2020թ. դեկտեմբերից Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորմամբ, իրականացվում է «Աջակցություն վիրավոր զինծառայողներին» ծրագիրը: Բժշկական կենտրոն կարող են դիմել մարտական գործողությունների ընթացքում վիրավորված անձիք ու անվճար ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
2020թ.-ից առ այսօր բժշկական կենտրոնն աջակցել է մոտ 300 զինծառայողի:
Հոդվածը պատրաստվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից առաջ:
Արտյոմը
«Էն եմ լյավ», - ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Մուսայելյանը՝ լայն ժպիտով դիմավորելով մեզ իր հիվանդասենյակում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա բարդ վիրահատություն է տարել ընդամենը մի քանի օր առաջ: Սիսեռի հատիկից էլ փոքր բեկորը զգացնել էր տվել պատերազմից երկու տարի անց՝ գրեթե պարալիզացնելով տղայի ոտքը:
20-ամյա Արտյոմն Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է: Երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը.
«Մասնագիտությամբ նռնականետորդ էի, բայց դա ընդհանրապես պետք չեկավ, քանի որ նույնիսկ տանկ չէինք հասցրել տեսնել», - ժպտում է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վիրավորվել է հոկտեմբերի 18-ին՝ Վարանդայում (Ֆիզուլի).
«Անօդաչուի հարված էր, որից 4 հոգի տեղում մահացավ, 8-ն էլ վիրավորվեց: Ինձ պապան ա հանել էդ տեղից, գցել մի աղվեսափոս, մինչեւ կրակը քիչ թե շատ պակասել է, որ շտապօգնության մեքենաները կարողանան մոտենալ ու օգնել մեզ: Սկզբում տարել են Մարտունու հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտ: Բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունեի ու առաջնային բուժօգնությունից հետո ինձ ու մի քանի այլ վիրավորի որոշեցին տեղափոխել Գորիս: Այնտեղ, սակայն, ընդամենը մի վիրավորի տեղ կար ու որոշվեց շարունակել ճանապարհը Երեւանի ուղղությամբ, բայց Գորիսից դուրս գալուց անմիջապես հետո ինձ կտրուկ վատ զգացի», - հիշում է Արտյոմը:
Երիտասարդի մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել ոտքի հատվածում, գրեթե կորցրել է գիտակցությունը: Անմիջապես որոշում է կայացվել վերադառնալ Գորիս, որտեղ վիճակը հաջողվել է կայունացնել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ բեկորներից մեկը 4 տեղից վնասել է Արտյոմի զարկերակն ու ոտքն, ամենայն հավանականությամբ, պետք է ամպուտացնել:
«Արտյոմին Երեւան տեղափոխեցինք: Մի քանի հիվանդանոցներից հետո հայտնվեցինք վիրաբույժ Արտավազդ Սահակյանի մոտ», - հիշում է Արտյոմի մայրը:
«Բժիշկն ամեն օր գալիս էր, ինչ-որ սարք դնում, ուսումնասիրում վնասվածքն ու գլուխը կախ, լուռ հեռանում պալատից: Երրորդ օրը նույն հետազոտությունն անելուց հետո դուրս եկավ, մոտեցավ ինձ ու ասաց՝ «իմ համար մոմ կվառես»: Հետո իմացանք, որ եկել էր վերջին անգամ ստուգելու՝ գոնե փոքր հույս կա՞ տղայիս ոտքը փրկելու ու տեսել էր այդ հույսը: Չգիտեմ էլ ոնց, բայց 12 ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկ Արտավազդը կարողացավ վերականգնել 4 տեղից վնասված անոթը»:
Վիրահատությունից ու վերականգնողական շրջանից հետո Արտյոմը վերադարձավ Արցախ ու փորձեց շարունակեց ապրել սովորական կյանքով: Սակայն մարմնի մեջ մնացած բեկորները դա թույլ չէին տալիս:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արդյունքում, բժիշկ Արտավազդ Սահակյանի խորհրդով, Արտյոմն ու ընտանիքը հայտնվում են Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ մի փոքրիկ բեկոր մնացել է կոնքազդրային հատվածի հոդի մեջ, սերտաճել դրան, ինչի հետեւանքով հոդը դեֆորմացվել է ու խանգարում է ոտքի նորմալ աշխատանքին: Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես է բժիշկն արել այս ֆանտաստիկ վիրահատությունը», - ասում է Արտյոմի մայրը:
«Իմ համար ամենակարեւորն էր, որ երկար չեմ պառկելու: Անոթային վիրահատության ժամանակ 1,5 ամիս անշարժ պառկել եմ: Հիմա, երբ վիրահատության հաջորդ օրը բժիշկն եկավ, ասեց՝ վեր կաց, հենակներով քայլի, աշխարքս իմն էր», - ժպտում է Արտյոմը:
Զոհվելու ու վիրավորվելու հարաբերակցությունը՝ 1:1
Իզմիրլյան բժշկական կենտրոնի գիտական համակարգող, ԵՊԲՀ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Արմեն Չարչյանը հերթական վիրահատությունից առաջ մտնում է Արտյոմի հիվանդասենյակ՝ տեսնելու ինչպես է ընթանում ապաքինումը:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Բժիշկ, ես կենսաբան եմ ու չեմ կարողանում պատկերացնել՝ ինչպե՞ս եք այդքան բարդ հատվածից հանել բեկորը, - հարցնում է Արտյոմի մայրը:
-Գաղտնիք է, - կատակում է բժիշկն ու ավելացնում, որ մի քանի շաբաթ անց Արտյոմն արդեն կարող է քայլել մեկ հենակով, իսկ հետո, թե ամեն ինչ բարեհաջող ընթանա, առանց հենակների:
Պատերազմի սկզբից երկու ժամ անց Իզմիրլյան ԲԿ բոլոր վիրաբույժներն, Արմեն Չարչյանի խոսքով, հիվանդանոցում էին:
«Անմիջապես բժիշկների երկու խումբ կազմեցինք՝ ընդգրկելով բոլոր անհրաժեշտ մասնագետներին եւ ուղարկեցինք երկու ուղղությամբ՝ հարավային (Գորիս) եւ հյուսիսային (Վարդենիս): Բժիշկներ ունեինք նաեւ Արցախում: Մինչեւ պատերազմի վերջ ապահովել ենք այդ խմբերի մշտական աշխատանքը: Ընդ որում՝ պարտադիր հերթափոխ էինք իրականացնում, որպեսզի ծանր պայմաններում աշխատող բժիշկները չհասնեն էմոցիոնալ այրման», - հիշում է Արմեն Չարչյանը:
Լինելով Արցախյան առաջին պատերազմի մասնակից՝ պրոֆեսորն ասում է, որ 44-օրյա պատերազմը խիստ տարբերվում էր իր մահաբերությամբ ու վիրավորումներով.
«Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ գերակշռում էին հրազենային, գնդակային վնասվածքները, ընդ որում՝ դրանք հիմնականում մեկ-երկուսն էին: Հիմա մեծ մասի մոտ բազմաբեկորային տարածված վնասվածքներ են: Այն ժամանակ մահվան ու վիրավորում ստանալու ցուցանիշը 1:4 էր: Այսինքն, մեկը զոհվում էր, չորսը՝ վիրավորվում: 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հարաբերակցությունը գրեթե 1:1 էր»:
Պատերազմի հետցնցումները
Արմեն Չարչյանի խոսքով՝ բժիշկները շատ լավ հասկանում էին, որ պատերազմի ավարտով իրենց անելիքը չի ավարտվելու.
«Որպես վիրաբույժ, որն անցել է երկրաշարժով, Արցախյան առաջին, Ապրիլյան, 44-օրյա պատերազմներով, կարող եմ ասել, որ ցանկացած տարերային աղետ կամ պատերազմ ունենում է հետցնցումային ժամանակաշրջան: Ակնհայտ էր, որ պատերազմի ավարտով չի ավարտվելու վիրավորների բուժումն ու դա տեւելու է տարիներ: Օրինակ՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո մոտ 3 տարի պահանջվեց, որ կարողանանք հիմնականում բոլոր կարիք ունեցողներին բուժօգնություն տրամադրել: Նույնն Արցախյան առաջին պատերազմի դեպքում էր: Ընդ որում՝ խոսքը միայն վիրահատական աջակցության մասին չէ: Շատ լավ հասկանում էինք, որ շատերը վերականգնողական բուժման կարիք են ունենալու: Սա հաշվի առնելով՝ Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ «Բառնաբաս» հիմնադրամի աջակցությամբ, կառուցեցինք բավականին արդյունավետ վերականգնողական կենտրոն ու վիրավորում ստացած զինծառայողները, «Աջակցություն վիրավոր զինծառայողներին» ծրագրով, կարող են գալ նաեւ այս կենտրոն», - ասում է Արմեն Չարչյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ այս պատերազմի վիրավորումները ստիպում են ընդհանրացնել նաեւ համաշխարհային փորձը, անհրաժեշտության դեպքում՝ խորհրդակցություններ են անցկացվում արտասահմանյան մասնագետների հետ կամ ցուցում է տրվում հիվանդին տեղափոխել արտերկիր: Երբեմն, ինչպես Արտյոմի դեպքում է, բժիշկներն անում են գրեթե անհնարինը՝ զինծառայողի կյանքը կամ, օրինակ, վերջույթները փրկելու համար.
«Խոնարհումս բոլոր բժիշկներին, որոնք կռվեցին այս պատերազմում՝ անձնազոհաբար կատարելով իրենց մասնագիտական պարտքը: Նրանք կարողացան հազարավոր վիրավորների կյանք փրկել: Միշտ մի օրինակ եմ բերում՝ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում եղել է մոտ 28-30 հազար վիրավոր ու նրանց 72 տոկոսը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է ռազմի դաշտ: Այսինքն, բժիշկների շնորհիվ շարք է վերադարձել մոտ 21 հազար զինվոր, իսկ սա ամբողջությամբ կոմպլեկտավորված երկու դիվիզիա է: Բժիշկները երկրին երկու դիվիզիա զինվոր են տվել ու փրկել հազարավոր կյանքեր»:
Աջակցության համար դիմել Իզմիրլյան ԲԿ
«Աջակցություն վիրավոր զինծառայողներին» ծրագրի համակարգող Նորա Ալեքյանն ասում է, որ պատերազմի ընթացքում Իզմիրլյան ԲԿ մահճակալային ֆոնդի 80 տոկոսը տրամադրված էր վիրավոր զինծառայողներին:
«Պատերազմից հետո առաջին զինծառայողը մեզ դիմել է 2020թ. դեկտեմբերի 24-ին: Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրով առ այսօր անվճար բուժօգնություն է ստացել 273 զինծառայող», - ասում է Նորա Ալեքյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ ծրագրին կարող են դիմել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձիք՝ գալով բժշկական կենտրոն կամ զանգահարելով (010) 24 40 10 հեռախոսահամարով:
Անհրաժեշտ հետազոտություններից հետո պարզ է դառնում՝ ինչ բուժօգնության կարիք կա: Լինում են զինծառայողներ, որոնք չունեն վիրահատական միջամտության կարիք, սակայն կարող են անցնել լաբորատոր, ռենտգեն հետազոտություն կամ ստանալ վերականգնողական բուժում:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: