Գարիկ Իսրայելյան. Երեւանի STARMUS-ը պետք է գերազանցի նախորդներին - Mediamax.am

exclusive
13657 դիտում

Գարիկ Իսրայելյան. Երեւանի STARMUS-ը պետք է գերազանցի նախորդներին


Գարիկ Իսրայելյանը, Բրայան Մեյը եւ ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինը Ցյուրիխում 2019թ. հունիսին
Գարիկ Իսրայելյանը, Բրայան Մեյը եւ ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինը Ցյուրիխում 2019թ. հունիսին

Լուսանկարը` Getty Images

Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները
Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները

Լուսանկարը` Getty Images

Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները
Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները

Լուսանկարը` Getty Images


Գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի մասին գրելիս միջազգային մամուլը գովասանքի խոսքեր չի ափսոսում: The Sun պարբերականն այն անվանել է «ոչ այս աշխարհի փառատոն», Bloomberg-ը STARMUS-ն կոչել է «Ամենաանհնար գիտական փառատոնը պատմության ընթացքում», իսկ Forbes-ը՝ «Աշխարհի ամենագրավիչ գիտական փառատոն»:

 

Հունվարի 13-ից 17-ը Երեւանում էր աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ եւ հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը: 

 

2019 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ հերթական STARMUS փառատոնը Երեւանում անցկացնելու նախաձեռնությամբ, եւ Գարիկ Իսրայելյանը քննարկումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, այլ պաշտոնյաների հետ:

 

Վարչապետը նշել էր, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի եւ բարձր մակարդակով անցկացմանը: 

STARMUS-ը գալու է Հայաստան՝ նոր բաղադրիչով եւ ոգով

Մեդիամաքսը զրուցել է Գարիկ Իսրայելյանի հետ՝ խնդրելով ամփոփել այցի արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Ժամկետները

 

Վարչապետի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք այն մասին, որ կառավարությունը հանդես կգա որպես փառատոնի գլխավոր աջակից: Տարբեր քաղաքներում ենք STARMUS անցկացրել եւ հյուրընկալող պետությունը միշտ եղել է կարեւոր հովանավոր եւ աջակցել է տարբեր հարցերում:

 

Մենք արդեն ունենք մի քանի կոմերցիոն հովանավոր, բայց միեւնույն է, պետության մասնակցությունը շատ կարեւոր է: Ոչ միայն միջոցների, այլեւ երկրի համար փառատոնի կարեւորությունը հավաստելու առումով:

 

Այս պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո փառատոնի խորհրդի անդամները պետք է հնարավորինս սեղմ ժամկետում որոշում կայացնեն Հայաստանում STARMUS-ի անցկացման ժամկետի վերաբերյալ: 

Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները

Լուսանկարը` Getty Images

Դիտարկում ենք երկու տարբերակ՝ 2020 թվականի հոկտեմբերի սկիզբ եւ 2021 թվականի մայիս կամ հունիս: Ժամկետի ֆիքսում շատ կարեւոր է ոչ միայն կազմակերպչական աշխատանքների պատշաճ կազմակերպման, այլեւ մասնակիցներին հրավիրելու տեսանկյունից: Մենք հրավիրելու ենք առնվազն 10 Նոբելյան մրցանակակիրների, IT-ոլորտի հզոր դեմքերի, տիեզերագնացների, երաժիշտների եւ արվեստագետների: Շատերի հետ խոսել եմ, ստացել եմ նախնական համաձայնությունը, բայց հիմա պետք է հստակություն մտցնենք:

 

2020-ի փառատոնի թեման կարող է լինել «Խաղաղությունը տիեզերքում»՝ նվիրված «Սոյուզ-Ապոլոն»-ի 45-ամյակին, եւ այդ դեպքում կհրավիրենք ռուսաստանցի եւ ամերիկացի տիեզերագնացներին, որոնք ծրագրի մասնակից են եղել: 2021 թվականի թեմայի հետ կապված շատ հետաքրքիր մտահղացում ունենք, որը դեռ քննարկման փուլում է:

 

STARMUS-ը պետք է շատ սերտ համագործակցի Երեւանի քաղաքապետարանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ, իսկ ՀՀ նախագահն ու վարչապետը կօգնեն, որպեսզի փառատոնը դառնա տարածաշրջանի ամենահզոր իրադարձությունը: 

 

Որակը եւ ձեւաչափը

 

Ինձ համար սկզբունքային է, որ STARMUS-ը Հայաստանում պետք է անցնի ոչ միայն նույն, այլեւ ավելի բարձ մակարդակով, քան եղել է Իսպանիայում, Նորվեգիայում կամ Շվեյցարիայում: Ասեմ ավելին, չեմ կասկածում, որ հայաստանյան STARMUS-ը կզարմացնի ամբողջ աշխարհին եւ պատմության մեջ կմնա որպես «փառատոնների փառատոն»: Մենք դա կարող ենք անել, գիտենք, թե ինչ քայլերով դրան կարելի է հասնել: 

Կարեւոր է հասկանալ, որ STARMUS-ը գլոբալ փառատոն է, եւ մարդիկ տարբեր երկրներից գալու են եւ մասնակցեն այնպես, ինչպես մասնակցել են, օրինակ, Ցյուրիխում:

 

Ընդ որում, ուզում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար տոմսերն անհամեմատ ավելի էժան լինեն, քան լինում է այլ երկրներում: Սա նշանակում է, որ եթե սովորաբար տոմսերի վաճառքի շնորհիվ կարողանում ենք ինչ-որ ծախսեր փակել, հայաստանյան փառատոնի դեպքում այդպես չի ստացվի:

Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները Գարիկ Իսրայելյանը եւ 2019թ. հունիսին Ցյուրիխում կայացաշ STARMUS փառատոնի մասնակիցները

Լուսանկարը` Getty Images

Ի տարբերություն շատ կոնֆերանսների եւ համաժողովների, որոնք վաղ առավոտյան են մեկնարկում, STARMUS-ի աշխատանքային ժամերն են 14:00-ից 18:00-ը՝ մեկժամյա ընդմիջմամբ: Ելույթները տեւում են 10-15 րոպե: Պարտադիր ունենում ենք հումորիստներ, որոնք «մասնագիտացած են» հենց գիտության ոլորտում: Մի քանի լուրջ ելույթներից հետո հումորիստի բեմ դուրս գալը շատ լավ լիցքաթափում է դահլիճը:

 

Այս ամենը հյուրերին հնարավորություն է տալիս իրենց ավելի անկաշկանդ զգալ, ազատ տնօրինել առավոտյան եւ երեկոյան ժամերը:

 

City programme

 

Շատ ենք ուզում Հայաստանում անել այն, ինչ արեցինք Նորվեգիայում՝ այսպես կոչված City Programme: Փառատոնը բացում է իր դռները եւ մեկ շաբաթվա ընթացքում հյուրերի մասնակցությամբ տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ ամենատարբեր ձեւաչափերով: Նոբելյան մրցանակակիրները, տիեզերագնացները, երաժիշտները գնում են դպրոցներ ու համալսարաններ, քաղաքի կենտրոնում ստեղծվում է «Գիտական ավան», որտեղ տարբեր տաղավարներում կարելի է ծանոթանալ ռոբոտներին, տարբեր գիտական փորձերի մասնակցել, պարզապես շփվել գիտնականների հետ: Ավանում նաեւ համերգներ են տեղի ունենում, գրքեր են վաճառվում, ֆիլմեր են ցուցադրվում: 

 

Նորվեգիայում City Programme-ին մասնակցեց 50 հազար մարդ, ողջ քաղաքը շնչում էր դրանով: Ցանկանում եմ, որ նույնը լինի նաեւ Երեւանում:

 

Գրի առավ Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին