STCC. Կամուրջ՝ գիտության, տեխնոլոգիաների, ներդրողների ու կառավարության միջեւ - Mediamax.am

4166 դիտում

STCC. Կամուրջ՝ գիտության, տեխնոլոգիաների, ներդրողների ու կառավարության միջեւ


Լուսանկարը` STCC

Անդրեա Վիկտորինը
Անդրեա Վիկտորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Իշխանյանը
Արթուր Իշխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Արզումանյանը
Աշոտ Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Քարտաշյանը
Դավիթ Քարտաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Թինտրուպը
Էրիկ Թինտրուպը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Մանթաշյանը
Գեւորգ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մադլեն Ռաուշենբերգերը
Մադլեն Ռաուշենբերգերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիլհելմ Հուգոն
Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` STCC


Երեւանում մեկնարկել է Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի ամենամյա համաժողովը (Science & Technology Convergence Conference - STCC):

 

Դրա նպատակն է քննարկման հարթակ ստեղծել գիտության, արդյունաբերության, տեխնոլոգիական ընկերությունների, կառավարության ու ներդրողների միջեւ:

 

STCC-ն անցկացվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորում է ԵՄ-ն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

 

«2020 եւ 2021 թվականներին ստիպված էինք չեղարկել համաժողովի անցկացումը կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի պատճառով», - STCC-ի բացմանն ասել է համաժողովի կազմակերպիչներից Catalyst-ի համահիմնադիր, SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

Աշոտ Արզումանյանը Աշոտ Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այժմ նույնպես բազմաթիվ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ենք ու չնայած՝ Հայաստանն այսօր աշխարհի մաս է կազմում առավել, քան նախկինում, ռազմական հակամարտության վտանգն օդում կախված է: Վերջին օրերին քննարկում էինք համաժողովի անցկացման հարցն ու եկանք եզրակացության՝ այն պետք է կայանա, քանի որ դժվարությունները մեզ մղում են կրկնապատկել ջանքերը», - ասել է Աշոտ Արզումանյանը:

 

Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ)՝ նշելով, որ այս կառույցները հետեւողականորեն աջակցում են հայկական էկոհամակարգին, ինչը շատ կարեւոր է Հայաստանն առավել առաջադեմ եւ ուժեղ դարձնելու համար:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն կարեւորել է նման հանդիպումներն ու դրանց միջոցով գործող ցանցի ձեւավորումը.

 

«Շատ հաճելի է, որ այսօր կարող ենք անձամբ՝ օֆլայն հանդիպել, շփվել, քննարկումներ անցկացնել: Ակնկալում ենք գիտական բանավեճերով ու գործնական լուծումներով լի օրեր»:

 

Համաժողովի բացմանը ներկա ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է, որ օրերս Հայաստանում հիշում էին 2020թ. պատերազմական իրադարձություններն ու հիմա էլ երկրում բարդ ժամանակներ են: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք կա՝ օգտագործել եղած բոլոր կարողություններն ու հնարավորությունները:

 

«Եթե կիսվեմ անձնական դիտարկումներով, երկրում շատ վախեր ու մտահոգություններ եմ նկատում, ինչը լիովին հասկանում եմ: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ այս իրավիճակից միայն մեկ ելք կա՝ կառուցել ընդհանուր ապագա՝ օգտագործելով եղած կարողություններն ու հնարավորությունները: Շատ ուրախ եմ, որ տեղի է ունենում գիտության ու տեխնոլոգիաների կոնվերգենցիային նվիրված այս համաժողովը: Աջակցելով դրան՝ ցանկանում ենք միավորել մարդկանց, նպաստել նորարարությանն ու կայուն տնտեսության զարգացմանը: Ակնհայտ է, որ Հայաստանի կարեւորագույն ռեսուրսներից մեկը տեխնոլոգիական լուծումների դաշտն է», - ասել է ԵՄ դեսպանը:

Անդրեա Վիկտորինը Անդրեա Վիկտորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ կայուն տնտեսության զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկը տարատեսակ ծրագրերում նաեւ մարզերն ընդգրկելն է:

 

«Հայաստանը տարբեր անկյուններ ունի, այդ իսկ պատճառով Եվրամիությունը, բոլոր գործընկերների հետ, այժմ գնում է դեպի երկրի հարավ՝ Սյունիք, այսպիսով, հստակ ընդգծելով մարզերին աջակցելու մեր հանձնառությունը», - ասել է Անդրեա Վիկտորինը:

Լուսանկարը` STCC

«Դահլիճում ես պաստառ եմ տեսնում, որի վրա գրված է՝ «capable, unstoppable, unbreakable» (կարողություն ունեցող, կանգ չառնող, չկոտրվող): Սա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ Հայաստանին», - ամփոփել է ԵՄ դեսպանը:

 

Այս պաստառը գրավել է նաեւ միջոցառմանը ներկա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանի ուշադրությունը:

 

«Համաժողովն անցկացվում է մեզ համար շատ դժվար օրերի, բայց միջոցառման կազմակերպիչները որոշել են կանգ չառնել, չփոխել օրն ու ամեն ինչ անել ըստ նախատեսվածի: Սա հենց այն երկու բառն է, որ գրված է պաստառի վրա՝ «unstoppable, unbreakable» (կանգ չառնող, չկոտրվող): Դժվարությունների դեպքում չհանձնվելը շատ կարեւոր է: Մենք պետք է ավելացնենք մեր ազգային մրցունակությունը», - ասել է նախարարի առաջին տեղակալը:

Գեւորգ Մանթաշյանը Գեւորգ Մանթաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր ելույթը սկսել է աջակցության խոսքերով.

 

«Հայաստանի համար այս դժվար ժամանակներում ցանկանում եմ ասել՝ մենք ձեզ հետ ենք»:

 

Նա նշել է, որ Հայաստանում է ընդամենը 4 շաբաթ եւ 6 ժամ, բայց արդեն կարող է կիսվել ստացած դրական տպավորություններով.

 

«Առաջին շաբաթն էի Հայաստանում: Մի կիրակի զբոսնում էի Երեւանի կենտրոնում ու Օպերայի շենքին հարակից հրապարակում մի քանի վրան նկատեցի: Դրանցում մարդիկ էին նստած, իսկ մեկ այլ խումբ կանգնած ինչ-որ բան էր պատմում ներկաներին: Պատկերը շատ նման էր դասախոսության: Քանի որ ելույթները հայերեն էին, չէի հասկանում դրանք, բայց որոշ բառերից գուշակեցի, որ խոսում են աստղագիտության, արեւային էներգետիկայի, արհեստական բանականության եւ այլնի մասին: Հիմա բոլորս գիտենք, որ սա «Սթարմուս» փառատոնի մաս էր կազմում, բայց այն ժամանակ ինքս ինձ ասացի՝ ուղղակի հրաշալի է, հայերը քաղաքային հրապարակում գիտական դասախոսություններ են լսում»:

Էրիկ Թինտրուպը Էրիկ Թինտրուպը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում նա նկատել է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարեւոր դեր ունեն հայ երիտասարդների համար.

 

«Ձեր երկիրը լի է երիտասարդ, պայծառ մարդկանցով, ունեք շատ լավ պատրաստված ակադեմիկոսներ: Հաջողության հասնելու բանալին կապն է, որ պետք է ստեղծել գիտնականների, ներդրողների, բիզնեսի, կառավարության ու միջազգային գործընկերների միջեւ: Սա հենց այն է, ինչ անում է այսօրվա համաժողովը»:

 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերն ասել է՝ շատ տպավորված է այն ժառանգությամբ, որ հայերն ունեն գիտության ու նորարարության ոլորտում.

Մադլեն Ռաուշենբերգերը Մադլեն Ռաուշենբերգերը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Օրինակ՝ Հովհաննես Ադամյանը, որը գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից է: Եթե հայերի հայտնագործությունների ու նորարարությունների ամբողջական ցուցակը թվենք, կարող են օրեր պահանջվել: Ես հույս ունեմ, որ այդ ցուցակը կլինի շարունակական ու դրան կնպաստի նաեւ նման համաժողովների անցկացումը: Աջակցելով STCC-ի իրականացմանը՝ հույս ունենք միավորել ճիշտ մարդկանց»:

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար, պրոֆեսոր Արթուր Իշխանյանն ասել է, որ հանրության շրջանում վերջին տարիներին տեղի են ունենում գիտության դերի բարձրացման վերաբերյալ արժեքավոր քննարկումներ, ինչը նպաստում է նաեւ կառավարության վերաբերմունքի փոփոխությանը գիտության ու գիտնականների հանդեպ: Արդյունքում, Գիտության պետական կոմիտեն մի քանի նոր նախագիծ է սկսել:

Արթուր Իշխանյանը Արթուր Իշխանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մարդկությունը դիմակայում է մի շարք գլոբալ խնդիրների, ինչպես օրինակ միջուկային սպառնալիքը, կլիմայի փոփոխությունը: Հայկական ակադեմիայի նպատակներից է, զարգացնելով մեր երկրի գիտությունը, այս խնդիրներին դիմակայելու համամարդկային ջանքերի մաս կազմել», - ասել է Արթուր Իշխանյանը:

 

EU4Bussines ITTD ծրագրի խորհրդատու Դավիթ Քարտաշյանը, ով նաեւ համաժողովի խոսնակներից է, ասել է, որ անցկացված նախորդ համաժողովն ունեցել է 800-ից ավելի մասնակից.

Դավիթ Քարտաշյանը Դավիթ Քարտաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս տարի սպասում ենք, որ մասնակիցների թիվը կանցնի 1000-ը: Ընդհանուր առմամբ, այս տարի STCC համաժողովի աշխատանքներին ներգրավված է 50-ից ավելի հետազոտական նախագիծ, ունենք 80-ից ավելի խոսնակ: Սա շատ լավ հնարավորություն է գիտության ու բիզնեսի միջեւ կապն ամրապնդելու համար: Առանց դրա հնարավոր չէ ունենալ զարգացած բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, իսկ որպես արդյունք՝ հզոր տնտեսություն եւ ուժեղ պետություն»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին