Մայիսի 9-11-ի արշավները. Քայլարշավ Գոշից Խաչարձան, վերելք Գութանասար, սապբորդինգ Հորսի լճում - Mediamax.am

1563 դիտում

Մայիսի 9-11-ի արշավները. Քայլարշավ Գոշից Խաչարձան, վերելք Գութանասար, սապբորդինգ Հորսի լճում


Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Լուսանկարը` That Trail


Մեդիամաքսն առանձնացրել է մայիսի 9-ի, 10-ի եւ 11-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Մայիսի 9-11 (ուրբաթ, շաբաթ, կիրակի)

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Խուստուփ

 

Մայիսի 9-11-ն ակումբն իրականացնելու է վերելք Խուստուփ լեռ (3201 մ): Վաղ առավոտյան կմեկնեք Սյունիք՝ ճանապարհին այցելելով Տաթեւի վանք: Գիշերակացը նախատեսված է Վերին Վաչագանում՝ վրաններում: Երկրորդ օրը կիրականացվի բուն վերելքը: Այն բավականին բարդ է: Երրորդ օրը նախաճաշից հետո նախատեսված է վերադարձ Երեւան: Երթուղու երկարությունը 18-20 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 2000 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մայիսի 9 (ուրբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Պապաքի սար եւ Մոխրասար

 

Մայիսի 9-ին արշավական ակումբը հրավիրում է մասնակցել արշավի Փամբակի լեռներում: Դրա ընթացքում վերելք կկատարեք Պապաքի սար (2448 մ) եւ Մոխրասար (2716 մ): Երթուղին անցնում է լեռնաշղթայի կատարային հատվածով։ Մի կողմում բացվում է տեսարան դեպի Մարմարիկի կիրճ, մյուսում՝ դեպի Արջաձոր։ Արշավը սկսվելու է Մեղրաձոր գյուղից, ավարտվելու՝ Փյունիկում:

Լուսանկարը` Armenian Geographic

Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ ակումբ. Տոնական քայլարշավ Բերդավանի ամրոց եւ Դովեղի վանք

 

Մայիսի 9-ին ակումբը տոնական քայլարշավ կիրականացնի դեպի Բերդավանի ամրոց եւ Դովեղի Սուրբ Սարգիս վանք, որոնք Նոյեմբերյանի շրջանում են:

Արշավը կսկսվի Դովեղ գյուղից: Անտառային արահետով կքայլեք դեպի վանք: Այստեղ կվայելեք հայկական գինի եւ կշարունակեք ճանապարհը դեպի Բերդավան գյուղում գտնվող Ղալինջաքար ամրոց: Այցելելու եք նաեւ մոտակայքում գտնվող Սբ. Նշան բազիլիկ եկեղեցին եւ միջնադարյան գերեզմանատունը։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 12 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Քայլարշավ Գոշի լճից Խաչարձան

 

Ուրբաթ օրն ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ անցնելու Գոշի լիճ - Խաչարձան հրաշք երթուղին: Գոշավանք վանական համալիր այցելելուց հետո կսկսեք երթուղին Գոշ գյուղից՝ դադար անելով Գոշի լճի մոտ եւ վայելելով կանաչի 50 երանգները, ծաղկաշատ դաշտերն ու քչքչան առվակները:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Երթուղու երկարությունը 16 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ԱՐԻ Խոխա. 6-14 տ. արշավ Մարգավետի լեռներով

 

Մայիսի 9-ին ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ քայլելու է Լոռի-Տավուշ սահմանին գտնվող Մարգավետի լեռներով: Արշավը սկսվելու է Դիլիջան-Վանաձոր ճանապարհից եւ ավարտվելու Դիլիջանում։ Ողջ ընթացքում վայելելու եք դեպի Ֆիոլետովո գյուղ բացվող բնապատկերները:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Երթուղու երկարությունը 11 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մայիսի 10 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Սապբորդինգ Հորսի լճում

 

Ակումբն առաջարկում է շաբաթ օրը միասին սապել Հորսի լճում: Մասնակցելու համար լողալը պարտադիր չէ, մասնակիցները կանցնեն հրահանգավորում, որից հետո կփորձեն ինքնուրույն սապ քշել:

Լուսանկարը` Armenian Geographic

Սապբորդինգը տեւելու է 2 ժամ: Վերադարձի ճանապարհին նախատեսված է այց Հրեշտակների կիրճ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ԱՐԻ Խոխա. 3-6 տ. արշավ Արզական-Մեղրաձոր արգելավայր

 

Շաբաթ օրն ակումբը 3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ գնում է թափառելու Արզական-Մեղրաձոր արգելավայրում, որը Ծաղկունյաց լեռների լանջերին է: Տոտիկ-տոտիկ քայլելով կհասնեք գարնանային անտառի մեջ թաքնված, շատերին անծանոթ Գհուկի վանք, ինչից հետո կվերադառնաք Երեւան։

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Երթուղու երկարությունը 6 կմ է, բարդության աստիճանը՝ միջին:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մայիսի 11 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Թռչկան ջրվեժ

 

Կիրակի օրն ակումբն իրականացնելու է արշավ դեպի Թռչկան ջրվեժ: Երթուղին սկսվելու է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից։ Քայլելու եք սարերով եւ ալպյան մարգագետիններով, որոնք տարվա այս եղանակին շատ գեղեցիկ են:  

Լուսանկարը` Armenian Geographic

Թռչկանը Հայաստանի ամենաբարձր ու ջրառատ ջրվեժն է։  Երթուղու երկարությունը 23 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մայիսի 9-ից 11-ը ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Գութանասար

 

Այս կիրակի ակումբը մեկնում է Կոտայքի մարզ՝ բարձրանալու հրաբխային ծագման Գութանասարը (2299 մ): Վերելքի ողջ ընթացքում կհիանանք կանաչ դաշտերով, երփներանգ ծաղիկներով, Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթաների, Արարատի եւ Արագածի հրաշք տեսարաններով: Արշավը սկսվելու եւ ավարտվելու է Ֆանտան գյուղում:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 510 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մայիսի 9-ից 11-ը ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

«Խարույկ» արշավական ակումբ. Քայլարշավ Պարզ լճից Գոշ

 

Մայիսի 11-ին ակումբն ուղեւորվում է Տավուշ մարզ՝ զբոսնելու Դիլիջանի անտառներով: Քայլարշավը սկսվելու է Պարզ լճից, որտեղից անտառային երթուղով հասնելու եք Գոշ գյուղ եւ շարունակելու ճանապարհը դեպի Գոշի լիճ։

Լուսանկարը` «Խարույկ»

Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 350 մ: Այն հարմար է սկսնակների համար:

 

Մանրամասները՝ հղումով:

 

«Ճանապարհորդ» արշավախումբ. Քայլարշավ դեպի Ծաղկունյաց լիճ

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Հայաստանի գեղեցիկ անկյուններից մեկը՝ Աղվերանի ձոր, որտեղից իրականացվելու է քայլարշավ դեպի Ծաղկունյաց լեռներում գտնվող նույնանուն լճակը: Սպասվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Դալար գետի ողջ հովիտը եւ Հանքավանի ձորը: Ճանապարհին կհիանաք նաեւ Ծաղկունյաց լեռների գեղեցկությամբ:

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Ծաղկունյաց լճակը տեղացիներն անվանում են նաեւ Նանայի լիճ: Այն ծովի մակարդակից 2420 մ բարձրության վրա է:  Երթուղու ընդհանուր երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

That Trail արշավական ակումբ. Շաղոտ ջրվեժ եւ Դիմաց լեռ

 

Այս կիրակի ակումբն ուղեւորվում է Տավուշի մարզ՝ տեսնելու այստեղի երկու «գեղեցկուհիներին»։ «Վիլիս» ամենագնացով մոտենալու եք Շաղոտ սեզոնային ջրվեժին, որտեղից էլ կքայլեք Դիմաց լեռան տպավորիչ գագաթ:

Լուսանկարը` That Trail

Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 400 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

My Hiking արշավական ակումբ. Վերելք Այրիքար լեռ

 

Մայիսի 11-ին ակումբը հրավիրում է բացահայտելու Այրիքարի կախարդական աշխարհը: Բովաքարի լեռների մաս կազմող այս հրաշալի գագաթի վերելքը սկսվելու եւ ավարտվելու է Դիլիջան քաղաքում: Գեղեցիկ, կանաչ արահետներով քայլելով՝ կհասնեք գագաթ, որտեղի ժայռերը մոգական են եւ աննկարագրելի տպավորիչ: Երթուղու երկարությունը 17 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1100 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին