Եթե Դիլիջանի քաղաքային զբոսայգում սպիտակ գմբեթանման շինություն նկատեք, անտարբեր մի անցեք: Ներս գալով, հնարավոր է, ստանաք ձեր ճամփորդության ամենահաճելի ու հիշվող տպավորություններից մեկը:
Սպիտակ գմբեթանման կառույցը Դիլիջանում վերջերս բացված «Դիտարան» 360° իմերսիոն հարթակն է, որտեղ իմերսիվ ֆիլմեր ու ներկայացումներ են ցուցադրվում:
Այլ կերպ ասած՝ հնարավորություն ունեք գիտության, արվեստի ու հայկական մշակույթի մասին հետաքրքիր բովանդակություն դիտել՝ ամբողջությամբ շրջապատված էկրանով:

Լուսանկարը` «Դիտարան»
«Դիտարանի» ստեղծմանն աջակցել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Լուսանկարը` EU4Business
«Մուլտիմեդիա բովանդակությունը «Դիտարանում» ցուցադրվում է գերժամանակակից 4K սարքավորումներով, որոնք ներմուծվել են Եվրոպայից: Տեխնիկական հագեցվածությամբ սա միակ նմանատիպ հարթակն է ամբողջ տարածաշրջանում», - ասում է «Դիտարանի» աշխատակից, Դիլիջանի բնակիչ Հեղինե Հարությունյանը:

Լուսանկարը` «Դիտարան»
Իմերսիվ հարթակը ենթադրում է ընկղմման էֆեկտ: «Դիտարանում» ֆիլմերը ցուցադրվում են գմբեթի վրա՝ զբաղեցնելով դիտողի տեսողական դաշտն ամբողջությամբ:
«Տպավորություն է, թե մտնում եք պատկերի, նկարի մեջ», - ասում է Հեղինեն:

Լուսանկարը` «Դիտարան»
Այս պահին հարթակում ցուցադրվում է չորս ֆիլմ, որոնցից մեկը՝ հայկական: Իմերսիվ հարթակում ցուցադրման համար նկարահանված հայկական առաջին ֆիլմը՝ «Պատկերքը», ստեղծվել է Մատենադարանի, Հայաստանի Ազգային պատկերասրահի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ու այլ հաստատությունների աջակցությամբ: Այն ներկայացնում է հայկական արվեստի ընտրանին՝ 5-րդ դարից մինչեւ մեր օրեր: Դիտորդը հնարավորություն ունի տեսնել Մատենադարանում պահվող մանրանկարները, Անիի Հոնենց եկեղեցու եռաչափ վերակազմությունը, Այվազովսկու եւ Սարյանի կտավները: Այս ամենն ուղեկցվում է 12-րդ դարի հայկական երաժշտությամբ, Ալան Հովհաննեսի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով։
«Ցուցադրվող մյուս երեքը համաշխարհային իմերսիվ ֆիլմեր են, որոնք հնչյունավորվել են ու ցուցադրվում են հայերենով: Դրանք edutainment (education+entertainment) ժանրից են ու նպատակ ունեն դիտողին փոխանցել հետաքրքիր ինֆորմացիա՝ միաժամանակ ապահովելով նրա ժամանցը», - ասում է Հեղինե Հարությունյանը:
Այսօր «Դիտարանում» մշտական աշխատակիցները տասն են: Ինչպես Հեղինեն, այնպես էլ մյուս աշխատակիցները տեղացիներ են.
«Մինչ այդ՝ շինարարության փուլում, ունեինք ժամանակավոր աշխատակիցներ, շինարարներ, որոնք եւս Դիլիջանից էին: Բացի այդ, այստեղ գործում է հուշանվերների խանութ, որտեղ վաճառվում են տեղացի արվեստագետների ու սոցիալական ձեռնարկությունների հուշանվերները: Նույնիսկ տեխնիկական սպասարկման աշխատակիցներն են Դիլիջանից: Նրանց վերապատրաստել են, ծանոթացրել իմերսիվ հարթակի բոլոր հնարավորություններին ու աշխատանքի ընդունել»:
Չնայած՝ Դիլիջանը բավականին պահանջված զբոսաշրջային ուղղություն է Հայաստանում, բայց այս նորարար փորձառությունը կարող է էլ ավելի բարձրացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունն ու հետաքրքիր ժամանցի տարբերակ դառնալ:
«Դիլիջանում զբոսաշրջիկների հոսքը բավականին ակտիվ է, բայց հատկապես երեկոյան քաղաքի հյուրերը անելու քիչ բան են ունենում եւ «Դիտարանը» կարող է ինչ-որ չափով լրացնել այս բացը», - կարծում է Հեղինեն:

Լուսանկարը` «Դիտարան»
Նրա խոսքով՝ սկզբում շատերը «Դիտարան» էին գալիս քաղաքային զբոսայգում պատահաբար նկատելով այն:
«Մարդկանց հետաքրքրում էր կառույցն, արդյունքում ցուցադրությունից շատ տպավորված էին դուրս գալիս: Առաջիկայում նախատեսում ենք համագործակցել զբոսաշրջային կազմակերպությունների հետ, որպեսզի «Դիտարանն» ընդգրկվի տուր փաթեթներում ու մարդիկ արդեն մտադրված գան եւ տեսնեն տարածաշրջանում եզակի այս հարթակը», - ասում է Հեղինեն:
Հարթակի աշխատակիցներին շատ է ոգեւորել նաեւ հայկական բովանդակություն ստեղծելու միտքն ու «Պատկերքի» հաջողությունը: Չի բացառվում, որ հայկական պատմության, մշակույթի մասին այլ ֆիլմեր եւս լինեն:
«Բացի այդ, ամբողջ աշխարհում իմերսիվ հարթակներում ներկայացվում է ժամանակակից արվեստը: «Դիտարանը» կարող է բեմ դառնալ նորարար ցուցահանդեսների, ներկայացումների համար»,- ասում է Հեղինե Հարությունյանը:
«Դիտարանում» ցուցադրվող ֆիլմերը, դրանց ժամանակացույցն ու գնացուցակը հասանելի են https://ditaran.am/ կայքում:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: