ՀԲԸՄ նոր նախագահ կլինի Սեմ Սիմոնյանը - Mediamax.am

2782 դիտում

ՀԲԸՄ նոր նախագահ կլինի Սեմ Սիմոնյանը


Պերճ Սեդրակյանն ու Սեմ Սիմոնյանը
Պերճ Սեդրակյանն ու Սեմ Սիմոնյանը

Երեւան: Մեդիամաքս: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը, համաձայն ՀԲԸՄ կանոնադրության տարիքային սահմանափակումների, ս.թ. աշնանը կթողնի ՀԲԸՄ նախագահի պաշտոնը 22 տարի պաշտոնավարելուց եւ 47 տարի որպես Կենտրոնական վարչության անդամ լինելուց հետո։

Փետրվարի 24-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ, միաձայն առաջադրել է Սեմ Սիմոնյանի թեկնածությունը ՀԲԸՄ-ի հաջորդ՝ ութերորդ նախագահի պաշտոնում:

 

Սեմ Սիմոնյանը պաշտոնապես կընտրվի ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի կունենա Նյու Յորքում 2024 թվականի հոկտեմբերի 12-ին։ Պերճ Սեդրակյանը կմիանա Հոգաբարձուների խորհրդին:

 

Սեմ Սիմոնյանը 2000-2019 թթ.-ին եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, ներկայում ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ է։

 

Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները հիմնադրել են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում: Հայաստանում ԹՈՒՄՈ-ի հիմնադրումից ի վեր ԹՈՒՄՈ կենտրոններ եւ տուփեր ստեղծվել են Հայաստանի տարբեր մարզերում եւ ընդլայնվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

 

«Սեմ Սիմոնյանը լավագույնս համապատասխանում է ՀԲԸՄ-ի նման լայնածավալ գործունեություն ծավալող կազմակերպությունը ղեկավարելու պաշտոնին: Սեմն ակնածանքով է վերաբերվում ՀԲԸՄ-ի ստեղծած ավանդին, հավատում դրա հիմնական առաքելությանը, սակայն գիտակցում է, որ մեծ հարգանք վայելող այս կազմակերպության բարգավաճման համար փոփոխությունն անհրաժեշտություն է, եւ այն պետք է իրականացվի մեծ պատասխանատվությամբ եւ ռազմավարական մոտեցմամբ: Ես վստահ եմ, որ Սեմը Կենտրոնական վարչության աջակցությամբ կղեկավարի ՀԲԸՄ-ն այն նույն եռանդով ու վճռականությամբ, որն ինքը դրսեւորել է իր հաջողված կարիերայի ընթացքում», - ասել է Պերճ Սեդրակյանը:

 

«Ես հպարտ եմ, որ շարունակելու եմ թվով յոթը այնպիսի առաջնորդների աշխատանքը, ովքեր, ՀԲԸՄ-ի ավելի քան մեկդարյա հարուստ պատմության ընթացքում, քայլելով իրենց ժամանակի իրադարձություններին եւ պահանջներին համընթաց, ՀԲԸՄ-ն հասցրել են այստեղ։ Պերճ Սեդրակյանի հետ սերտորեն աշխատել եմ իր պաշտոնավարման ընթացքում եւ իր նկատմամբ հատուկ հարգանք եմ տածում ՀԲԸՄ-ին մատուցած իր երկարամյա նվիրյալ ծառայության համար։ ՀԲԸՄ-ի հետ մեր համագործակցության տարիների ընթացքում Սիլվան եւ ես սերտ կապեր ենք հաստատել Վերայի եւ Պերճի հետ, եւ նրանց հետ բարեկամությունը թանկ է մեզ համար», - ասել է Սեմ Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին