Թբիլիսիի կինոփառատոնի փայլն ու հմայքը - Mediamax.am

exclusive
2814 դիտում

Թբիլիսիի կինոփառատոնի փայլն ու հմայքը


Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին


Դեկտեմբերի 10-ին Թբիլիսիում կայացավ Թբիլիսիի 23-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը, որտեղ «Ոսկե Պրոմեթեւս» մրցանակը շնորհվեց վրացական լավագույն ֆիլմերին։ Իսկ դեկտեմբերի 11-ին Ամիրանի կինոթատրոնում տեղի ունեցան վերջին ցուցադրությունները։ Մեդիամաքսի հատուկ թղթակից, կինոգետ Իվան Ցուրկանը պատմում է փառատոնի դափնեկիրների եւ ամենահետաքրքիր ֆիլմերի մասին:

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի երկուսը հասկանան, որ իրենք ստեղծված են միմյանց համար: Սոսո Բիլաձեի «A Room of My Own»-ը պատմում է երկու վրացի աղջիկների՝ Թինայի եւ Մեգիի մասին,  ովքեր միասին բնակարան են վարձում եւ հանկարծ հասկանում են, որ չունեն այլեւս ոչ մեկի կարիքը։ Նրբազգաց նկարահանված, գլխավոր կատարողների փայլուն դերակատարմամբ, Սոսո Բիլաձեի հանդիսատեսի հիթը արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակին, եւ նրա յուրաքանչյուր դիտումը ուղեկցվում էր երկար ծափահարություններով:

 

Ինչպե՞ս կարող են գնացքներն արտացոլել հարեւան երկրների հարաբերությունները: «Պետությունը պետության մեջ»՝ այսպես էին անվանում երկաթուղայինների հասարակությունը խորհրդային տարիներին՝ ընդգծելով նրա առանձնահատուկ դիրքը։ Ժյուրին՝ Հարություն Խաչատրյանի մասնակցությամբ, փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ որակեց «A State in A State» երկաթուղային ենթակառուցվածքի պրիզմայով սահմանների եւ ավելի լայն՝ քաղաքական կոնֆլիկտների արտասովոր ուսումնասիրությունը։ Տեսլա Ասլանիշվիլիի 47 րոպեանոց էսսեն հիմնականում սահմանափակվում է Հարավային Կովկասով եւ Կասպից ծովով, սակայն ֆիլմում գտած համընդհանուր կանոններն իրականում կիրառվում են ցանկացած երկրի համար: Հետաքրքիր լեռնային լանդշաֆտները, գնացքների կադրերը կամ երկաթուղու լքված հատվածները հերթափոխվում են երկաթուղու աշխատողների, հետազոտողների, լրագրողների ճշգրիտ մեկնաբանություններով եւ վերջում միավորվում են տրանսպորտի եւ հասարակության վիճակի միջեւ կապի մասին օրիգինալ ասույթի: Ռուսաստան, Ուկրաինա եւ Բելառուս, Վրաստան եւ Թուրքիա… Ֆիլմում նաեւ հայերեն խոսք է հնչում, իսկ Ասլանիշվիլին բավականին մանրամասն անդրադառնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհների սահմանային հատվածների ներկա վիճակին։

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Արդյո՞ք աշխարհում դեռ մնացե՞լ է գոնե մի փոքր կախարդանք: Այս հարցին փորձում է պատասխանել 22-ամյա Անդրոն՝ Կատալինա Բաքրաձեի «Իմ ընկեր Անդրոն» հաղթող կարճամետրաժ ֆիլմի գլխավոր հերոսը։ Անդրոն աճպարար է եւ, թվում է, իսկական կախարդ։ Մեկ սպիտակ գինին կվերածի կարմիրի, մեկ ցույց կտա մի անհավանական ֆոկուս խաղաքարտերով, հետո ինչ-որ մանրուք կհանի հենց պատից կախված լուսանկարից: Ճագա՞ր եք ուզում: Խնդրե՛մ, փնտրե՛ք այն ձեր թիկնապայուսակում: Մինչ մայրը փորձում է նրան հիշեցնել, որ նա իրականում Կոնսերվատորիայի ուսանող է, Անդրոն քայլում է փողոցներով եւ պարզապես զվարճացնում մարդկանց։ Հենց այդպես, հաճույքի համար։ Հանդիսատեսն այս պահին փորձում է հասկանալ՝ այս ամենը իրականությո՞ւն է, թե՞ պարզապես ֆոկուս։ Ի վերջո, ֆիլմը նկարահանված է վավերագրական ոճով ու այնքան համոզիչ է, որ անգամ կարող է շփոթեցնել։

 

«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե Պրոմեթեւս»-ի արժանացել է Աննա Ջեգնարաձեի եւ Մարիտա Թեւզաձեի «Hey Gunesh»-ը։ Դա ոչխարաբույծների նահապետական ընտանիքի մասին կարճ, բայց վառ եւ ճշգրիտ էսքիզ է, որի կենտրոնում հոր եւ 9-ամյա դստեր հարաբերություններն են։ Թվում է, թե աղջկա ապագան որոշված է, սակայն նրա հայրը՝ Ֆաշան, չի ցանկանում, որ դուստրը, ավանդույթի համաձայն, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ամուսնանա, ուստի դեռ հույս կա։

 

Ժյուրիի կողմից հատուկ նշվել էին Կոտե Կալանդաձեի «Drummer»-ը, Գիորգի Վարսիմաշվիլիի «A Stage - Still We Play On»-ը, Միխայիլ Կվիրիկաձեի «Հիսուսի թռչունը (Մկրտությունը Հորդանանում)» եւ Լեւան Ուչանեիշվիլիի «Axel» կարճամետրաժ ֆիլմը։ Պատվավոր մրցանակով նշվել է Օթար Իոսելիանիի ներդրումը համաշխարհային կինոյում։ Հանդիսատեսին ներկայացվել էր իր հայտնի կինոդեբյուտ՝ «Տերեւաթափ» (1966թ․) ֆիլմի վերականգնված տարբերակը։ Ինքը՝ Իոսելիանին, ցավոք, չկարողացավ ներկա լինել փառատոնին, սակայն ընկերները բեմից շատ բան պատմեցին նրա մասին։ Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչները նշել են ճապոնուհի Չի Հայակավայի «Պլան 75» ֆիլմը տարեցների ճակատագրի մասին, որը ստացել է կինոյում «Մարդու իրավունքներ» մրցանակը։

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Եվրամիության կողմից հատուկ մրցանակ է շնորհվել ուկրաինուհի  Մարինա Էր Գորբաչի «Կլոնդայք» ֆիլմին՝ պատերազմի ժամանակ մարդկային թուլության եւ անվճռականության գնի մասին անզիջում խոսքին։ Սյուժեի կենտրոնում Ռուսաստանի հետ սահմանին ապրող մի զույգ է։ Նրանք երեխայի են սպասում եւ փորձում են ամեն գնով անտեսել այն, ինչ կատարվում է իրենց շուրջ, նույնիսկ այն բանից հետո, երբ հրթիռը դիպչում է իրենց տանը: 2014 թվականի հուլիսն է, մոտակայքում կործանված ինքնաթիռ է ընկնում, եւ այն ցուցադրում են հեռուստացույցով։ Սակայն Իրկան ու Տոլիկը շարունակում են ապրել՝ տան պատի մեջ հսկա անցքով եւ ոչինչ հաշվի չառնելով, մնում են այնտեղ մինչեւ պատերազմն ինքն է դակում իրենց դուռը։ Տոլիկը փորձում է բանակցել ու համագործակցել ռուսների հետ, բայց, իհարկե, դա ոչ մի լավ բանի չի բերում, եւ ի վերջո նա միայն ավելի մեծ վտանգի տակ է դնում կնոջ կյանքը։ «Կլոնդայք»-ը մեծ հաջողություն ունեցավ միջազգային փառատոներում եւ այժմ Ուկրաինայի կողմից 2023 թվականի «Օսկարի» պաշտոնական թեկնածուն է։

 

Փառատոնի մեկ այլ ամենաուժեղ ուկրաինական դրամայի՝ «Առաքյալների մայր» ֆիլմի սյուժեն կառուցված է նույնպես մալայզիական Բոինգի կործանման շուրջ: Զազա Բուաձեի ֆիլմում մայրը Կիեւից մեկնում է Դոնեցկի մարզ՝ գտնելու կործանված ինքնաթիռը վարող օդաչու որդուն։ Անվախ կինն անցնում է ավերված հողի դժոխքի բոլոր շրջանակներով, որտեղ ամեն ինչ ղեկավարում են զինվորական համազգեստով եւ ավտոմատները ձեռքերին տղամարդիկ։ Գլխավոր հերոսուհու կերպարը հասնում է առասպելական աստվածաշնչյան մասշտաբների, իսկ ֆիլմն ինքնին ուղղակի էմոցիոնալ առումով զինաթափում է: Եվ եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Ուկրաինայի տարածքում պատերազմը շարունակվում է ոչ թե մեկ տարի, այլ ութ անվերջ տարիներ՝ լի մահով, սարսափով եւ ավերածություններով։

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Դմիտրո Սուխոլիտկա-Սոբչուկի «Պամֆիրը» տեղափոխում է հանդիսատեսին դեպի Ուկրաինայի արեւմտյան սահման՝ Կարպատյան լեռներ եւ ծանոթացնում մի մաքսանենգի և նրա ընտանիքի հետ։ Փամֆիրը վաղուց վերջ է տվել մաքսանենգությամբ զբաղվելը, սակայն հանուն փողի նա որոշում է անել եւս մեկ՝ «վերջին» գործը, եւ, իհարկե, ամեն ինչ չի ընթանում ըստ պլանի եւ ի վերջո տանում  հերոսին արյունալի հանգուցալուծման: Նա պետք է եւս մեկ փաթեթ հասցնի Ռումինիա։ Գյուղում ամեն ինչը տեղի կրիմինալ հեղինակության ղեկավարման տակ է, եւ միայն Փամֆիրն է հանդգնում մարտահրավեր նետել նրան: Սոբչուկի բրուտալ, մթնոլորտային եւ ֆիզիոլոգիական թրիլերը լարվածության մեջ է պահում առաջին իսկ րոպեներից եւ փայլուն նկարագրում է հարաբերությունները սահմանամերձ գյուղի փակ հասարակությունում, որտեղ բոլորը իրար ճանաչում են։ Պամֆիրը Ալեքսանդր Յացենտյուկոի կատարմամբ՝ գրեթե ուժասպառ գազան է։ Ֆիլմում, ընդհանրապես, անընդհատ խաղարկվում է գլխավոր հերոսի գազանի բնույթը, որին, թվում է, ոչ վիրավորել է կարելի, ոչ էլ սպանել։

 

Փառատոնի ամենակոշտ եւ արմատական ֆիլմերը, հավանաբար, «Սպարտան» եւ «Ռիմինին» դարձան․ ավստրիացի Ուլրիխ Զայդլի դիլոգիան երկու եղբայրների մասին, որոնցից յուրաքանչյուրը դժբախտ է իր ձեւով։ «Ռիմինիում» փոփ երգիչ Ռիքի Բրավոն (իրական մարդ է) երգում է իտալական սառը ծովափին գտնվող հյուրանոցներում եւ ծերանոցներում: «Սպարտայում» նրա 40-ամյա կրտսեր եղբայր Էվալդը թողնում է իր հին կյանքը եւ տեղափոխվում ռումինական գյուղ, որտեղ որոշում է լքված դպրոցի շենքում հիմնել ձյուդոյի մանկական դպրոց: Ռիքի Բրավոն փողի դիմաց սեքսով է զբաղվում իր կին երկրպագուների հետ։ Էվալդն աստիճանաբար իր մեջ բացահայտում է մանկապղծության հակումներ, որից հետո այլեւս հնարավոր չէ դիտել, թե ինչպես է նա խաղում կիսամերկ երեխաների հետ նույն ոգեւորությամբ, ինչ ֆիլմի սկզբում։ Երկու եղբայրների հայրը ապրում է ծերանոցում, լացակումած զանգահարում է իր մորը եւ, կարծես թե, հիշում է իր մանկությունը Հիտլերյուգենդում։

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Զայդլը, ինչպես միշտ, անողոք է իր կերպարների նկատմամբ եւ նկարահանում է իր հայտնի ռեժիսորական մեթոդին համապատասխան, այսինքն՝ ստեղծում է գեղարվեստական ֆիլմեր վավերագրականի ոճով։ Երկար պլաններ, բաց ավարտ, աշխատանք ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ եւ օրիգինալ վայրերում, մինիմում երաժշտություն կադրից դուրս եւ մաքսիմում իմպրովիզացիա. այս ոճաձեւերի հավաքածուն միշտ սարսափելի հավատալի է դարձնում Զեյդլի ֆիլմերը: Բայց ամենազարմանալին այն է, որ նույնիսկ այնպիսի վանող ու հակասական կերպարները, ինչպիսիք են Ռիքին եւ Էվալդը, կարեկցանք են առաջացնում։ Ինքը՝ ռեժիսորը, մի քանի օրով ժամանել էր փառատոնին, յուրաքանչյուր ցուցադրությունից հետո մանրամասն պատասխանում էր հանդիսատեսի հարցերին, ինչպես նաեւ վարպետության դաս անցկացրեց Թբիլիսիի Գյոթեի կենտրոնում, որի ժամանակ ավելի մանրամասն պատմեց երկու ֆիլմերի վրա երկար աշխատանքի մասին։

Լուսանկարը` Նիկոլայ Կոմանկին

Փառատոնը փակվեց վրացի հայտնի ռեժիսոր եւ սցենարիստ Դիտո Ցինցաձեի Գերմանիայում նկարահանված «Ռոքսի» սրամիտ կրիմինալ կատակերգության ցուցադրությամբ։ Թոմաս Բրենները միջին տարիքի տաքսու վարորդ է, որը խրված է առօրյայի մեջ եւ երազում է, որ իրեն ընդհանրապես չնկատեն։ Իսկ Ռոքսին ռուս մաֆիոզների մարտական շան անունն է, որը մի օր հայտնվում է Թոմասի տաքսիում։ Լեւանը ռուսների բոսն է, նա փախուստի մեջ գտնվող զենք վաճառող է։ Բացի այդ, նա շատ գեղեցիկ կին ունի։ Խենթ իրադարձությունների եւ անհեթեթ զուգադիպությունների շարան, եւ ահա՝ Թոմասի կյանքն արդեն գլխիվայր է շուռ է գալիս, եւ այս ամենից դուրս գալն անհնար է թվում։

 

Անհնար է վիճել այն փաստի հետ, որ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնն այս տարի կայացավ բոլոր իմաստներով եւ կատարեց իր կարեւոր առաքելությունը. այն կարողացավ ցուցադրել վրացական կինոյի ներկայիս վիճակը իր ողջ բազմազանությամբ։ Իսկ ծրագրի բազմազանության շնորհիվ կազմակերպիչներին ու ֆիլմեր ընտրողներին հաջողվեց վրացական կինոն տեղավորել համաշխարհային փառատոնային համատեքստում։ Հեղինակային կինոյի աստղեր Հոն Սան Սուի, Ուլրիխ Զայդլի, Ռուբեն Էսթլունդի ֆիլմերի ֆոնին Սոսո Բիլաձեի, Տեսլա Ասլանիշվիլիի եւ վրացական «Համապատկեր»-ի այլ անդամների նոր ստեղծագործությունները արժանի տեղ զբաղեցրեցին, եւ դա արդեն մեծ ձեռքբերում է։

 

Փառատոնի մասին առաջին ռեպորտաժը կարդացեք այստեղ։

 

Իվան Ցուրկան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին