Գիրք նվիրելու օրը թանգարաններում միջոցառումներ տեղի կունենան - Mediamax.am

723 դիտում

Գիրք նվիրելու օրը թանգարաններում միջոցառումներ տեղի կունենան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։

Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն–թանգարանի Հովհ. Թումանյան թանգարանի ժամանակավոր ցուցասրահ

 

Հովհաննես Թումանյանի թանգարանը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 156-ամյակի շրջանակում կիրականացնի «Իմ Թումանյանը» նկարչական մրցույթի ամփոփում։

 

Ժամը 15:00-ին գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանը եւ Հայկ Համբարձումյանը հանդես կգան «Դու քո ճամփեն գնա քույրի՜կ... Թումանյանը եւ կանայք» գրական բանավեճով։

 

Ժամը 15:30 կկայանա «Կյանքը գրքերեն» ձեռագիր գրքի ստեղծագործական մեկնարկը։

 

Գրականության եւ արվեստի թանգարան

 

Ժամը 14:00-ին Գրականության եւ արվեստի թանգարանը կնշի թանգարանի ֆոնդերից առանձնացված գրքային այն ընծայագրերի ցուցադրությամբ: Այն բացառիկ հնարավորություն է ծանոթանալու, թե ինչ գրքեր էին միմյանց նվիրում հայ, արեւմտահայ, ինչպես նաեւ այլազգի նշանավոր մտավորականները։

 

Ընծայագրերի ցուցադրությունը կգործի մինչեւ մարտի 7-ը։

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

 

Ժամը 14:00-ին այստեղ տեղի կունենա «Եղնիկը» նկարազարդ հեքիաթ-գրքույկի շնորհանդեսը, որին կմասնակցեն արեւ մոդելները։

 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

 

Ժամը 13:00-ին տեղի կունենա Մաեստրոյի Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտի նոտաների ժողովածուի շնորհանդեսը։ Երկար սպասված նախագիծը իրականցվել է եւ նոտաները հրատարակվել են «Արեւային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրի շրջանակում:

 

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

 

Ժամը 13:00-ին կանցկացվի «Մեր ազգի սիրած Վերք Հայաստանին» համատեղ ժամանակավոր ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի երկու բացառիկ` 1858 թ. առաջին եւ 1908 թ. հրատարակությունները, որոնք Թումանյանի անձնական գրադարանից են։ Ներկայացված կլինեն նաեւ Թումանյանի ձեռագրերը` «Վերք Հայաստանի» վեպի ուսումնասիրությունից, ինչպես նաեւ Ներսիսյան դպրոցի շրջանավարտների ալբոմի եզակի նմուշը։

 

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

 

Ժամը 14:30 տեղի կունենա «Դեմիրճյանը՝ Թումանյանի հետ» խորագրով թեմատիկ զրույց, մեկ ցուցանմուշի ժամանակավոր ցուցադրություն, գրքերի նվիրատվություն։

 

Միջոցառմանը բանախոսները կպատմեն ուշագրավ դեպքեր Դեմիրճյանի եւ Թումանյանի բարեկամության մասին, կներկայացնեն բացառիկ լուսանկարներ, կընթերցեն Թումանյանին նվիրված Դեմիրճյանի բանաստեղծությունը, հատվածներ Դեմիրճյանի «Թումանյանի հետ» գրքից։

 

Թանգարանը հյուրերին կնվիրի տուն-թանգարանի հրատարակած «Արդի դեմիրճյանագիտություն» ժողովածուն եւ այլ գրքեր։

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ժամը 11:30-ին կանցկացվի «Սարյան-Իսահակյան. Խոսքերի եւ գույների աշխարհում» խորագիրը կրող դաս-միջոցառում։

 

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում ժամը 14:00-ին կներկայացվի նոր հրատարակված «Բանաստեղծուհու ներաշխարհը» գիրքը՝ նվիրված Կապուտիկյանի գրական ժառանգությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին