Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում:
Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի եւ համայնքի առաջնորդների հետ:
Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն եւ Չո Լա Աունը: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Սուրբ Աթոռի պետքարտուղար Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները խնդրեցին Նորին Սրբության օրհնությունը: Նախաձեռնությունը շարունակում է ջանքեր գործադրել աշխարհի տարբեր անկյուններում ամենախոցելի եւ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում աղքատությունը կրճատելու, առողջապահությունը բարելավելու եւ կրթություն ապահովելու ուղղությամբ: Պատվիրակությունը ներկայացրել է նաեւ #AraratChallenge շարժումը, որի նպատակն է ոգեշնչել մարդկանց՝ ներկայացնելու երախտագիտության սեփական պատմությունը, կատարելով նվիրատվություն եւ մաս կազմելով մարդասիրական շարժման:
«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ Նորին Սրբության հատուկ օրհնությունը: Առաջնորդվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու եւ դրա ազդեցությունն առավելագույնի հասցնելու հանձնառությամբ՝ կարեւոր է, որպեսզի մենք սերտ հարաբերություններ կառուցենք հոգեւոր, կառավարական, մասնավոր հատվածների եւ մշակույթի ականավոր դեմքերի հետ աշխարհի տարբեր անկյուններում: Այսօր Վատիկանում կայացած հանդիպումը մեզ թույլ է տալիս ընդգծել «Ավրորա» նախաձեռնության կարեւորագույն գործունեությունն ու անհրաժեշտությունն ավելի մեծ աջակցության, քանի որ մենք ընդլայնում ենք մեր ջանքերը երկարաժամկետ նպատակներով»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի եւ Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ հանդիպումները լավ առիթ էին՝ ամփոփելու արածը եւ վերագնահատելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու համաշխարհային ազդեցությունը: Այնուամենայնիվ, մեր գործը դեռ նոր է սկսվել: Այս ամիս Երեւանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումին մենք կքննարկենք համաշխարհային մարտահրավերները՝ փորձելով գտնել լուծումներ»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան ավելացրել է.
«2017-ին միանալով «Ավրորայի» համայնքին՝ ինձ համար պատիվ է անձամբ հետեւել այն անհավանական աշխատանքին, որն անում է մեր նախաձեռնությունն ամբողջ աշխարհում: Որպես կաթոլիկ միսիոներ՝ մեծ պատիվ էր այս այցի շրջանակում հանդիպել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Աննկարագրելի հուզված եմ: Միայն համաշխարհային մտքի առաջնորդների եւ փորձագետների հետ համագործակցության, ինչպես նաեւ առաջնագծում աշխատող անհատների եւ կազմակերպությունների աջակցության շնորհիվ է հնարավոր շարունակել մեր աշխատանքը երկարաժամկետ ապագայում»։
Եվս երկու շաբաթ եւ հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: