Բրայան Մեյն ու Թոնի Այոմին ֆիլմ են նկարում - Mediamax.am

2529 դիտում

Բրայան Մեյն ու Թոնի Այոմին ֆիլմ են նկարում


Լուսանկարը` https://brianmay.com/


Երեւան։ Մեդիամաքս։ Լեգենդար ռոք-երաժիշտներ, Queen եւ Black Sabbath խմբերի կիթառահարներ Բրայան Մեյն ու Թոնի Այոմին ֆիլմ են նկարում կիթառային րիֆերի (riff) մասին:

Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնել է Բրայան Մեյը:

 

«Ուրախությո՛ւն: Յուրահատուկ օր անցկացրեցինք իմ ընկեր Թոնի Այոմիի հետ՝ վավերագրական ֆիլմ ենք նկարում րիֆերի մասին», - գրել է Մեյը:

 

Գրառմանը կից տեղադրված է այս հոլովակը՝ բաղկացած լուսանկարներից եւ կարճ վիդեոներից (առանց ձայնի).

 

 

Երեւում է, որ Մեյի ձեռքում Black Sabbath կիթառահարին պատկանող Gibson-ն է, իսկ Այոմիի ձեռքում՝ Բրայան Մեյի Red Special կիթառը:

 

Թոնի Այոմին եւ Բրայան Մեյը հին ընկերներն են եւ տարբեր առիթներով խոսել են միասին աշխատելու ցանկության մասին:

 

10 տարի առաջ, 2013 թվականի փետրվարին, Բրայան Մեյը Kerrang! ամսագրի հետ հարցազրույցում պատմել էր, որ Թոնի Այոմիի հետ աշխատում են կիթառային րիֆերի (riff) համատեղ ալբոմի վրա:

 

Բրայան Մեյն ասել էր, որ մի անգամ այցելելով Թոնի Այոմիի ստուդիան, զարմացել էր, թե չօգտագործված երաժշտական նյութերի ինչ քանակ կա այնտեղ:

«Մտածեցի, որ հրաշալի կլիներ հավաքել դա որեւէ ձեւաչափում: Գաղափարը կիթառային րիֆերն ինչ-որ ձեւով հավաքելն է, որպեսզի մարդիկ կարողանան երգեր գրել` օգտագործելով դրանք», - ասում էր Բրայան Մեյը:

 

2020 թվականի հուլիսին Guitar World ամսագրին տված հարցազրույցում Բրայան Մեյն այսպես էր խոսել Թոնի Այոմիի մասին.

 

«Երկար տարիներ նա իմ ամենաթանկ ընկերներից մեկն է: Ես կարող էի գրքեր գրել Թոնիի մասին, քանի որ նա ամենա… Չգիտեմ անգամ, թե ինչպես բնութագրել նրան: Նա փայլուն մարդ է, հիանալի ու բարի հոգի ունի եւ հումորի բացառիկ զգացողություն։ Եվ իհարկե, նա հեվի մետալի հայրն է: Նա դա արել է իր մատներով ու մտքով, եւ այդ տիտղոսը միշտ իրենն է լինելու»։

 

Թոնի Այոմին եւ Բրայան Մեյը 1989 թվականին մեկնարկած Rock Aid Armenia նախագծի ակտիվ մասնակիցներ են: 2009 թվականին նրանք պարգեւատրեցին Հայաստանի Պատվո շքանշանով` Մեդիամաքսի Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին