2020 թվականի փետրվարի 13-ին աշխարհահռչակ երաժիշտ Փիթեր Գեբրիելը դարձավ 70 տարեկան: Նա արդեն 10 տարի հանդիսանում է մեր հայրենակից, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հիմնադրած STARMUS փառատոնի խորհրդի անդամ եւ Գարիկին խնդրեցի պատմել անվանի երաժշտի մասին:
«Փիթեր Գեբրիելին դժվար է նկարագրել մի քանի նախադասությամբ, քանի որ նա մի մարդ է, ում արվեստը մշտապես լի է հեղափոխական գաղափարներով», - ասում է Գարիկ Իսրայելյանը:
Պատմում է, որ երաժշտի հետ առաջին անգամ հանդիպել է 2005 թվականի հունիսին, նորվեգական Տրոմսյո քաղաքում Նելսոն Մանդելայի հիմնադրամի կազմակերպած նվիրված 46664 համերգի ժամանակ:
Լուսանկարը` REUTERS
«Համերգի ժամանակ իմ նախաձեռնությամբ Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը պետք է միասին ելույթ ունենային: Այնտեղ էր նաեւ Փիթեր Գեբրիելը: Նրան խնդրեցի բեմ դուրս գալ եւ ստեղնային գործիքով մասնակցել Ջիվան Գասպարյանի եւ Բրայան Մեյի ելույթին:
Նա ասաց, որ շատ դժվար է առանց փորձի նման բան անել միանգամից բեմում: Բայց ես շատ խնդրեցի, եւ նա ի վերջո համաձայնեց: Համերգից հետո Led Zeppelin-ի երգիչ Ռոբերտ Պլանտն ինձ ասաց, որ հոյակապ կատարում էր», - հիշում է Գարիկ Իսրայելյանը:
Այդ համերգից մի քանի տարի անց Գարիկը Փիթեր Գեբրիելին հրավիրեց Հայաստան:
Երեւանում նա ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդում եւ ասաց, որ ամոթալի է համարում այն փաստը, որ իր երկիրը՝ Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, պատմում է Գարիկը:
Լուսանկարը` Starmus/Max Alexander
Խոսելով STARMUS-ի շրջանակում իրենց համատեղ աշխատանքի մասին, հայ գիտնականն ասում է, որ Փիթեր Գեբրիելը շատ է գնահատում գիտությունը եւ քաջ հասկանում է, որ առանց գիտության մարդկության խնդիրները չեն լուծվելու:
«Մենք հաճախ ենք հանդիպում եւ խոսում մարդկության առջեւ ծառացած խնդիրների, գիտության եւ երաժշտության էվոլյուցիայի մասին, եւ այդ 2-3 ժամն շատ արագ են թռչում: Նրա հետ շփվելիս հասկանում ես, որ հարաբերականության տեսությունը ստուգելու համար անպայման չէ լույսի արագությամբ շարժվել. կարելի է գտնվել Փիթեր Գեբրիելի նման մարդկանց հզոր գրավիտացիոն դաշտում եւ ժամանակը ուրիշ ընթացք կստանա», - եզրափակում է Գարիկ Իսրայելյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: