Օրհնության արարողություն՝ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում - Mediamax.am

2038 դիտում

Օրհնության արարողություն՝ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում



Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերի տեղադրման եւ օրհնության արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Դիլիջան համայնքի բնակիչները: Արարողությունն անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ եւ գլխավորությամբ:

 

Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի եւ «ԱՆԻ» հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնության կողմից՝ Դիլիջանի քաղաքապետարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ:  

 

Շուրջ 80 տարի է, ինչ Դիլիջանը չունի սեփական եկեղեցի եւ այսօր կրոնական ծառայություններն իրականացվում են Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում: Նոր եկեղեցու կառուցման շնորհիվ հոգեւոր ծիսակատարություններին Դիլիջանում կկարողանա մասնակցել միաժամանակ 300-ից ավելի մարդ: Նախատեսվում է ունենալ նաեւ կիրակնօրյա դպրոց:

 

«Դիլիջան համայնքում սեփական եկեղեցի ունենալու ցանկությունը բխել է հենց դիլիջանցիներից: Ուստի՝ եկեղեցու կառուցման ծրագրում մենք փորձում ենք հնարավորինս շատ ներգրավել համայնքի բնակիչներին, որպեսզի իրենք էլ իրենց ներդրումն ու աջակցությունը ցուցաբերեն եկեղեցու կառուցման գործընթացում: Նպատակ ունենալով Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական եւ զբոսաշրջային կենտրոն՝ եկեղեցին դառնալու է Դիլիջան համայնքում իրականացված մեր հաջողակ ծրագրերից մեկը»,- ասել է ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը:

 

2019 թ. հոկտեմբերի 18-ին տեղի էր ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, իսկ այս տարի մեկնարկել են եկեղեցու բուն շինարարական աշխատանքները. արդեն կառուցվել են եկեղեցու հիմնասյուներն ու հիմնական հրապարակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին