Թարգմանիչը կամուրջ է ոչ միայն լեզուների, այլեւ աշխարհընկալումների միջեւ - Mediamax.am

exclusive
4101 դիտում

Թարգմանիչը կամուրջ է ոչ միայն լեզուների, այլեւ աշխարհընկալումների միջեւ


Լուսանկարը`


Սեպտեմբերի 30-ը թարգմանիչների միջազգային օրն է։ 2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է A/RES/71/288 բանաձեւը, որով ճանաչում եւ կարեւորում է թարգմանչական մասնագիտության դերը` ազգերի միջեւ կապեր հաստատելու եւ խաղաղություն, փոխըմբռնում ու զարգացում խթանելու գործում։

 

Թարգմանչի մասնագիտության, նեղ մասնագիտական հարցերի եւ հաղորդակցության մեջ որակյալ թարգմանության կարեւորության շուրջ զրուցել ենք ՀՀ արդարադատության նախարարության կողմից լիցենզավորված թարգմանիչ, հանրային հաղորդակցության մագիստրոս, ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանի հետ։

 

Նա միջազգային տարբեր կառույցների հետ է համագործակցել, 13 տարի զբաղեցրել ԱրարատԲանկի թարգմանչի պաշտոնը։ Հենց թարգմանչի փորձն է նրան թույլ տվել բացահայտել հաջողված հաղորդակցության նրբություններն ու բարձրաձայնել դրանց կարեւորությունը։

 

- 21-րդ դարում ո՞վ է թարգմանիչը։ Որքա՞ն կարեւոր է թարգմանչի աշխատանքը տեխնոլոգիական դարում, երբ արհեստական բանականությունն արդեն ի զորու է թարգմանություն ապահովել։

 

- 21-րդ դարում թարգմանիչը մշակութային կամուրջ է ոչ միայն լեզուների, այլեւ գաղափարների եւ աշխարհընկալումների միջեւ: Արագ զարգացող աշխարհում այսօր դժվար թե գտնվի մեկը, ով կարող է թերագնահատել թվային դարաշրջանի ընձեռած հնարավորությունները։ Շատ մասնագիտություններ ժամանակի ընթացքում վերափոխվում են՝ դարի պահանջներին համապատասխանելու համար։ Ըստ իս՝ թարգմանչի մասնագիտությունը բոլոր ժամանակներում ամենապահանջվածներից ու ամենապատասխանատուներից է, նաեւ այն առումով, որ շատ հաճախ միաձուլվում է այլ մասնագիտությունների հետ։ Ու թեեւ թվայինի ազդեցությունը նաեւ այս ոլորտում է արտահայտվում, այդուհանդերձ, այն չի կարող հիմնովին տրանսֆորմացիայի ենթարկվել մի պարզ պատճառով, որ մարդկային գործոնն այստեղ առաջնահերթ է։

 

Թարգմանիչների դերը տեխնոդարում ավելի է կարեւորվում, քանի որ մշակութային նրբությունների զգացողությունը, համատեքստի ընկալումը եւ ստեղծագործական մոտեցումը դեռեւս անփոխարինելի են եւ հաճախ դուրս են մնում մեքենայական թարգմանության շրջանակից: Չնայած արհեստական բանականության առաջընթացին՝ մարդ թարգմանիչները շարունակում են առանցքային դեր խաղալ բարդ հաղորդակցության իրավիճակներում: Թարգմանիչը կարող է օգտվել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, բայց ճիշտ, գրագետ ձեւով. պրոֆեսիոնալիզմը շատ կարեւոր է։ Յուրաքանչյուր եզրույթ պետք է օգտագործել ճիշտ տեղում։

 

Պատկերացրեք խճանկար, որի յուրաքանչյուր մասնիկը հատուկ է, չկրկնվող ու իր հստակ տեղն ունի։ Որքան էլ արհեստական բանականությունը զարգանա, այն դեռեւս չի կարող ընկալել մարդկային հաղորդակցության նրբերանգները. այն զուրկ է կոնտեքստը զգալու, դեմքի արտահայտությունները, հուզական նրբերանգները եւ մարմնի լեզուն ընթերցելու բնածին ունակությունից, որը մարդկային փոխհարաբերությունների եւ հաղորդակցության էական բաղադրիչն է:

 

- Որքանո՞վ կարեւոր է սթրեսակայունությունը համընթաց թարգմանությունների ժամանակ։

 

- Անշուշտ, համընթաց թարգմանությունն ամենապահանջկոտ եւ սթրեսային ոլորտներից է: Պաշտոնյաների խոսքը թարգմանելիս սթրեսակայունությունը պահպանելն իսկապես մեծ մարտահրավեր է: Բարձր լարվածությունը, ժամանակի սղությունը եւ սխալվելու վախը կարող են ազդել նույնիսկ փորձառու թարգմանիչների վրա: Մի փոքր շփոթմունքը կարող է վտանգել տարիների աշխատանքով ձեռք բերված համբավը: Սթրեսակայունությունը պահպանելը պահանջում է հետեւողական աշխատանք եւ փորձառություն՝ թեմայի խորը իմացություն, մշտական պրակտիկա, հոգեբանական պատրաստվածություն, շնչառական վարժությունների տիրապետում, արագ վերականգնվելու ունակություն։

 

Չնայած դժվարություններին՝ հենց այս մարտահրավերն է, որ շատ թարգմանիչների համար դարձնում է այս աշխատանքը այդքան հետաքրքիր եւ պահանջված:

 

- Որքանո՞վ կարեւոր է թարգմանությունը հաղորդակցության ոլորտի համար։

 

- Միջոցառումների եւ պաշտոնական հանդիպումների համատեքստում համընթաց եւ համաժամանակյա թարգմանության դերը չափազանց կարեւոր է եւ հաճախ որոշիչ: Այս իրադարձությունների հաջողությունը մեծապես կախված է ճշգրիտ թարգմանությունից, քանի որ այն ապահովում է արդյունավետ հաղորդակցություն մասնակիցների միջեւ:

 

Միջոցառումը կամ պաշտոնական հանդիպումը լոկ գեղեցիկ փաթեթավորման մասին չեն: Չնայած արտաքին կազմակերպչական հարցերի կարեւորությանը՝ իրական արժեքը եւ հաջողությունը պայմանավորված են ճշգրիտ բովանդակության փոխանցմամբ: Որակյալ թարգմանությունը երաշխավորում է մասնակիցների կողմից քննարկվող թեմաների, առաջարկվող գաղափարների եւ կայացվող որոշումների ճիշտ ընկալումն ու ըմբռնումը։

 

Ճշգրիտ թարգմանությունն օգնում է խուսափել թյուրըմբռնումներից, որոնք կարող են առաջանալ լեզվական տարբերությունների պատճառով եւ ապահովում է, որ բոլոր կողմերը հավասարապես ներգրավված լինեն քննարկումներում: Հետեւաբար, միջոցառումների եւ պաշտոնական հանդիպումների համատեքստում որակյալ թարգմանությունը ոչ թե ցանկալի հավելում է, այլ անհրաժեշտություն՝ արդյունավետ հաղորդակցության, փոխըմբռնման եւ վերջնարդյունքում միջոցառման հաջողության համար:

 

- Թարգմանության որակը կարո՞ղ է ազդել բիզնեսի հեղինակության եւ հաճախորդների վստահության վրա:

 

- Այո´, միանշանակ։ Թարգմանության որակն անմիջականորեն ազդում է բիզնեսի հեղինակության եւ հաճախորդների, ներդրողների, միջազգային ֆինանսական հաստատությունների վստահության վրա: Որակյալ թարգմանությունը ցույց է տալիս ընկերության պրոֆեսիոնալիզմը, նպաստում միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնմանը։

 

Անորակ թարգմանությունը կարող է վնասել ընկերության հեղինակությանը, հանգեցնել հաճախորդների կորստի եւ նույնիսկ իրավական խնդիրների: Այն կարող է ընկալվել որպես անփութության կամ անհարգալից վերաբերմունքի նշան:

 

Հետեւաբար, ներդրումը որակյալ թարգմանության մեջ ոչ միայն բարելավում է հաղորդակցությունը, այլեւ ամրապնդում է ընկերության դիրքերը միջազգային շուկայում՝ բարձրացնելով վստահությունը եւ հավատարմությունը գործընկեր միջազգային կառույցների եւ հաճախորդների շրջանում:

 

- Խոսենք նաեւ բանկային ոլորտում թարգմանության սխալների հնարավոր հետեւանքների եւ ռիսկերի, ֆինանսական մասնագիտական տերմինաբանության ճշգրիտ թարգմանության կարեւորության մասին։

 

- Բանկային ոլորտում թարգմանության սխալները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Նախ ֆինանսական պայմանների կամ պայմանագրերի սխալ թարգմանությունը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների ինչպես բանկի, այնպես էլ հաճախորդների համար: Օրինակ՝ տոկոսադրույքների կամ վճարման պայմանների սխալ մեկնաբանությունը կարող է առաջացնել անսպասելի պարտավորություններ: Շատերին թվում է՝ միայն «վարկ», «ավանդ», «ակտիվներ եւ պասիվներ» եզրույթներն իմանալով կարող ես բանկային ոլորտի թարգմանություն իրականացնել, մինչդեռ պետք է խորը գիտելիքներ ունենալ, ի թիվս այլոց, ֆինանսական տարատեսակ գործառույթների, հաշվապահական հաշվառման, աուդիտի, իրավունքի, ՏՏ անվտանգության ոլորտներում։ Մասնագիտական տերմինաբանության ճշգրիտ թարգմանությունը ֆինանսական ոլորտում առանցքային նշանակություն ունի: Այն ապահովում է հստակ հաղորդակցություն եւ նվազեցնում է թյուրըմբռնումների ռիսկը, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական եւ իրավական լուրջ հետեւանքների:

 

ԱրարատԲանկի ղեկավարությունը մշտապես կարեւորել է թարգմանչի դերը կառույցի ներսում՝ հաշվի առնելով, որ բանկն ունի գործընկեր միջազգային ֆինանսական հաստատությունների լայն ցանց, հետեւաբար՝ թարգմանության ենթակա բազում փաստաթղթեր։ Ճշգրիտ թարգմանությունը ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ պայման է բոլոր ոլորտներում արդյունավետ գործունեության համար։ Կան իրավական լուրջ ռիսկեր, երբ սխալ թարգմանված փաստաթղթերը կարող են հանգեցնել դատական հայցերի, բայց օրինակ, ԱրարատԲանկում այն իրականացվում է տարբեր վարչությունների հետ համագործակցությամբ։ Մի խոսքով՝ տարբեր ֆիլտրեր է անցնում։ Բանավորի դեպքում, իհարկե, մենք մշտապես օգտվել ենք որակյալ համընթաց թարգմանիչների ծառայությունից՝ թե՛ տարեկան ժողովների, թե՛ այլ միջոցառումների ժամանակ։ Վերջիններից կհիշեմ՝ UN Global Compact-ի միջոցառումը, որին միացած առաջին ֆինանսական կառույցն ԱրարատԲանկն է եղել։ Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի եւ պետական հատվածի, միջազգային ֆինանսական հաստատությունների երեւանյան եւ արտասահմանյան գրասենյակների, ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքների ծրագրի (Women Empowerment Programme) անդամ հանդիսացող տեղական եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչները, իսկ թարգմանությունը վստահվել էր Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի արհեստավարժ թարգմանիչներին։

 

Պակաս տպավորիչ չէր նաեւ Մեդիամաքսի նախաձեռնությամբ կազմակերպված Robust Armenia 2024 կոնֆերանսը, որին որպես գործընկեր միացել էր նաեւ ԱրարատԲանկը։ Թարգմանությունը վստահված էր ասոցիացիայի անդամ թարգմանիչներ Խաչատուր Ադումյանին եւ Արտաշես Էմինին։ Մի խոսքով՝ վստահ ես լինում, որ քո հաղորդակցությունը տեղ է հասնում։ Ի դեպ, թարգմանիչներին շնորհակալություն հայտնելու մշակույթ պետք է ներդրվի։ Նրանք ահռելի աշխատանք են իրականացնում։ Պետք է հաշվի առնել, որ եթե միջոցառմանը որակյալ թարգմանիչներ ներկա չլինեն, հաղորդակցությունը կունենա զրոյական արժեք, իսկ կազմակերպած իրադարձությունը կձախողվի։

 

-  Ֆինանսաբանկային ոլորտում տեսնո՞ւմ եք մասնագիտացված թարգմանիչների կարիք։

 

- Այդ կարիքն իսկապես շատ մեծ է: Ոլորտը բարդ է, պահանջում է խորը գիտելիքներ ֆինանսական գործիքների, բանկային գործառնությունների եւ կարգավորող նորմերի վերաբերյալ: Ֆինանսաբանկային թարգմանիչներն ապահովում են ճշգրիտ հաղորդակցություն միջազգային գործարքներում, ֆինանսական հաշվետվություններում եւ բանկային փաստաթղթերում: Նրանք կարողանում են ճիշտ թարգմանել բարդ ֆինանսական տերմինաբանությունը՝ հասկանալով դրա համատեքստը եւ նշանակությունը, իսկ մասնագիտացված թարգմանիչների ներգրավումը նվազեցնում է սխալների եւ թյուրըմբռնումների ռիսկը: Նրանք նաեւ օգնում են պահպանել համապատասխանությունը կարգավորող պահանջներին եւ միջազգային չափանիշներին: Հետեւաբար, ֆինանսաբանկային թարգմանիչների առկայությունը ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ պայման է ժամանակակից գլոբալ ֆինանսական համակարգում արդյունավետ գործելու համար:

 

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ բանկային ոլորտը կարեւորում է որակյալ թարգմանիչների դերը: Հայաստանի առեւտրային բանկերի մեծ մասը ունեն հաստիքային թարգմանիչներ։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում միջոցառումների ժամանակ նրանք հաճախ դիմում են արհեստավարժ համընթաց թարգմանիչների ծառայությանը։

 

- Ինչպե՞ս է իրականացվում թե՛ գրավոր, թե՛ բանավոր թարգմանության վերահսկողությունը, եւ արդյո՞ք կա մասնագիտական կառույց, որտեղ թարգմանիչները կարող են ստուգել իրենց գիտելիքները եւ հավաստագրվել։

 

- Ամեն տարի գրավոր թարգմանիչների հավաստագրումը Հայաստանում իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Գրավոր թարգմանությունների որակը հիմնականում վերահսկվում է պատվիրատուների կողմից կամ թարգմանչական գործակալությունների ներքին չափանիշներով:

Բանավոր թարգմանության դեպքում վերահսկողությունն ավելի բարդ է եւ հաճախ իրականացվում է հետադարձ կապի միջոցով, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ ոչ միշտ է դա տեղի ունենում։ Եվ չնայած որոշ բուհեր առաջարկում են թարգմանչական կրթություն եւ շնորհում են դիպլոմներ, սակայն հավաստագրում իրականացնող կառույց դեռեւս չկա։

 

Հատկանշական է, որ բանավոր եւ գրավոր թարգմանությունները երկու խիստ տարբերվող մասնագիտական ոլորտներ են, որոնք պահանջում են տարբեր հմտություններ եւ մոտեցումներ: Այս երկու ձեւերը երբեք չպետք է շփոթել կամ նույնացնել: Գրավոր թարգմանությունը թույլ է տալիս մասնագետին խորամուխ լինել բնագրի մեջ, ունենալ մտորելու եւ վերլուծելու ժամանակ: Թարգմանիչը կարող է բազմիցս վերանայել իր աշխատանքը, օգտվել տարբեր աղբյուրներից, ճշգրտել տերմինաբանությունը եւ հղկել վերջնական արդյունքը:

 

Բանավոր թարգմանության դեպքում թարգմանիչը պետք է ունենա արագ մտածելու եւ արձագանքելու ունակություն, լայն աշխարհայացք եւ գիտելիքների հարուստ պաշար: Նրա միտքը պետք է լինի ճկուն եւ վերլուծական, ունակ լինի արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում եւ թեմաներում, կարողանա ակնթարթորեն ընկալել եւ փոխանցել ոչ միայն խոսքի բովանդակությունը, այլեւ դրա նրբերանգները, հուզական երանգավորումը եւ մշակութային առանձնահատկությունները:

 

Հենց այս պատճառով է, որ բանավոր թարգմանիչների հավաստագրումն այսօր դարձել է օրակարգային հարց եւ ժամանակի հրամայական: Խոսքը ոչ միայն լեզվական գիտելիքների, այլեւ մի շարք այլ որակների մասին է, որոնք անհրաժեշտ են խոսքը ճշգրիտ եւ արդյունավետ փոխանցելու առաքելությունն իրականացնելու համար: Այս հավաստագրումը պետք է իրականացվի համապատասխան մասնագիտական կառույցի կողմից, որն ունակ է գնահատել թարգմանչի բազմակողմանի հմտությունները: Վերջապես, պետք է նշել, որ հենց թարգմանիչներն են լավագույնս հասկանում եւ գնահատում իրենց գործընկերների մասնագիտական որակները: Փորձառու թարգմանիչը կարող է անմիջապես նկատել գործընկերոջ վարպետությունը, լեզվի զգացողությունը եւ մասնագիտական էթիկան: Հետեւաբար, նրա մասնագիտական որակի լավագույն դատավորը հաճախ հենց մեկ այլ բարձրակարգ թարգմանիչն է: Ուստի, հավաստագրում իրականացնող կառույցը պետք է բաղկացած լինի բարձրակարգ թարգմանիչներից։

 

- Սեպտեմբերի 30-ը թարգմանիչների միջազգային օրն է՝ Ձեր տոնը։ Ի՞նչ կմաղթեք բոլոր ժամանակների իրենց գործը հարգող ու այդ գործն իրենց կենսակերպը համարող լավագույն մասնագետներին։

 

- Միայն թարգմանիչը գիտի թարգմանության արժեքը. այն չի չափվում զուտ նյութականով։ Թարգմանչի համար իրական արժեքը դիպուկ ու տեղին օգտագործված բառն է։ Թարգմանությունը յուրահատուկ արվեստ է, որ տրված է ոչ բոլորին։ Անկեղծորեն շնորհավորում եմ այս գործի նվիրյալ բոլոր թարգմանիչներին, ովքեր իրենց կոչումը դարձրել են կյանքի ուղի: Թո՛ղ ձեր միտքը մնա սուր ու ճկուն, իսկ աշխատանքը՝ գնահատված: Ձեր ջանքերով է, որ աշխարհը դառնում է ավելի հասկանալի ու միասնական:

 

Հարցազրույցը վարեց Հովհաննես Վարդանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին