր այս թանգարանում, այլ համահիմնադիրներից էր։ Թանգարանը նա տեսնում էր ոչ միայն որպես մշակութային պահոց, այլ որպես կենդանի հիշողության վայր։

Լուսանկարը` Մեդիամաքս
100 տարի առաջ, երբ նորաստեղծ Հայաստանի մշակութային կառուցվածքը դեռ փխրուն էր, Սարյանը ձեռնամուխ էր լինում ուժեղացնել այն հենց հիմքից։
Նկար, որը պետք է ոչնչանար, բայց ապրեց
Սյուզաննա Խոջամիրյան. «Չարենցի անունը կրող գրականության եւ արվեստի թանգարանի զարդը Չարենցի դիմանկարն է։ Ժամանակին թանգարանի աշխատակիցները խնամքով, մեծ համարձակությամբ ու պատասխանատվությամբ թաքցրել եւ փրկել են այն»։

Լուսանկարը` Մեդիամաքս
1937 թվականն էր, երբ իշխանությունը մտավորականներից շատերին «ժողովրդի թշնամի» էր «հռչակում»։
Թանգարանի աշխատակիցներից Նշան Մուրադյանը պատմել է. «Թերթի մեջ փաթաթելով, Չարենցի նկարն Աստղիկ Խրիմյանի հետ իջեցրինք ներքնահարկ եւ խցկեցինք ավելի մեծ շրջանակ ունեցող նկարների ու պատի արանքը»։
Այժմ Չարենցի դիմանկարը ցուցադրության կենտրոնում է։ Դիմանկար, որում ոչ միայն գրող կա, այլ դիմադրություն։
Նկար, որում սերունդ է ապրում
1931 թվականին, երբ Մարտիրոս Սարյանը Հրաչյա Ներսիսյանին խնդրեց նստել՝ դիմանկար նկարելու, դերասանը սկսեց խոսել։ Նրանց մասին, ում էլ չէր կարող տեսնել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Խոջամիրյան. «Սարյանը յուրաքանչյուրին, ում նկարում էր, խնդրում էր խոսել եւ այդպիսով շեղում էր այն մտքից, որ իրեն նկարում են: Հրաչյա Ներսիսյանի դիմանկարի մասին հուզիչ հուշագրություն ունենք։ Ներսիսյանն ասում է. «Երբ Սարյանն ինձ խնդրեց խոսեմ, հիշեցի Վարուժանին, Սիամանթոյին, Կոմիտասին։ Եվ նրանց բոլորի նման հազարավոր հայերի, որոնց ճանաչել էի անուն առ անուն, իսկ հետո տեսել՝ անշունչ»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ Սարյանը նկարն ավարտեց ու մոտ հրավիրեց, Ներսիսյանը չէր համարձակվում նայել։ «Վախենում էի, - ասել է հետո, - որ նկարում կտեսնեմ միայն դեմքս, ոչ թե հոգիս»։ Բայց երբ վերջապես նայեց՝ տեսավ ողջ անցյալը։ Դեմքն ու ապրումները միահյուսվել էին, ինչպես գույները՝ Սարյանի կտավում։
Առեղծվածային ռնգեղջյուրը
Ի՞նչ կապ կարող են ունենալ Միքայել Նալբանդյանը, Սարյանը եւ ռնգեղջյուրը։ «Առեղծվածը» բացահայտում է ԳԱԹ տնօրենը.

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ցուցադրության պատրաստման ընթացքում, երբ ուսումնասիրում էինք Նալբանդյանի գործերի նկարազարդումները, նկատեցինք մի տարօրինակ պատկերում. ռնգեղջյուր։ Հարց առաջացավ՝ ինչո՞ւ հենց այս կենդանին։ Հետագա որոնումների ընթացքում մոռացված փաստաթղթեր ի հայտ եկան»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Պարզվեց, որ Նալբանդյանը 19-րդ դարի կեսերին, Կալկաթայում գտնվելիս, իսկական ռնգեղջյուր է գնել եւ ուղարկել այն Մոսկվայի կենդանաբանական այգի։ Գնել է սեփական միջոցներով՝ խորհրդանշական նվեր, որպես աջակցություն գիտությանն ու լուսավորչական աշխատանքներին։ Կենդանին երկու տարի ճանապարհներին է եղել եւ վերջապես հասել է Ռուսաստան։

Լուսանկարը` Մեդիամաքս
Իմանալով այդ պատմության մասին, Սարյանը տարիներ անց նկարում է ռնգեղջյուրին՝ որպես հուշագրություն։ Այսօր Սարյանի գծած ռնգեղջյուրը անցյալից եկած վկայություն է՝ ապրելու, նվիրելու, լուսավորելու մասին։
Անծանո՞թ դեմքեր
Այս ցուցադրությունն անսովոր սկզբունքով է ստեղծվել։ Առանց կուրատորի, առանց հստակ համադրողի։ Ցուցադրության «համադրողը» թանգարանի ողջ անձնակազմն էր։ Բովանդակությունը ծնվեց գործընթացից։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Խոջամիրյան. «Ընտրության ժամանակ հաճախ հնչում էր «Իսկ սա ո՞ւմ դիմանկարն է» հարցը։ Այդ հարցից էլ ծնվեց ցուցադրության անվանումը. «Ծանոթ եւ անծանոթ դեմքեր»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրությունը մի պարզ հարց է հնչեցնում՝ ո՞ւմ ենք մենք հիշում։ Ուստի, սա ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլ հիշողության ակտ»:
«Մարտիրոս Սարյան. ծանոթ եւ անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչեւ հուլիսի 10-ը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: