Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները մերժվում են - Mediamax.am

554 դիտում

Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները մերժվում են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 10-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը, որի ժամանակ եւս պետական մեղադրողը վերսկսել է ընթերցել ծավալուն «մեղադրական եզրակացությունը», որը մի քանի հատոր է կազմում եւ ընդգրկում է իրադարձություններ, որոնք կապ չունեն Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ:

Freearmenianprisoners.com կայքը հրապարակում է որոշ մանրամասներ դատավարությունից, որոնք Վարդանյանի ընտանիքին հասանելի են դառնում տեղի փաստաբանի միջոցով:

 

Փետրվարի 10-ի նիստում  Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիայի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ՝ հիմնավորելով իր խնդրանքը հետեւյալ փաստերով․

 

 - Իրավունքների խախտում. դատական կոլեգիան անտեսել է դատավարական իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել նախաքննական փուլում։

 

-Միջազգային իրավական նորմերի անտեսում․ դատարանն անտեսել է միջազգային կիրառելի չափորոշիչները, որոնք կարող էին ապահովել դատավարության արդարությունը:  

 

-Թարգմանական սխալներ. տրամադրված նյութերը պարունակել են թարգմանական լուրջ սխալներ ու աղավաղումներ, ինչը նաեւ հենց դատարանն է ընդունել:

 

- Դատական անհամապատասխանություններ. նախնական լսումների ժամանակ դատարանը միայն մեկ միջնորդություն է բավարարել (հետաձգման վերաբերյալ), մինչդեռ մնացած բոլոր միջնորդությունները մերժվել են եւ դուրս են մնացել դատարանի որոշումից:

 

Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը վերահաստատել է դատական կոլեգիայի բացարկի միջնորդությունը՝ հղում անելով իրավական նորմերին, ինչպես նաեւ անձամբ հաստատելով դատավարական խախտումները, որոնց ականատեսն է եղել որպես նախաքննական գործընթացի մասնակից: Դատարանը, սակայն, այս միջնորդությունը թողել է առանց քննարկման։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին