Թրամփը կարող է կատարել իր խոստումը՝ օգնելով Ռուբեն Վարդանյանին - Mediamax.am

1314 դիտում

Թրամփը կարող է կատարել իր խոստումը՝ օգնելով Ռուբեն Վարդանյանին


Լուսանկարը` Մեդիամաքս


Ներկայացնում ենք The Washington Post թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսի Trump promised peace between Armenia and Azerbaijan. He can start here. Հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Դեյվիդ Իգնաթիուս

 

Աշխարհում այնքան տառապանք կա, որ անհատական դեպքերը նկատելի չեն: Բայց ես ուզում եմ բացատրել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակը։ Նա Ադրբեջանում դատվող քաղբանտարկյալ է, նրան սպառնում է ցմահ ազատազրկում եւ նրա դեպքն ավելի մեծ ուշադրության է արժանի:

 

Վարդանյանի հանցանքը, եթե կարելի է դա այդպես անվանել, այն է, որ նա սատարել է հայկական դիմադրությանը Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասի հեռավոր տարածաշրջանում, որն իրավաբանորեն Ադրբեջանի կազմում է, բայց որի բնակչությունը ժամանակին մեծամասամբ հայ էր եւ ինքնավար։ Այլեւս այդպես չէ. տարածաշրջանի 120,000 հայերը փախան 2023 թվականի սեպտեմբերին, երբ ներխուժեց ադրբեջանական զորքը: Վարդանյանը ձերբակալվեց, երբ փորձում էր հատել Հայաստանի սահմանը։

 

Վարդանյանը նահատակի կերպար չունի։ Նա գործարար է, որը հետխորհրդային Ռուսաստանի հախուռն սկզբնական շրջանում գումար է վաստակել որպես ներդրումային բանկիր, այնուհետեւ սկսել է այն տրամադրել բարի նպատակների համար: 2014-ին նա միջազգային դպրոց հիմնեց Հայաստանի Դիլիջան քաղաքում՝ իր փոքրիկ ու փխրուն երկիրը աշխարհի հետ կապելու համար։ Իսկ 2015-ին նա համահիմնադրեց «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» կոչվող իրավապաշտպան խումբը, որի աջակիցների թվում են այնպիսի աստղեր, ինչպիսին Ջորջ Քլունին է:

 

Ավրորայի կարգախոսն է «Երախտագիտությունն՝ ի գործ»: Վարդանյանի գաղափարն էր մեծարել աշխարհի այն մարդկանց, ովքեր անձնուրաց օգնում են ուրիշներին մեր ժամանակներում՝ ճիշտ այնպես, ինչպես պարկեշտ մարդիկ փրկեցին նրա նախապապին՝ Հմայակ Վարդանյանին, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Այդ սարսափելի իրադարձությունը զայրույթով հիշելու փոխարեն Վարդանյանը ցանկանում էր հույսով նայել ապագային եւ հանդիսավորությամբ պատվել մարդկային ոգու լավագույն դրսեւորումը:

 

Պետք է պարզաբանեմ, որ ես Վարդանյանի դեպքի չեզոք դիտորդ չեմ։ Նա արդեն տաս տարի իմ ընկերն է, եւ ես 2016 թվականից «Ավրորայի» ամենամյա մրցանակաբաշխության արարողության անվճար հանդիսավարն եմ: Առիթը անձնական է. հորս ընտանիքը հայեր են, եւ «Ավրորա»-ին օգնելով ես ուզում էի երախտագիտությունս հայտնել նրանց, ովքեր փրկել են իմ նախնիներին Օսմանյան կայսրության օրոք:

 

«Ավրորա»-ի աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար ահա այն մարդկանց կարճ բնութագիրը, որոնք մեծարվել են 2016 թվականից ի վեր. Բուրունդիում ապրող թութսի կին, որը փրկել է հութու զոհերին, ամերիկացի բժիշկ Սուդանի Նուբա լեռներում, որը բուժում էր հիվանդներին այդ հեռավոր սպանդանոցում, ռոհինջա մուհմեդական փաստաբան, որը պաշտպանել է իր ժողովրդին Մյանմարում սպանդի ժամանակ, եզդի ակտիվիստ, որը փրկել է ազգակիցներին «Իսլամական պետության» կողմից սպանվելուց, երկու սոմալեցի կին, որոնք փրկել են Մոգադիշոյում սեռական բռնության զոհերին, Կոնգոյից կին ակտիվիստ եւ բժիշկ, որոնք փրկել են բռնաբարության զոհերին:

 

Ես հիշում եմ այս մարդկանցից յուրաքանչյուրին, երբ նրանք բեմ էին բարձրանում «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ: Նրանք հաճախ կաշկանդված էին, հանրության մեջ խոսելու քիչ փորձ ունեին, սովոր չէին իրենց աշխատանքի համար գնահատվելու: Ամեն տարի ես հեռանում էի այս արարողությունից՝ երախտապարտ մարդկային ոգու մնայուն, անբացատրելի բարության համար, որը ծնում է նման հերոսների: Վարդանյանը եւ «Ավրորա»-ի մյուս երկու համահիմնադիրները՝ «Carnegie Corp.»-ի հանգուցյալ նախագահ Վարդան Գրեգորյանը եւ «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, միշտ խոնարհ էին այս մարդասերների առջեւ:

 

Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրան 46 մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչեւ կազմակերպված հանցագործություն։ Բայց նրա խնդիրը իրականում այն է, որ նա 2022 թվականին որոշեց տեղափոխվել Ղարաբաղ եւ դարձավ անջատողական կառավարության ավագ նախարար, ինչպես նաեւ հայ բնակչության բացահայտ պաշտպան: Այս հորձանուտի մեջ նետվելը վտանգավոր էր։ Բայց Վարդանյանն իր դստերն ասել էր, որ չի կարողանա հաշտվել ինքն իր հետ, եթե չփորձի օգնել հայրենակիցներին, որոնք իրենց պատմության մեջ այդքան ողբերգություններ են տեսել։ Դա երախտագիտություն էր՝ ի գործ:

 

Հետեւեց աղետը. 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Ղարաբաղը՝ զրկելով դեղորայքից, վառելիքից եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներից։ Հայերը փորձում էին պաշտպանել իրենց տները, ընտանիքներն ու եկեղեցիները։ Բայց երբ 2023-ի սեպտեմբերին ներխուժեցին ադրբեջանցի զինվորները, նրանք փախան՝ տարածաշրջանը թողնելով էթնիկապես «մաքրված»: Այդ ժամանակվանից Վարդանյանը Ղարաբաղի երեք նախկին նախագահների հետ ադրբեջանական բանտախցում է։

 

«Ռուբենը տոգորված էր Ղարաբաղի հայկական բնույթը փրկելու գաղափարով եւ իր ազատությամբ վճարեց այդ նվիրման համար», - ասում է նրա ընկեր Վահան Զանոյանը՝ էներգետիկայի ոլորտի ամերիկահայ խորհրդատու, որն այժմ ապրում է Հայաստանում։ Ադրբեջանի ներխուժումից 10 օր առաջ Զանոյանը զանգահարեց եւ հորդորեց Վարդանյանին հեռանալ։ Նա հրաժարվեց։ Զանոյանը կրկին հաղորդագրություն ուղարկեց նրան, երբ ադրբեջանական զորքերը մտել էին Ղարաբաղի մայրաքաղաք։ Այդ ժամանակ արդեն ուշ էր։

 

Amnesty International-ի պաշտոնյան անցած ամիս ասաց, որ Վարդանյանի գործը «լուրջ մեղադրանքներ է առաջացրել մարդու իրավունքների խախտումների մասին, ներառյալ դաժան վերաբերմունք կալանավայրում, գործի կեղծված նյութերը ստորագրելու հարկադրանք եւ պաշտպանությանը նախապատրաստվելու հնարավորության մերժում»: Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Ստրութերսի հայտարարության մեջ ասվում է. «Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետեւի այս աղմկահարույց գործին, որպեսզի ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքը եւ արդարությունը»:

 

Ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերին, որը ներկայացնում է Վարդանյանին, թույլ չեն տվել այցելել իր պաշտպանյալին բանտում։

 

«Դատավարությունը քաղաքական շոու է,- ասաց նա ինձ, - պատճառը նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանությունն է»։

 

Ամերիկացիների մեծ մասը շատ բան չգիտի Հայաստանի, էլ չասած՝ ղարաբաղյան հակամարտության մասին։ Բայց ահա մի կարեւոր փաստ. Հայաստանն աշխարհում առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը եւ թանկ վճարեց իր հավատքի համար գերակշռող մուսուլմանական տարածաշրջանում: Վարդանյանն ինքը հավատացյալ հայ ուղղափառ քրիստոնյա է, բայց հոգով միշտ էկումենիկ է եղել։ Եվ իրոք՝ «Ավրորա» մրցանակի արժանացած մարդասերներից շատերը մահմեդականներ են:

 

Վարդանյանի դատավարությունը շարունակվում է, բայց գուցե նա ընկեր ունենա Վաշինգտոնում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Truth Social հարթակում արված գրառման մեջ ասել էր. «Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կփորձեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

 

Ահա՛ հնարավորություն կատարելու այդ խոստումը, պարո՛ն նախագահ, օգնելով պարկեշտ մարդուն խուսափել հետապնդումից:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին