Իրինան գտել է իր մանկության գրքի հերոսուհու՝ Արմինեի Երեւանը - Mediamax.am

exclusive
4403 դիտում

Իրինան գտել է իր մանկության գրքի հերոսուհու՝ Արմինեի Երեւանը


Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսինե Ղարիբյանը եւ Իրինա Ալեքսեեւան
Լուսինե Ղարիբյանը եւ Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Իրինա Ալեքսեեւան
Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի


Ավելի քան 20 տարի առաջ ռուս դպրոցական Իրինա Ալեքսեեւան Տամբովի մարզի հեռավոր գյուղերից մեկում ծանոթացավ «Արմինե»-ին անհասկանալի անվանումով, բայց գրավիչ կազմով գրքին։ Սա նրա առաջին հանդիպումն էր Հայաստանի, հայկական իրականության հետ։

 

Հայաստանցի աղջկա արկածաշատ առօրյայի մասի Վիկտորյա Վարդանի (Վիկտորյա Տեր-Սարկիսովայի) գրքի մասին Իրինան գուցե չհիշեր, եթե 2023-ի հունվարին ամուսնու հետ չտեղափոխվեր Հայաստան։

Իրինա Ալեքսեեւան Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Մասնագիտությամբ իրավաբան Իրինան Երեւանում զբոսավար է աշխատում՝ զբաղմունք, որի մասին երազում էր դեռ ուսանողական տարիներին։ Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալուն զուգահեռ Իրինան նաեւ հայերեն է սովորում, որ Երեւանի՝ իր «ժամանակավոր տան» մասին կարողանա նաեւ հայերեն պատմել։

 

«Չհասկացա, թե «Արմինեն» ինչ է, բայց կազմը, որի վրա հեծանվով աղջիկ էր, գրավեց ինձ»

 

Երբ դպրոցական էի, գրեթե բոլոր ամառային արձակուրդներն անցկացնում էի Տամբովի մարզում՝ տատիկիս քրոջ տանը։ Գյուղը, որտեղ ապրում էինք, ինձ ընդհանրապես դուր չէր գալիս, բնակիչները հիմնականում տարեց էին, ժամանակը շատ ձանձրալի էր անցնում։

 

Դպրոցում արձակուրդների համար մեզ տալիս էին գրականության ցանկ, որը ես միշտ անտեսում էի, որովհետեւ կարդալ չէի սիրում։ Բայց մի անգամ չեմ հիշում՝ ինչ էինք փնտրում հին սնդուկում կամ ձեղնահարկում, եւ ես գտա «Արմինե» վերնագրով մի գիրք։ Չհասկացա, թե «Արմինե»-ն ինչ է, բայց կազմը, որի վրա հեծանվով աղջիկ էր, գրավեց ինձ, սկսեցի կարդալ։ Հերոսը՝ Արմինեն, իմ հասակակիցն էր, մոր, քույրերի ու եղբայրների հետ ապրում էր, կարծեմ, Չարենցավանում։ Գիրքը պատմում էր նրա առօրյայի մասին, եւ իմ երեւակայության մեջ շատ կենդանի պատկերվում էին այդ նկարագրությունները։

Իրինա Ալեքսեեւան Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Գրքի մասին հիշեցի այս գարնանը, երբ արդեն մի քանի ամիս ամուսնուս հետ ապրում էինք Երեւանում։ Կարծում էի, որ «Արմինե»-ի, ինչպես «Դենիսկայի պատմությունները» գրքի մասին գիտեն Խորհրդային միությունում մեծացած բոլոր երեխաները։ Սկսեցի փնտրել, հարցնել ծանոթներիս, բայց ոչ ոք չէր լսել ո՛չ գրքի, ո՛չ դրա հեղինակի՝ Վիկտորյա Վարդանի մասին։ Հետո գտա էլեկտրոնային տարբերակը։

 

Ինձ հետաքրքիր էր վերընթերցել եւ համեմատել իրականությունը եւ այն պատկերները, որ մնացել էին իմ հիշողության մեջ գիրքը կարդալիս։ Այնպիսի հաճույք ստացա վերընթերցելիս, շատ բան արդեն հասկանում էի։ Գիտեի, օրինակ, թե ինչ է մատնաքաշը, ինչ տեսք ունի, ինչպես են թութ թափ տալիս։ Ամենահետաքրքիրն այն գլուխն էր, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Արմինեն մայրիկի հետ գալիս է Երեւան՝ գնումների։ Երկրորդ անգամ կարդալիս՝ ես արդեն հասկանում էի, որ հիմա նրանք իջնում են Աբովյան փողոցով, հանրախանութը, որից գնեցին Արմինեի զգեստը, «Մանկական աշխարհն» է, նորակառույց հյուրանոցն էլ «Անի»-ն է։

Լուսինե Ղարիբյանը եւ Իրինա Ալեքսեեւան Լուսինե Ղարիբյանը եւ Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Գիրքը կարդալիս՝ երբեք չէի պատկերացնի, որ 20 տարի անց կհայտնվեմ այդ երկրում, այդ քաղաքում, որն ինձ համար ավելի մեծ նշանակություն կունենա, քան պարզապես գրքում հանդիպած մի վայր։

 

«Հայերեն սովորելը ուղեղի հետաքրքիր աշխատանք է»

 

Մենք չենք ընտրել Հայաստանը։ Ընկերությունը, որտեղ աշխատում է ամուսինս, մասամբ տեղափոխվել էր Հայաստան, այդպես նաեւ մենք եկանք։ Այստեղ էլ կան խնդիրներ, բայց Հայաստանում ես ավելի հանգիստ եմ, ի տարբերություն Վրաստանի՝ չեմ վախենում խոսել ռուսերեն, ասել, որ Ռուսաստանից եմ։

 

Արդեն մի քանի ամիս է՝ սկսել եմ հայերեն սովորել։ Գիտեմ՝ այնքան լավ չեմ տիրապետի, որ հայերի հետ հայերեն խոսեմ, բայց հայերենի իմացությունը կհեշտացնի կյանքս. օրինակ՝ կկարողանամ կարդալ ցուցատախտակներին գրվածը, խոսակցության մեջ հայերեն արտահայտություններ օգտագործել։

 

Հայերեն սովորելը հետաքրքիր փորձառություն, ուղեղի հետաքրքիր աշխատանք է։ Անգլերենից հետո այլ օտար լեզուներ՝ ֆրանսերեն, գերմաներեն սովորելու համար այբուբեն սովորելու կարիք չունեի։ Իսկ հիմա ամեն գծիկը, կլորակն անելու համար հետ եմ գնում ավելի քան 20 տարի, երբ առաջին դասարանում սովորում էի տառ գրել։

Իրինա Ալեքսեեւան Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Ամեն դասից հետո սովորածը կիրառելու մեծ ցանկություն կա։ Շատ շնորհակալ եմ հայերին, որովհետեւ մարդկանց 99.9 տոկոսը, երբ իմանում է, որ հայերեն եմ սովորում, սկսում է ժպտալ, պատրաստ է օգնել, ուղղել սխալներդ, ինչ-որ բան հուշել. նրանց այնքան հաճելի է, որ մենք հայերեն ենք սովորում, եւ անպայման ասում են այդ մասին։ Դա էներգիայի շատ մեծ աղբյուր է։ Ռուսաստանում դժվար է պատկերացնել մեկին, որի հետ օտարերկրացին դանդաղ, սխալներով խոսի ռուսերեն, իսկ նա չթողնի ու չհեռանա կամ երեսին չասի, որ ճիշտ չի խոսում։

 

«Դեռ պայքարում եմ «ինքնակոչի սինդրոմի» դեմ»

 

Իմ դեպքում մասնագիտության ընտրության հարցում դասական տարբերակն է գործել։ Երբ դպրոցն ավարտում էի, ամենատարածվածը տնտեսագետի եւ իրավաբանի մասնագիտություններն էին։ Ես ընտրեցի իրավաբանությունը։ Հետո կրթությունս շարունակեցի Նիդերլանդներում։ Մտածում էի, որ իրավաբանությունը միակ ճանապարհն է․էլ ի՞նչ կարող եմ անել։ Բայց գրեթե 10 տարի աշխատելուց հետո որոշեցի ազատվել։ Ամուսինս աջակցեց ինձ, ասաց՝ որոշիր՝ ինչով ես ուզում զբաղվել։

 

Դեռ ուսանող էի, երբ մայրիկիս հետ մեկնեցի Իտալիա՝ իմ առաջին ճամփորդությանը։ Շատ տպավորված էի Իտալիայով ու նաեւ մեզ ուղեկցող զբոսավարներով։ Հիշում եմ՝ մայրիկիս ասացի, որ ինձ շատ է դուր գալիս էքսկուրսավարի աշխատանքը. այնքան բան գիտեն, այնքան տեղերում են լինում, ես էլ կուզեի այդպես։ Միտքը մայրիկիս չուրախացրեց՝ անընդհատ նույն երթուղով գնալն ու նույն բաները պատմելը չէ՞ որ հոգնեցնող է։ Իսկ ես նստած մտածում էի՝ չէ, հոգնեցնող չէ, շատ հետաքրքիր է. չէ՞ որ դա պատմություն է, ճարտարապետություն, հատկապես՝ եթե խոսքն Իտալիայի մասին է։

Իրինա Ալեքսեեւան Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Եվ տարիներ անց ես նորից մտածեցի զբոսավարի աշխատանքի մասին։ Կա մի նախագիծ՝ «Մոսկվան ինժեների աչքերով», որը ճարտարապետական ուղղվածության էքսկուրսիաներ է կազմակերպում։ Նախագիծը նաեւ զբոսավարների դպրոց ունի։ 2022 թվականին սովորեցի այնտեղ, մտածում էի Մոսկվայում զարգացնել զբոսավարի իմ հմտությունները։ Բայց մեր կյանքը փոխվեց, եւ 2023-ի հունվարին եկանք Հայաստան։

Նոր երկրում լինելիս՝ միշտ հետաքրքիր է դրա մասին ավելի շատ բան իմանալ։ Խորհուրդ տվեցին Երեւանի մասին Մարկ Գրիգորյանի գիրքը, մեծ հետաքրքրությամբ կարդացի։ Հետո հասկացա, որ ուզում եմ ավելին իմանալ, արխիվային նյութեր, լուսանկարներ ուսումնասիրել, հասկանալ՝ ինչպիսի տեսք ուներ այս ամենը 10-20 տարի առաջ։ Զուգահեռ նաեւ Հայաստանի պատմությանը, ավանդույթներին եմ ծանոթանում, մասնակցում եմ ռելոկանտների համար հայոց պատմության դասախոսությունների։ Պատկերի առանձին մասերն աստիճանաբար հավաքվում են։

Իրինա Ալեքսեեւան Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Որպես զբոսավար՝ իմ առաջին փխրուն քայլերն եմ անում։ Դեռ պայքարում եմ «ինքնակոչի սինդրոմի» դեմ։ Երբ իրավաբանությունից գալիս ես էքսկուրսավարի աշխատանքի, մտածում ես, որ կան արվեստաբաններ, ճարտարապետներ, ինչքան էլ կարդաս, միեւնույն է, նրանց հետ համեմատվել չես կարող։ Էլ չասած՝ երբ հավակնում ես պատշաճ մակարդակով էքսկուրսիաներ անել մի երկրում, որտեղ չես ծնվել, որտեղ ապրում ես ընդամենը մի քանի ամիս, դա մի կողմից մեծ պատասխանատվություն է, մյուս կողմից՝ ավելին իմանալու խթան։ Եվ դա օգնում է կանգ չառնել, անընդհատ փնտրել։

 

«Հայաստանն ազդել է ճարտարապետության մասին իմ ընկալումների վրա»

 

Հիմա աշխատանքս երկու ուղղություն ունի։ Համագործակցում եմ «Երեւանն ինժեների աչքերով» նախագծի հետ. պատմում ենք Երեւանի մասին՝ ըստ ճարտարապետական ոճերի, ժամանակաշրջանների։ Բացի այդ, նաեւ անհատական էքսկուրսիաներ եմ կազմակերպում։ Այնպիսի երթուղի եմ մշակում, որ մարդիկ պատկերացում կազմեն Երեւանի ու նաեւ Հայաստանի մասին։

 

Հայաստանն ազդել է ճարտարապետության մասին իմ ընկալումների վրա։ Ես մեծացել եմ Մոսկվայում, որտեղ շատ է մոդեռնիստական ճարտարապետությունը։ Գուցե տվյալ ժամանակի համար դրանք հեղափոխական ինժեներական աշխատանքներ էին, բայց հիմա բավականին ընկճող տեսք ունեն։ Ես սիրում եմ ասել, որ մոդեռնիստական եւ ավանգարդ ճարտարապետությունը «տգեղ է ծերանում»։ Մարդիկ գեղագիտական հաճույք են ստանում Իտալիայի եկեղեցիների կոտրված քթով հրեշտակներին նայելիս, բայց ոչ՝ ճաքած ու պոկված ծեփերին։ Դա ինձ ընդհանրապես չէր ոգեշնչում։

Իրինա Ալեքսեեւան Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Բայց Երեւանում վերանայեցի վերաբերմունքս հատկապես մոդեռնիստական ճարտարապետության նկատմամբ, որովհետեւ այստեղ այն իսկապես բացառիկ է, ազգային երանգով, շինարարական նյութով՝ տուֆով։ Ինձ թվում է՝ նախկին խորհրդային պետություններից Հայաստանն ամենալիբերալն էր, այստեղ ազատությունն ավելի շատ էր, ինքնաարտահայտման ձեւերը՝ ավելի համարձակ։

 

Շատ եմ սիրում հայկական մոդեռնիստական շինությունները, եթե անգամ այնքան էլ լավ վիճակում չեն, ինչպես «Ռոսիա» կինոթատրոնը։ Հուսով եմ՝ ինչ-որ բան կփոխվի, հնարավոր կլինի այն վերակենդանացնել։ Էքսկուրսիաները եւս կարող են նպաստել, մեծացնել հայ հասարակության հետաքրքրությունը դրա նկատմամբ։

 

Մոսկվայում այդպիսի հաջող փորձառություն կա։ Օրինակ՝ պատրաստվում էին քանդել 1920-30-ականների մի շենք։ Զբոսավարները, չգիտեմ պատահաբար, թե մտածված, սկսեցին մարդկանց հետաքրքրությունը հրավիրել դրա վրա՝ գնանք, տեսնենք իր ժամանակի նշանավոր ճարտարապետական հուշարձանը, քանի դեռ այն չեն քանդել։ Հավանաբար, քաղաքային իշխանությունները մտածեցին՝ եթե այսքան մարդ գալիս է դիտելու շենքը, եկեք վերականգնենք այն։ Դրան հաջորդեց այցելուների երկրորդ հոսքը՝ գնանք, տեսնենք շենքի նախնական վիճակը, քանի դեռ չեն վերականգնել։ Հետաքրքրության հաջորդ փուլն արդեն վերականգնումից հետո էր։ Այս մեխանիզմով հնարավոր եղավ փրկել մի քանի շինություն։

 

«Չեմ կարող ասել, որ Հայաստանն ինձ համար հայրենիք է դարձել, բայց կա տան զգացողություն»

 

«Ռելոկանտ» բառն ինձ ավելի է դուր գալիս, քան՝ էմիգրանտը։ Բայց, կարծում եմ, դա մի քիչ ինքնախաբեություն է. մենք մեզ «ռելոկանտ» ենք կոչում, որովհետեւ դա կարճ պատմություն է, շատերը հույս ունեն մոտ ապագայում վերադառնալ Ռուսաստան։ Եվրոպայում, Ամերիկայում մարդիկ հանգիստ տեղափոխվում են քաղաքից քաղաք, երկրից երկիր, ավելի շատ իրենց աշխատանքին եմ կապվում, քան՝ բազմոցներին։ Հետխորհրդային տարածքում ապրող մարդկանց համար դա այնքան էլ ընդունելի չէ․ պետք է տուն, մեքենա գնես, քո սեփականը ստեղծես, խարիսխներով կապես քեզ։ Այդ պատճառով ամեն տեղափոխություն մեզ համար ցավ է։

Իրինա Ալեքսեեւան Իրինա Ալեքսեեւան

Լուսանկարը` Մեդիամաքսի

Ինձ համար այս տեղափոխությունն արկած է, հնարավորություն՝ ընդլայնելու կյանքի փորձը, տպավորությունները։ Բայց ժամանակ առ ժամանակ գնում եմ Մոսկվա, որովհետեւ ինձ անհրաժեշտ է ֆիզիկապես մի քանի օր լինել այնտեղ։ Չեմ կարող ասել, որ Հայաստանն ինձ համար հայրենիք է դարձել, բայց կա տան զգացողություն, գործուղումներից ուզում եմ վերադառնալ Երեւան։ Իսկ գլոբալ առումով «տուն-հայրենիք» զգացողությունը կապված է Ռուսաստանի, Մոսկվայի հետ։ Այդ զգացումն ինձ անհրաժեշտ է, իսկ ինչ-որ մեկին անհրաժեշտ չէ, ու ես նույնիսկ մի քիչ նախանձում եմ նրան։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարը՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին