Դավիթ Վարդանյան.Կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը - Mediamax.am

3031 դիտում

Դավիթ Վարդանյան.Կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին գործարար եւ մարդասեր, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:

Նրա ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի,  Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալությունները:

 

«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին», - ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:

 

 

Չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին, Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:

 

«Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը: Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին», - ասել Վարդանյան ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին