Երուսաղեմի հայ համայնքը կոչ է անում զսպել Իսրայելի ոստիկանությանը - Mediamax.am

2434 դիտում

Երուսաղեմի հայ համայնքը կոչ է անում զսպել Իսրայելի ոստիկանությանը


Լուսանկարը` RFERL


Երեւան: Մեդիամաքս: Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը:

Հայտարարության մեջ ասված է.

 

«Հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

 

Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, վտանգավոր նշաձող են ավելացրել։

 

Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը եւ փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի եւ Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։

 

Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային եւ պատմական ժառանգության նշանակությունը եւ կանգնել մեր կողքին՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության եւ ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլեւ սպառնում է ոչնչացնել Հին քաղաքի խճանկարը:

 

Մենք բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել եւ մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ եւ պահպանելու hայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

 

Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի եւ հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության եւ բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը  չօգնելու, չխթանելու եւ նույնիսկ չգլխավորելու ընկերությունների հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի եւ համայնքի թանկարժեք գույքը։

 

Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի եւ ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները եւ «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության եւ վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետեւանքով, բոլորը վտանգված են:

 

Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաեւ հարգանքի, հանդուրժողականության եւ մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Այս արժեքներն այժմ վտանգված են ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնք պաշտպանում են նրանց»:

 

Հայտարարությունը ստորագրել են.

 

Հայոց թաղի պահպանութjան եւ պաշտպանության շարժումը

 

Երուսաղեմի հայկական բարեսիրական միությունը

 

Հայ երիտասարդաց միությունը (ՀԵՄ)

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունy (ՀՄԸՄ)

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ)

Ռամկավար Ազատական Կուսակցությունը (ՌԱԿ)

Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին