Ավելի քան 30 նորածին ապօրինի որդեգրվել է արտասահմանցիների կողմից - Mediamax.am

7213 դիտում

Ավելի քան 30 նորածին ապօրինի որդեգրվել է արտասահմանցիների կողմից


Լուսանկարը` amazonaws.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաեւ մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից:

«Մանկաբարձական հաստատության կարգադրիչ եւ այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու եւ սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով,  տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:  

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին