Օրերս Հայաստան էր ժամանել Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը, որն ակտիվորեն ներգրավված է միջազգային հարթակներում հայկական հարցերի բարձրաձայնման նախաձեռնություններում՝ մասնավորապես 2023 թվականին Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման, արցախահայության ոտնահարված իրավունքների, Բաքվի բանտերում պահվող հայ պատանդների ու Ադրբեջանի այլ հանցագործությունների շուրջ:
Յոնաթան Շպանգենբերգը հայաստանյան իր այցի ընթացքում մասնակցել է նաեւ հունիսի 4-6-ը Կալիֆոռնիայի Ճշմարտության եւ արդարության կենտրոնի կողմից Երեւանի Մատենադարանում կազմակերպած ամենամյա 4-րդ համաժողովին: Այս տարի այն ընթացել է «Ոճիրն ընդդեմ խաղաղության. հասցեագրելով ագրեսիայի հանցագործությունը փոփոխվող աշխարհում» (անգլ՝. Crime Against Peace: Addressing the Crime of Aggression in a Changing World) խորագրի ներքո:
Մեդիամաքսը զրուցել է Յոնաթան Շպանգենբերգի հետ Հայաստանի հետ նրա վաղեմի կապի, հայկական հարցերի շուրջ հանրային գործունեության եւ արդարության հասնելու համար հասարակության կողմից անխոնջ պայքարի հրամայականի մասին:
Ընտրությամբ հայը
Ես ծնվել եմ Գերմանիայում: Երբ մեկ տարեկան էի, ծնողներիս հետ մեկնել եմ Լիբանան՝ հայ-մուսալեռցիների կողմից հիմնադրված Այնճար (Անջար): Կյանքիս առաջին 20 տարիներն այնտեղ են անցել՝ հայկական միջավայրում: Հաճախել եմ հայկական դպրոց: Թեեւ ծնողներիս հետ տանը գերմաներեն էի խոսում, շրջապատում հայերեն էի հաղորդակցվում, երբեմն էլ՝ արաբերեն:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ծնողներս աշխատում էին շվեյցարա-գերմանական Hilfsbund քրիստոնեական մարդասիրական կազմակերպությունում: Այն հիմնվել է 1896 թվականին՝ 1894-1896 թվականներին Համիդյան ջարդերից տուժած հայ որբերին օգնելու նպատակով: Տարիների ընթացքում ընդլայնելով գործունեությունը՝ կազմակերպությունը մեծ ներդրում է ունեցել նաեւ ցեղասպանությունից փրկված հայ որբերին օգնելու հարցում, իսկ 1940-ականներին, երբ մուսալեռցիներն արդեն հաստատվել էին Այնճարում, Hilfsbund-ն այնտեղ հիմնել է հայ ավետարանական միջնակարգ դպրոցը: Վերջինս ունեցել է նաեւ գիշերօթիկ բաժին: 1984 թվականից դպրոցի գիշերօթիկ բաժնի պատասխանատվությունը ստանձնել էր հայրս:
Դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ Բեյրութի Հայկազյան համալսարանում: Այդ շրջանում խորությամբ ուսումնասիրել եմ հայոց պատմություն եւ ընդհանուր պատմություն: Ուսումս շարունակել եմ Գերմանիայում, որտեղ ձեռք եմ բերել թարգմանչի մասնագիտություն: Թեեւ ուսում առած մասնագիտությունս թարգմանչությունն է, ես նկարիչ եւ արվեստագետ եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գերմանիա տեղափոխվելուց հետո ծանոթացել եմ տեղի հայկական գաղութի հետ ու ներգրավվել հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնություններում: Գերմանիայում Հայաստանի հետ իմ կապն ավելի խորացավ, որովհետեւ հենց այդ ժամանակ էր, որ հարցնում էի ինքս ինձ՝ ի վերջո ո՞վ եմ ես՝ գերմանացի՞, լիբանանցի՞, հա՞յ ... Հայկական էությունս առավել գիտակից դարձավ: Ինձ ընտրությամբ հայ եմ համարում:
Կինս լիբանանահայ է, ունենք երկու զավակ՝ Հայկը եւ Ֆրեդերիկը: Հիմա հայկական ընտանիք ենք դասական Սփյուռքում:
Տարիներ առաջ էլ հայկական հարցերի առաջխաղացման ուղղությամբ իմ գործունեության բերումով ընտրվեցի Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ, կամ ինչպես այստեղ են ասում՝ նախագահ: Սա ինձ համար լուրջ որոշում էր՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիների հայկական իրականության ծանր իրողությունները՝ 2020 թվականի պատերազմը, Արցախի բռնի հայաթափումը, գերիների ու պատանդների հարցն ու, անշուշտ, Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակման անմիջական վտանգը:
Հայկական հարցը՝ միջազգային համաժողովներում
Հայաստան եկել եմ մերօրյա մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ մի քանի տարբեր նախաձեռնություններին մասնակցություն ցուցաբերելու համար: Ուրախ էի, որ կարողացա մասնակցել նաեւ Ճշմարտության եւ արդարության կենտրոնի ամենամյա կոնֆերանսին: Սա շատ կարեւոր համաժողով է, տարբեր երկրներից բարձրակարգ մասնագետներ էին ժամանել: Բավականին հարուստ նյութ է ներկայացվել, որը պետք է որ շատ հետաքրքրական լիներ նաեւ Հայաստանի հանրության ու քաղաքական դաշտի համար: Ափսոս, որ քաղաքական ասպարեզից հետաքրքրված մարդկանց թիվը շատ չէր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Երկու շաբաթ առաջ էլ Օսլոյում մասնակցել եմ Oslo Freedom Forum-ին, որտեղ կրկին բարձրացրել եմ հայ գերիների ու պատանդների հարցը: Որքան ներում են կարողություններս ու ժամանակս, մասնակցում եմ մարդու իրավունքների թեմայով նման միջազգային համաժողովների՝ փորձելով մշտապես օրակարգում պահել հայկական հարցերը:
Շարունակել բարձրաձայնել՝ առանց հիասթափվելու
Հանցագործներին պատասխանատվության կանչելու այս ամբողջ գործընթացը ժամանակ է պահանջում: Իրավաբանական գործընթացները նախապատրաստական երկար աշխատանքների կարոտ ունեն, եւ այս ընթացքում շատ կարեւոր է չհիասթափվել ու շարունակել խոսել:
Հայ գերիները, պատանդներն ու քաղբանտարկյալները շարունակում են մնալ Բաքվի բանտում՝ բռնապետական երկրների ռազմավարությունը հենց դա է, որ մարդիկ մոռացության տան, ու իրենք այդկերպ հաղթեն: Ուստի մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել այս հարցն օրակարգում պահելու համար: Այստեղ մեծ է հասարակության դերակատարությունը՝ թե´ Սփյուռքում, թե´ Հայաստանում: Սա երկարաշունչ պայքար է, որ կարոտ ունի բոլորի մասնակցության՝ թեկուզ չնչին ձեւով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս առումով շաբաթներ առաջ Շվեյցարիայում «Կրոնական Ազատություն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով համաժողովում արցախահայության վերադարձի հարցի բարձրացումը կարեւոր քայլ էր: Նման նախաձեռնություններ պետք է տեղի ունենան աշխարհի տարբեր երկրներում՝ շարունակաբար ընդգծելով, որ 2023 թվականին Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր, եւ այն երկրները, որոնք ստորագրել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, պարտավորություններ ունեն այս հարցում:
Ի գործ՝ երեք հիմնական ուղղություններով
Երեք կարեւոր ուղղություն կա, որոնցով պետք է շարունակաբար աշխատել:
Առաջինը քաղաքական աշխատանքն է, որը պետք է իրականացնեն տարբեր երկրների հայ համայնքները՝ տվյալ պետության գործադիր մարմիններին ներկայացնելով հայ գերիների ու արցախահայության իրավունքների հարցերը:
Երկրորդը կապված է հարցը մոռացության չմատնելու հետ: Պետք է անդադար այս թեմաներն օրակարգում պահել սոցիալական ցանցերում եւ մեդիադաշտում: COP29-ի ժամանակ մենք տեսանք, որ #FreeArmenianHostages հեշթեգի լայնորեն օգտագործումն օգնեց, որ հարցը բարձրացվի ու միջազգային մամուլը սկսի անդրադառնալ հայ պատանդների թեմային:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայկական հարցերն օրակարգում պահելու համար յուրաքանչյուր մարդ պետք է մտածի, թե ինքն ինչ ներդրում կարող է ունենալ: Հատկապես երիտասարդները կարող են կարեւոր դեր ստանձնել՝ համացանցում տարբեր նյութեր տեղադրելով, փոքր ակցիաներ անելով եւ այլ ստեղծագործ քայլերով:
Երրորդ ուղղությունը միջազգային հասարակական կազմակերպությունների հետ կապ հաստատելն է: Պետք է փորձել մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններին տեղյակ պահել այս հարցերի մասին եւ նրանց եւս ներգրավվել գործընթացում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս երեք ուղղություններով աշխատանքները շատ օգտակար են հարցերը բարձրացնելու համար, սակայն իրական արդյունք կունենանք այն դեպքում, երբ պետությունները կպարտադրեն Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին՝ նշելով, որ պահանջը չկատարելը հստակ հետեւանքներ կունենա: Սա ժամանակատար գործընթաց է, բայց պետք է հույսներս չկտրենք, շարունակաբար հիշեցնենք Ալիեւին՝ քո օրը գալու է, եւ աշխատանք տանենք այդ ուղղությամբ:
Ադրբեջանի նորանոր պահանջներում խաղաղություն չկա
Դժբախտաբար, որոշ շրջանակներ այս հարցերի մասին փորձում են չխոսել նույնիսկ Հայաստանի ներսում՝ պատճառաբանելով, թե դա կարող է բացասաբար ազդել խաղաղության գործընթացի վրա: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն ցանկանար, ապա առաջին հերթին հայ պատանդներին ազատ կարձակեր: Այսօր մենք շատ ավելի մեծ վտանգի առաջ ենք կանգնած՝ Սյունիքի վրա Ադրբեջանի հարձակման վտանգն է առկա:
Ես կարող եմ գործել միջազգային հարթակներում որպես մարդ եւ որպես Գերմանիայի քաղաքացի, մինչդեռ Հայաստանի քաղաքացիներն իրենք պետք է այս հարցերը քննարկեն իրենց կառավարության հետ: Ես տեսնում եմ Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունն այս հարցերում, զարմանում եմ, բայց Հայաստանի հասարակությունն ինքը պետք է ավելի պահանջող լինի՝ ի շահ Հայաստանի:

Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, երբ Գերմանիայի քաղաքական դաշտի հետ մեր շփումներում բարձրացնում ենք այս հարցերը, միշտ հնչում է այդ հարցը, թե ինչպիսին է Հայաստանի Հանրապետության պաշտոնական կեցվածքը: Թեեւ անձամբ ողջունում եմ խաղաղության գործընթացը, սակայն եթե միշտ պետք է շարունակական զիջումներ լինեն եւ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ առաջադրի, այդտեղ խաղաղություն չեմ տեսնում:
Աշխարհում շատ արագ կարող են փոփոխություններ լինել, որ կարող են առիթ դառնալ հայերի իրավունքների վերականգնման համար: Պատմությունը ցույց է տալիս, որ ամեն բռնապետական ռեժիմ մի օր փլուզվում է: Ադրբեջանի բռնապետական ռեժիմի համար այդ օրը եւս գալու է, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ օրվան: Բոլոր փաստերը պետք է հավաքված լինեն, ճիշտ մթնոլորտը պետք է ձեւավորված լինի, այլապես պահը կկորցնենք:
Յոնաթան Շպանգենբերգի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: