ՊԵԿ. Ղրիմի կամրջի պայթյունի հետ կապվող բեռի զննությամբ ռիսկեր չեն հայտնաբերվել - Mediamax.am

3022 դիտում

ՊԵԿ. Ղրիմի կամրջի պայթյունի հետ կապվող բեռի զննությամբ ռիսկեր չեն հայտնաբերվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր մանրամասներ է ներկայացրել Ղրիմի կամրջի վրա պայթյունի հետ կապված հրապարակումների վերաբերյալ:

ՊԵԿ-ից հայտնել են, որ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին բեռնատարը կշռվել է, այնուհետեւ անցել ռենտգեն զննում, որի արդյունքում որեւէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:  

 

«Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտագրությունը: Ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել եւ մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:

 

Այս փուլից խնդրի առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ եւ հանձնվել է հայտարարատուի տնօրինության: Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։  

 

Նշվում է, որ ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

 

«Տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատարը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման եւ դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչեւ ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:

 

Տվյալ բեռի Հայաստան մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ եւ օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի եւ ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որեւէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին