Մինասի երկու որմնանկարները կտեղադրվեն «Զվարթնոց»-ի նոր տերմինալում - Mediamax.am

exclusive
31293 դիտում

Մինասի երկու որմնանկարները կտեղադրվեն «Զվարթնոց»-ի նոր տերմինալում


Մինաս Ավետիսյան  «Երկանք»
Մինաս Ավետիսյան «Երկանք»
Մինաս Ավետիսյան «Արմենիա»
Մինաս Ավետիսյան «Արմենիա»
Մինաս Ավետիսյան «Թել են մանում»
Մինաս Ավետիսյան «Թել են մանում»
Մինաս Ավետիսյան «Արմենիա»
Մինաս Ավետիսյան «Արմենիա»

Երեւան: Մեդիամամքս: Մինչ ամռան վերջ Մինաս Ավետիսյանի երկու վերականգնված որմնանկարները` «Թել են մանում» եւ «Երկանք», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալում:

Այդ մասին Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Սոնա Հարությունյանը:

 

Նախագծի ֆինանսական օժանդակությունն է ցուցաբերել Արգենտինայում բնակվող հայազգի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը, որի ընկերությունը ղեկավարում է օդանավակայանը:

 

«Թել են մանում» որմնանկարի վերականգնման համար Էռնեկյանը 35 մլն դրամ է հատկացրել, իսկ «Երկանք»-ի վերականգնման համար`22 մլն:

 

«Թել են մանում» որմնանկարը (13,50х4մ) կտեղադրվի նոր ուղեվորային տերմինալի տարածքում, իսկ «Երկանքը» (5,7х3մ)` նախագահական տերմինալում:

 

«Այս նախագծի շնորհիվ մենք ոչ միայն լուծում ենք որմնանկարների վերականգնման եւ հանրային մատչելիության հարցը, այլեւ ներկայացնում ենք մեր մշակութային ժառանգությունը Հայաստան այցելող զբոսաշրջիկներին եւ հյուրերին», - Մեդիամաքս-ին ասել է Սոնա Հարությունյանը:

 

Նա նշել է, որ որմնանկարները միշտ եղել են հայկական գեղանկարչության «թույլ տեղը»: «Մենք երբեք չենք ունեցել որմնանկարների մեծ քանակ, մեզ համար դա “ճոխություն” է եղել: Եվ հիմա մենք հնարավորություն ունենք աշխարհին ներկայացնելու այն, ինչ ունենք: Հնարավոր է, դա մեր այցեքարտը դառնա»,- ասել է նա:

 

Որմնանկարների վերականգնման աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից: «Թել են մանում» աշխատանքը նախատեսված է տեղադրել նոր տերմինալում մինչեւ օգոստոսի 1: Երկու որմնանկարների վերականգնման աշխատանքները, որոնց կմասնակցեն թե տեղացի, թե իտալացի մասնագետները, միաժամանակ կիրականացվեն:

 

Այս տարվա ընթացքում նախատեսված է Մինասի եւս երկու որմնանկարների վերականգնում` «Գորգ են գործում» եւ «Արմենիա»: «Արմենիա» որմնանկարի վերականգնման պատրաստակամություն են հայտնել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Այս հարցը մոտ ժամանակներում կքննարկվի եւ կիրականացվի  մասնավոր ներդրումների ներգրավվմամբ:

 

«Արմենիա» որմնանկարը Շիրակի մարզում է գտնվում, Վահրամաբերդ գյուղում: Այն ստեղծվել է Մինասի կողմից 1973 թվականին տեղի Մշակույթի տան պատին: 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը գրեթե ամբողջովին ավերվել է, սակայն Մինասի որմնանկարով պատը պահպանվել է: Հետագայում աշխատանքը տեղադրվել է սարկոֆագի մեջ:

 

Մինասի որմնանկարների մեծ մասը գտնվում է Շիրակի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների շենքերում: Երկրաշարժից հետո շենքերը վնասվել են, իսկ այնտեղ պահպանված որմնանկարները անմխիթար վիճակում են:

 

Մինասի որմնանկարների վերականգնման աշխատանքները սկսվել են 2008 թվականին: Իտալացի մասնագետների ջանքերի շնորհիվ 2009 թվականին վերականգնվել եւ Ջաջուռում Մինասի թանգարանում տեղադրվել է «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը: 2010 թվականին Մինասի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» աշխատանքները վերականգնվել եւ տեղադրվել են ՀՀ կառավարության շենքում:

 

Մեր ընտրանին