Բաբկեն Արարքցյանն այսօր 80 տարեկան կդառնար - Mediamax.am

804 դիտում

Բաբկեն Արարքցյանն այսօր 80 տարեկան կդառնար


Վանո Սիրադեղյանը եւ Բաբկեն Արարքցյանը
Վանո Սիրադեղյանը եւ Բաբկեն Արարքցյանը

Երեւան: Մեդիամաքս: Հայ Ազգային Կոնգրեսն այսoր հայտարարություն է տարածել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակի առիթով:

Հայտարարության մեջ ասված է.

 

«Լրացավ պետական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակը։

 

Մոտ մեկ տարի առաջ նա հրաժեշտ տվեց կյանքին։

 

Ղարաբաղյան շարժման ճանաչված առաջնորդներից էր Բաբկեն Արարքցյանը՝ գործառնական կարեւոր դերակատարմամբ։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից է նա՝ ոչ միայն իր ստանձնած կարեւոր պաշտոնի բերումով, այլեւ գործին անսահման նվիրվածությամբ՝ Հայաստանի անկախության ձեռքբերման, պետականության կառուցման գործում ունեցած իր մեծագույն վաստակով։

 

Անգնահատելի է նրա ավանդը որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնի կայացնող ու այդ մարմնի ղեկավար։ Նրա ղեկավարած Գերագույն խորհուրդն ու Ազգային ժողովը, «ամենադժվար» կազմերն ունենալով հանդերձ,  իրենց գործունեության արդյունավետությամբ ու քաղաքական որակով կտրուկ տարբերվում են հետագա խորհրդարաններից՝ պայմանավորված առաջին հերթին Բաբկեն Արարքցյանի, որպես այդ մարմինների ղեկավարի՝ գիտնականի եւ քաղաքական գործչի անձնական ունակություններով ու դերակատարմամբ։

 

Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի առջեւ դժվարագույն խնդիր էր դրված՝ ապահովել խորհրդային քաղաքական ու տնտեսական համակարգից, ըստ էության, տրամագծորեն հակառակ՝ ազատ շուկայական հարաբերությունների եւ ժողովրդավարական համակարգի անցման օրենսդրական մեխանիզմների ստեղծումը։ Ընդ որում՝ դա անել այնպես, որ հասարակական կյանքի ու հարաբերությունների կարգավորման ասպարեզում վտանգավոր  օրենսդրական «վակուում»՝  չառաջանա։ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած օրենսդիր մարմինն է իրականացրել քաղաքական համակարգը ժողովրդավարական համակարգին համապատասխանեցնելու՝ իշխանությունների տարանջատման ու հակակշռների ապահովման օրենսդրական նուրբ ու բարդ աշխատանքը։ Ինչպես Գերագույն խորհուրդը, այնպես էլ Ազգային ժողովը նրա ղեկավարությամբ ապահովում էր գործադիր մարմնի լիակատար հաշվետվողականությունը օրենսդիր մարմնին այդ պահին գործող օրենսդրությանը համապատասխան։

 

Բաբկեն Արարքցյանի անվան հետ է անխզելիորեն կապված Հայաստանի անկախության հանրաքվեն։ Նա է ղեկավարել հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը՝ ամենաբարդ ու ամենադրամատիկ պայմաններում ապահովել  դրա արդյունավետ ու հետեւողական աշխատանքն ու փայլուն արդյունքը։ Պատկերավոր ասած՝ եթե քառամյա իր անմնացորդ հերոսական պայքարով հայ ժողովուրդն էր Հայաստանի անկախության ծնողը, ապա Բաբկեն Արարքցյանն էր սրբազան այդ ծնունդն ընդունելու պատասխանատուն։

 

Բարձր գնահատելով Բաբկեն Գուրգենի Արարքցյանի քաղաքական վաստակը՝ նրա 80-ամյակի առիթով առաջիկայում կկազմակերպվի նաեւ նրա գործի ու ավանդի գնահատման եւ մեծարանքի հրապարակային միջոցառում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին