Մարտի 6-ին կկայանա առաջին Robust Armenia կոնֆերանսը - Mediamax.am

4523 դիտում

Մարտի 6-ին կկայանա առաջին Robust Armenia կոնֆերանսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2024 թվականի մարտի 6-ին Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Event Marketing ընկերությունը կանցկացնեն առաջին Robust Armenia կոնֆերանսը «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո:

Robust Armenia-ն հիմնադրվել է որպես ամենամյա կոնֆերանս, որը հարթակ է դառնալու Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար: Ամենամյա կոնֆերանսից բացի, տարվա ընթացքում տեղի են ունենալու նաեւ այլ միջոցառումներ, որոնց ընթացքում տարբեր ձեւաչափերով շարունակվելու է կայուն զարգացման հարցերի քննարկումը:

 

2024 թվականի կոնֆերանսի գլխավոր խոսնակը կլինի Do Something կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դին: Bloomberg New Energy Finance-ի հիմնադիր Մայքլ Լիբրեխի բնորոշմամբ, նա «Ավստրալիայի առաջատար փորձագետն է կայուն զարգացման եւ բնապահպանության ոլորտում»:

 

Ջոնը կպատմի, թե ինչպես կարելի է բիզնեսը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր եւ արդյունավետ: Նա հատուկ ուշադրություն կդարձնի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հնարավորություններին՝ հաշվի առնելով առկա անվտանգային եւ աշխարհաքաղաքական ռիսկերը:

 

Կոնֆերանսի ընթացքում երկու պանելային քննարկում տեղի կունենա՝ տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Առաջիկա օրերին կհրապարակվեն կոնֆերանսի պաշտոնական գործընկերների եւ քննարկումների մասնակիցների անունները:

 

Կոնֆերանսին մասնակցելու են Հայաստանի մասնավոր եւ պետական հատվածի, բարեգործական հիմնադրամների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

«Այս տարի լրանում է Մեդիամաքսի 25-ամյակը եւ մենք որոշեցինք, որ ավանդական հանդիսությունների փոխարեն տարվա ընթացքում կկազմակերպենք տարբեր ձեւաչափի հասարակական կարեւորություն ունեցող միջոցառումներ: Robust Armenia կոնֆերանսի հիմքում մեր համոզմունքն է, որ հայկական գործարար աշխարհը կարող է «կայուն զարգացում» եզրույթը լցնել իրական բովանդակությամբ եւ նախաձեռնող լինել նաեւ այն դեպքերում, երբ կարգավորող մարմինների կողմից չկան ամրագրված պահանջներ», - ասել է Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

«Կարծում ենք, որ երկրի կայուն զարգացման առանցքային գործոնը պրոֆեսիոնալ հմտությունների եւ տեխնոլոգիաների զարգացումն է բիզնեսում եւ հանրային հատվածում: Մենք միտված ենք ներգրավվել այսպիսի ծրագրերի իրագործմանը, որոնք օգնում են գործարար համայնքի անդամներին եւ պետական կառույցներին հարմարվել փոփոխվող պայմաններին եւ հաջողությամբ իրականացնել կայուն զարգացման ռազմավարությունները: Robust Armenia հարթակում ակնկալում ենք տեսնել շահագրգիռ կողմերի փորձի եւ գաղափարների ակտիվ փոխանակումը», - ասել է Skill ընկերության տնօրեն Նելլի Մարաբյանը:

 

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:30:

 

Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին